Ս. Գրիգոր Տաթևացի, Աստծո Սուրբ Հոգու մասին՝ ընդդեմ Մակեդոնի. Գլուխ ԺԲ.

Գրիգոր ՏաթևացիԻնչպես Գրիգոր Աստվածաբանն է գրում Սուրբ Հոգու մասին իր խոսքում, Սուրբ Հոգու աստվածության վերաբերյալ շատերը զանազան կերպով մոլորվեցին: Բայց սրանք թողնելով մեկ այլ առիթի՝ միայն երկուսը վերցնենք. նախ՝ Մակեդոնի* հայհոյող խոսքը, որ Սուրբ Հոգին արարած և սպասավոր էր անվանում, և ապա նրանց մոլորությունը, ովքեր ասում են, թե Հոգու բխումը [կատարվում է] Հորից և Որդուց:

Տեսնենք նախ Մակեդոնին և նրա նման մտածողներին: [Նրանք] աստիճանավորում են Երրորդությունը, և անվանում՝ արարիչ, գործակից, սպասավոր, և ըստ անունների, նրանց շնորհներ պատշաճեցնում. Ասում են մեկն արարիչ է՝ զորությամբ և անսահման բնությամբ, մյուսը գործակից է՝ անսահման զորությամբ, որովհետև պնդում են, [որ նա նրան] գործակից է և բնությամբ սահմանավոր, քանզի ասում են, թե արարած է, իսկ [երրորդը] սահմանավոր է և՛ զորությամբ, և՛ բնությամբ, որովհետև ասում են, թե արարած է, սպասավոր է և՝ ծառա: Եվ իրենց խոսքերը հաստատում են Սուրբ Գրքի վկայություններով. նախ [այն, որ] հարմար չէ աստծուն աղոթել և բարեխոս [համարել], նաև՝ Որդուն՝ մարդեղության [պատճառով]: Պողոսը ևս Հռոմեացիներին [հղած թղթում] ասում է. «Սուրբ Հոգին բարեխոս է լինում անմռունչ հեծությամբ» (Հռոմ. 8.26): Արդ, այժմ նրանց հակաճառությանը պատասխանենք և հետո Սուրբ Հոգին և Որդու հետ ընդունենք [որպես] ճշմարիտ Աստված:

Առաջին՝ բարեխոսելը հետևյալ կերպ է մեկնաբանում Հովհան Ոսկեբերանը. [Սուրբ Հոգին մկրտության] ավազանով վերստին ծնվածներին ըստ շնորհաց չափի է արժանի դարձնում իմաստության, բացատրելու [կարողության] և այլն: Այսպես, մեկը շնորհք ընդունում է աղոթելու համար, որպեսզի ուրիշները ևս նրանից աղոթել սովորեն: Սրա օրինակն այժմ մեզ սարկավագն է տալիս, նրան հոգի ենք կոչում հոգևորապես խոսելու պատճառով: Մինչդեռ ուրիշներ հրեշտակի հոգին են հոգի անվանում, որը տրված է մեզ պահպանելու համար, որովհետև նա առաջնորդում է մեզ դեպի բարին և մեր աղոթքները մատուցում Աստծուն, որի մասին Տովբիթի մեջ ասվում է. «Երբ աղոթքի կանգնես, և քո անունը Սառա [կլինի], ես ձեր աղոթքները կմատուցեմ Սրբի առաջ» (Տովբ. 12.12):

Սուրբ Հոգի

Նույն Հոգին նաև մխիթարիչ է: Այս խոսքը ուղղակիորեն է [վկայված] (տե՛ս Հովհ. 14.16, 26, 15.26, 16.7): Սուրբ Գրքի սովորությունն է Աստծո [անվանն] ընծայել այն, ինչ [նա] կատարում է մարդկանց մեջ. Ինչպես [օրինակ]՝ Աբրահամին ասում է. «Այժմ իմացա, թե դու Աստծո [նկատմամբ] երկյուղած ես» (Ծննդ. 22.12), այսինքն՝ այժմ մարդկանց կասեմ քո երկյուղածության [մասին]: Այդպես է նաև Հոգու բարեխոսելը. որովհետև նա ինքը ծագում է մեր սրտում՝ աղոթքի մեջ բարեխոս լինելու, այսինքն՝ խնդրելու այն, ինչ Աստծո փառքի համար է:

Երկրորդ առարկություն. փոքրն է առաքվում մեծի կողմից. Որդին ասում է. «Երբ կգա մխիթարիչ Սուրբ Հոգին, որ առաքեց Հայրն իմ անունով» (Հովհ. 14.26): Այս մասին ասենք [հետևյալը]. ասվում է, թե Որդին առաքված է Հորից և Հոգուց, ըստ այս խոսքի. «Տերը Տերը և Նրա Հոգին առաքեց ինձ» (Եսայի 48.16): Բայց այս ոչ թե փոքրության, այլ նրանց կամքի միության պատճառով է: Նաև Հոգու առաքումը ոչ թե նվազությունը, այլ Հոր և Որդու հետ [նրա] համակամությունն է ցույց տալիս:

Երրորդ առարկություն. շարժվելը ստեղծվածներին է [հատուկ]. [և իրապես] Ծննդոց [գրքում] ասվում է. «Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա» (Ծննդ. 1.2): Նաև Հովելը ասում է. «Իմ Հոգուց եմ հեղելու բոլոր մարմինների վրա» (Հովել 2.28): Սրա վերաբերյալ ասենք, որ ոմանք Աստծո Հոգի են համարում օդը, որի բնական տեղը ջրերի վրա է: Դարձյալ, շարժումը վերաբերում է ոչ միայն Սուրբ Հոգուն, այլև՝ Հորը և Որդուն, համաձայն այն խոսքի. «Դրախտի մեջ լսեցին Տեր Աստծո ոտնաձայնը» (Ծննդ. 3.8): Նաև՝ «Իջնեմ և տեսնեմ թե [ինձ հասած] աղաղակի պես արեցին» (Ծննդ. 18.21): Այսպիսով, այս շարժումները ցույց չեն տալիս, որ Աստված ստեղծված է, ուրեմն նաև՝ Սուրբ Հոգին: Իսկ Հովելի խոսքում [«Իմ Հոգուց եմ հեղելու»] հեղումը ոչ այլ ինչ է, բայց թե առաքումն, որը ցույց է տալիս մեկի կողմից շատերի վրա Հոգու շնորհների ծավալումը:

Չորրորդ առարկություն. տրտմությունը կիրք է և չի կարող Աստված լինել. և, իրապես, Եփեսացիներին [հղած թղթում] ասվում է. «Մի տրտմեցրեք Սուրբ Հոգին» (Եփես. 4.30): Այս մասին [նաև] մարգարեն է ասում. «Տերը տրտմությամբ բարկացավ ժողովրդի վրա» (Եսայի 5.25): Սակայն այս չի նշանակում, թե Աստված կիրք ունի, այլ՝ դա հանցավոր գործերի պատիժն էր: Այդպես է նաև [Սուրբ] Հոգու տրտմությունը. ինչպես տրտմողն է հեռանում տրտմեցնողից, այդպես էլ Սուրբ Հոգին է հեռանում մեղավորից:

Հինգերորդ առարկություն. եթե Սուրբ Հոգին բնությունը ստանում է Հորից, ապա [նա] նրա որդին է, որովհետև այն է անվանվում որդի, որն ունի հոր նույնատեսակ բնությունը: Իսկ նա, որ չունի Հայր Աստծո բնությունը, ուրեմն Աստված չէ: Այս մասին ասենք [հետևյալը]. Հորից է Հոգու բնությունը, սակայն ոչ թե ծնունդով՝ ինչպես Որդին, այլ՝ բխումով. [այնպես] ինչպես շունչն ու խոսքը հոգու մինևնույն էությունն ունեն զանազան կերպով: Եվ ինչպես Ադամից առաջացան Սեթն ու Եվան, որոնցից մեկը ծնունդ է և մյուսը՝ ոչ ծնունդ, և երեքն էլ մարդու միևնույն բնությունն ունեն, այդպես էլ Սուրբ Հոգին Հորից հավիտենական բխումով առավ [նրա] էությունը, իսկ Որդին՝ [հավիտենական] ծնունդով: Ուրեմն՝ [Սուրբ Հոգին] Հոր և Որդու հետ հավասարապես Աստված է, որ արարչակից և մշտնջենավորակից, գոյակից և փառակից է [նրանց]:

Սրանք և սրանց նմաններն են չարախոս Մակեդոնի վկայություններն ու [դրանց արված] ուղղափառների պատասխանները:

[Այն,] որ Սուրբ Հոգին ճշմարիտ Աստված է

Այն, որ Սուրբ Հոգին Աստված է, փորձենք [հաստատել] Սուրբ Գրքի վկայություններով.

նախ՝ Աստծո պաշտամունքը միայն Աստծուն է պատշաճում ըստ այն խոսքի, թե՝ «Քո Տիրոջը երկրպագես և միայն նրան պաշտես» (Բ. Օր. 6.13): Այլև Փիլիպեցիներին [հղած թղթում] Պողոսն ասում է. «Մենք իսկ թլփատությունն ենք, որ պաշտում ենք Աստծո Հոգին» (Փիլիպ. 3.3):

Երկրորդ՝ մեռելներին հարություն պարգևել միայն Աստծուն է պատշաճում, որի շնորհիվ Որդին իրեն հավասարեցրեց Հայր Աստծուն, ասելով. «Ինչպես Հայրն է հարություն տալիս մեռելներին, այնպես էլ Որդին» (Հովհ. 5.21): Եվ Հռոմեացիներին հղած թղթում ասվում է. «Նրա Հոգին, որ մեռելներից հարություն պարգևեց Հիսուսին, կկենդանացնի ձեր մահկանացու մարմինները» (Հռոմ. 8.11):

Երրորդ՝ արարածներից և ոչ մեկը չի կարող քննել աստվածային խորքերը, ըստ այն խոսքի թե՝ «Ոչ ոք չգիտի Հորը, եթե ոչ Որդին, որ Աստված է» (Մարկ. 13.32): Ավելին՝ Կորնթացիներին [հղած թղթում] Պողոսն ասում է. «Հոգին է, որ քննում է ամենայն ինչ ու [նաև]՝ աստվածային խորքերը» (Ա. Կորնթ. 2.10):

Չորրորդ՝ ամեն տեղ լինելը միայն Աստծուն է հատուկ. «Ես եմ լցնում երկինքն ու երկիրը, ասում է ամենակալ Տերը» (Ամովս 3.13): Այլև [Սողոմոնի] Իմաստության մեջ ասվում է. «Որովհետև Տիրոջ Հոգին լցրեց Տիեզերքը» (Երեմ. 23.24):

Հինգերորդ՝ Պետրոսը Անանիային ասում է. «Ինչո՞ւ սատանան քո սիրտը լցրեց՝ խաբելու Սուրբ Հոգին» (Գործք 5.3): Եվ հետո ասում է «Մարդկանց չարեցիր, այլ՝ Աստծուն» (Գործք 5.4): Ուրեմն Սուրբ Հոգին Աստված է: Սակայն թերևս Մակեդոնը ասի, թե վերը ասվածները հարմարվում են Հոգուն, ոչ որպես Աստծո, այլ՝ սպասավորի: Որ սա բացահայտորեն սուտ է, երևում է Պողոսի՝ Կորնթացիներին հղած թղթից. «Պարգևները զանազան են, բայց տվողը նույն Հոգին է: [Նաև] զանազան են սպասավորությունները, բայց նույն Տերն է տալիս: [Նույնպես] զանազան են հաջողությունները, բայց նույն Աստված է, որ հաջողություն է [պարգևում] բոլորին ամեն ինչում»: Եվ հետո ասում է. «Այս բոլորը հաջողեցնում է նույն Հոգին, և բաժանում յուրաքանչյուրին, ինչպես կամենում է» (Ա. Կոր. 12.4-7, 11): Այսքանն ընդդեմ հոգեմարտ Մակեդոնի: 

* Եղել է Կոստանդնուպոլսի պատրիարք։ Նրա ուսմունքը դատապարտվել է 381 թ. Կոստանդնուպոսլում գումարված 2-րդ տիեզերական ժողովում։

Աղբյուրը՝ Ս. Գրիգոր Տաթևացի, «Ոսկեփորիկ»

Կարդացե՛ք նաև Հայ եկեղեցին՝ «մոնոֆիզի՞տ»

Posted on June 19, 2013, in Նշանավոր գործիչներ, Աստվածաբանություն and tagged , , , , , , , . Bookmark the permalink. 2 Comments.

Leave a comment