Blog Archives

Երջանկահիշատակ Գարեգին Ա. հայրապետը՝ Մեծ Պահքի մասին

 

559786_393543510720167_1400808843_nՍտորև ներկայացնում ենք երջանկահիշատակ Գարեգին Ա. կաթողիկոսի՝ Մեծ Պահքի մասին տարբեր առիթներով ասված խոսքերից:

  • Մեծ Պահքի քառասնօրյա շրջանը միայն որոշ տեսակի կերակուրներից հրաժարվելու շրջան չէ, այլ ներքին հոգեկան վերափոխության, ինքնարդարացումի, ինքնասրբագրման, ինքնաբյուրեղացման մի սքանչելի առիթ: Բոլոր շարականները, աղոթքները մեր Եկեղեցում մարդուն ուղղում են դեպի իր ներքին աշխարհը: Մենք առհասարակ մեր սովորական կյանքում բացվում ենք դեպի ուրիշը, դեպի արտաքին աշխարհը: Քիչ անգամ առիթ ենք ունենում մենք մեզ հետ զրույցի նստելու:

Read the rest of this entry

Գարեգին Ա. կաթողիկոսը Սուրբ Վարդանանց մասին

Ստորև ներկայացնում ենք երջանկահիշատակ Գարեգին Ա. Սարգիսյան Ամենայն Հայոց կաթողիկոսի մտքերից՝ ասված տարբեր առիթներով Վարդանանց հերոսների, նրանց սխրանքի մասին.

295308_417938214947363_1093563981_n

  • Հայութիւնն է, որ կը շարունակէ իր յաղթանակի ճամբան Աւարայրի դաշտով մինչև հոս, ուր Աւարայրի անունն անգամ այնպէս օտար է ու անծանօթ, ինչպէս խաւարին մէջ յանկարծ անսպասելիօրէն փայլատակող լոյս, երկնաձայն փայլակ:

Read the rest of this entry

Գարեգին Ա. – ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՍԻՆ

Գարեգին Ա, Եկեղեցու մասին

Եկեղեցին, որպէս ոգի, որպէս Քրիստոսով իրագործուած միասնութիւն և անով կերպաւորուած կարգաձև՝ կեդրոնական, կենսական, որոշադրիչ տեղ, դիրք և դեր ունի եկեղեցական անունը կրող անձին և անոր կեանքին մէջ։

Քրիստոսի հաւատքի ոյժը ծնունդ կու տայ նիւթականօրէն մետաղաշէն ու փայտաշէն, բայց հոգևորապէս հաւատաշէն եկեղեցիներու։

Հայաստանեայց եկեղեցին երբեմն առանց հողի ու քարի կարողացաւ մեզ պահել երկար դարեր ու կարող է մեզ յաւերժացնել, երբ գիտնանք մեր ոտները ամրապէս կռուանել այդ գետնի վրայ իբրեւ մեր գոյութեան խորարմատ եւ հաստատախարիսխ պատուանդանի։

Եկեղեցին համահաւաքոյթն է, միասնականութիւնն է բոլոր անոնց, որոնք կը հաւատան ի Քրիստոս, հայօրէն, Լուսաւորչօրէն, Մեսրոպաբար, Վարդանաբար։

Օտար եկեղեցիներ չկարողացան խափանել և խախտել Հայաստանեայց եկեղեցու վճիտ հաւատքը Հայաստանում առաքեալներով քարոզուած և Լուսաւորչով կնքուած ու մեր սուրբ հայրերի հոգեշէն քարոզութեամբ ծաղկած։

Տե՛ս նաև Գարեգին Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց, ԳՐՔԻ ՄԱՍԻՆ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց. տեսանյութ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Ա. Կաթողիկոս Ամենայն  Հայոց

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Գարեգին Ա. կաթողիկոս. ԳՐՔԻ ՄԱՍԻՆ

1368848_573158086063627_94921022_n

Գիրքը մարդուն միտքի, սիրտի, հոգիի, կամքի, տեսիլքի, ձգտումի ապրումներուն որպէս թելադրաձայն խորհրդանիշ, աղեղի նետի պէս կը պատռէր մագաղաթն ու թուղթը և յաւերժութեան հորիզոն կը բանար մարդու աչքերուն դիմաց։

*     *     *     *     *     *

Գիրքը պիտի չըլլար առանց մարդուն։ Սա յստակ է. Լաբալիսեան ճշմարտութիւն։ Բայց ի՞նչ պիտի ըլլար մարդը առանց գիրքին…

Գիրքը մարդուն հոգեմտաւոր աշխարհին արտացոլումն է։

Գիրքը՝ զգացումներու բխումը, գիրի հունով հոսող։

Գիրքը՝ մտածումներու մարմնացումը. գիրի տարազով հանդերձուող։

Գիրքը՝ մարդու շարունակական ինքնակերտումի ամէնէն կարեւոր ազդակը։

Գիրքը՝ քաղաքակրթութեան տարածման եւ զարգացման անիւը։ Ի՞նչ պիտի ըլլար բնութիւնը առանց լոյսին։ Խաւար է աշխարհը առանց գիրքի։ Խոպան է մարդկային կեանքի հողը առանց գիրքի ակոսումին։

Ն. Ս. Օ. Տ. Տ. ԳԱՐԵԳԻՆ Ա Կաթողիկոս Ամենայն Հայոց «Հայ մարդը հայ գիրքին դիմաց»

Տե՛ս նաև  Գարեգին Ա. 3 միտք լեզվի մասին

Գարեգին Ա. «ՄԱՇՏՈՑԱՇՈՒՆՉ» (հատվածներ)

Gospel of Gladzor, 1025

Ձեռագրի թերթը՝ Գլաձորի Ավետարանից

Հայուն կեանքն ալ անապատ էր…
Ո՞ւր էր Մովսէսը հայուն:
Հայուն Մովսէսը ծնաւ Տարօնի մէջ եւ առաւ նոր անուն`
– Մեսրոպ Մաշտոց:
Մեսրոպ ալ երկար թափառելէ ետք հայոց անապատացեալ եւ նոր փարաւոններէ սպառնացուած աշխարհին մէջ, վերջապէս, նոր Սինայի բարձունքի իր որոնումին մէջ հասեր էր Ասորիք` Եդեսիա, Ամիդ, Սամուսատ. Աստուած մօտեցեր էր իրեն եւ իր աչքերուն մէջ երկնքի աստղերու լոյսով ձեւաւորեր էր Հայոց Գիրը, հայուն նոր Տասնաբանեան:

Ս. Մեսրոպի ճգնարա՜նը։
Սինայի գագաթ հայոց պատմութեան, մշուշին մէջ աստուածային խորհուրդին։
Ու Թաբոր լեռ, ուր Քրիստոսի հետ այցի եկան Իրեն բոլոր Եղիաները ու բոլոր Մովսէսները մեր պատմութեան։
Աստուածամարդկային այդ աշխարհին մէջ երկնուեցաւ խորհուրդն ահեղ մեր պատմութեան յաւերժութեան։

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս,

«Մաշտոցաշունչ»

Երջանկահիշատակ ԳԱՐԵԳԻՆ Ա. կաթողիկոսը իր ծնողների մասին

Գարեգին Ա, Ջիովաննի ԳուայտաՀայրս ինձ պարգևել է արժանապատվության, շիտակության, բարոյական սկզբունքներին և հայրենիքին հավատարիմ լինելու զգացում: Նա ինքն իրեն նվիրել էր Հայաստանի անկախության շարժման գործին, դեռևս պատանի՝ մասնակցել էր թուրքերի դեմ ուղղված ազատագրական պայքարին: Նա մեզ համար օրինակելի տիպար էր: Մայրս նվիրված էր ընտանիքին, մեզ: Նրա տածած սերը մեր նկատմամբ, հոգատարությունը տան հանդեպ կատարյալ էին: Իր մոր նման նա շատ բարեպաշտ էր և ամեն օր, առավոտյան և երեկոյան, մեզ եկեղեցի էր ուղարկում: Նա ինձ սովորեցրել է բարություն և մեծահոգություն, այնպիսի հատկություններ, որոնք օգնում են երբեք վատը չմտածել ուրիշների մասին: Իհարկե, որպես երեխաներ, աշխարհի բոլոր երեխաների նման, մենք միշտ չէ, որ հնազանդ էինք ու խելոք, օգտվում էինք մեր փոքրիկ ազատություններից… Մայրս հաճախ էր եկեղեցի գնում, հայրս՝ ոչ այնքան: Բայց ամեն կիրակի առավոտ, առանց բացառության, մենք՝ երեխաներս, տանը, դեռ անկողնում պառկած, միասին երգում էինք շարականներ:

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Տես նաև Եկեղեցին և երիտասարդները /մաս Ա./ – Գարեգին Ա. կաթողիկոս

Իշխանության մասին – ԳԱՐԵԳԻՆ Ա. կաթողիկոս

Գարեգին Ա, Ջիովաննի ԳուայտաՋ. Գուայտա. Ինչպե՞ս եք հասկանում իշխանությունը:

Գարեգին Ա. Ավետարանը վկայակոչելով: Ո՞րն էր Հիսուսի իշխանության էությունը: Ավետարանն ասում է մեզ, որ նա «խոսում էր տիրաբար»: Սակայն Հիսուսը չուներ ո՛չ դպիրների, ո՛չ փարիսեցիների, ո՛չ էլ սադուկեցիների կամ քահանայապետերի իշխանություն: Նրա իշխանությունը ճառագայթում էր նրա անձից: Հիսուսն իշխանությամբ օժտված էր ո՛չ այն պատճառով, որ այս կամ այն կազմակերպության մեջ որևէ դիրք կամ հեղինակություն ուներ… Նրա իշխանությունը պայմանավորված էր մի բանով, Նա Ճշմարտությունն էր. ոչ ոք չէր կարող անտեսել Նրան, առարկել կամ պատասխանել նույնականորեն:
Երկրորդ, իշխանությունը կայանում է ծառայությամբ: Այստեղ՝ Հայաստանում, ես մեր մարդկանց շարունակ ասում եմ. այժմ մենք մեր երկրի տերն ենք, բայց, իբրև տեր՝ պարտավոր ենք ծառայել այդ երկրին: Հենց դա է ասել ու արել Հիսուսը. Նա լվացել է առաքյալների ոտքերը, Նա, որ Ուսուցիչն էր ու Տերը, ասել է, որ եկել է ծառայելու և ոչ թե ծառայություն ընդունելու:
Ուրեմն, հավատում եմ, որ Եկեղեցու իշխանությունը բխում է երկու աղբյուրից, կյանքով ճշմարտության վկայությունից և որակյալ ծառայությունից: Եթե իշխանությունն այսպես է գործադրվում, ընդունվում է սիրով: Այլապես, վարչական այն իշխանությունը, որը չի հիմնվում այս երկու սկզբունքների վրա, ձևական իշխանություն է լոկ:

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Գարեգին Ա վեհափառի մտքերից նաև տե՛ս ԱՅՍՏԵՂ

Երկարատև թյուրիմացություն – Գարեգին Ա. կաթողիկոս

Գարեգին Ա, Ջիովաննի ԳուայտաՋովաննի Գուայտա – Այսուհանդերձ, 451 թվականից սկսած մյուս քրիստոնյաները ձեզ համարել են միաբնակներ՝ հերետիկոս իմաստով: Արդյոք դա հետևա՞նք էր թյուրիմացության, որը տևել է համարյա թե 1550 տարի:

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս – Քաղկեդոնի տիեզերական ժողովի բանաձևերի շուրջ տեղի ունեցած հակամարտության ընթացքում աստվածաբաններն ու Եկեղեցիների պետերը անկեղծ էին իրենց դավանության մեջ: Բայց աստվածաբանական մտքի զարգացմանն ու խորացմանը զուգընթաց, երբ սկսեց կայանալ ճշմարիտ երկխոսություն, որը Եկեղեցիների՝ փոխադարձաբար միմյանց բացվելու արդյունք էր, մյուս Եկեղեցիները բազմիցս հավաստել են, որ մեր «միաբնակությունը» հերետիկոսություն չէ, ինչպես ենթադրվել է անցյալում: Օրինակ, 12-րդ դարում աստվածաբանական շատ խոր հարաբերություններ են եղել Կոստանդնուպոլսի Եկեղեցու և մեր Եկեղեցու միջև, որի Աթոռն այդ ժամանակ Հռոմկլայում էր, Հայաստանի ու Կիլիկիայի սահմանին: Մտքերի այդպիսի փոխանակությունը, որն իրականացվել է Սուրբ Ներսես Շնորհալի Կաթողիկոսի՝ Հայ Եկեղեցու ամենալուսամիտ և հավատավոր աստվածաբաններից մեկի կողմից, այսօր պետք է դառնա էկումենիկ երկխոսության օրինակ:
Հայ Եկեղեցու դավանության մեջ, որը Սուրբ Ներսեսը ներկայացրել է կայսր Մանուել Ա Կոմնենոսին, կա մի արտահայտություն, որը կարող է ծառայել որպես բանալի վերոհիշյալ խնդրի լուսաբանման համար. «Եթե ասում են «մեկ բնություն» անայլայլելի ու անբաժանելի բնության իմաստով, այլ ոչ թե միախառնության կամ շփոթության, և [եթե ասում են] «երկու բնություն», որպես անշփոթ և անփոփոխ, այլ ոչ թե «բաժանում» նշանակող, [այդ ժամանակ] զույգ [տեսակետներն] էլ ուղղափառության ծիրում են»: Կարծում եմ, որ այս աստվածաբանական մակարդակով թյուրիմացությունն արդեն լուսաբանված է մեր ժամանակներում: Մյուս կողմից, Դուք շատ լավ գիտեք, թե որքան կենսունակ են հին պատկերացումները կամ կասկածները, և թե ինչքան դժվար է դրանցից ազատվելը… 19-րդ դարում այս նյութի մասին շատ են գրել: Դարավերջի լութերական մեծ՛ աստվածաբան Ադոլֆ Ֆոն Հարնակը ցույց է տվել, որ հայերը միաբնակներ չեն Եվտիքեսյան հասկացությամբ: Սակայն աշխարհիկ ոչ մասնագիտական գրականության մեջ Հայ Եկեղեցին շարունակում են անվանել միաբնակ: Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ այսօր լավատեղյակ աստվածաբանների համար այս թյուրիմացությունը փարատվել է և մնացել անցյալում:

Քաղկեդոնի ժողով

Ջովաննի Գուայտա – 451 թ. դուք ինչո՞ւ չընդունեցիք Քաղկեդոնի տիեզերական ժողովի որոշումները:

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս – Նախ հայերը հրավիրված չէին տիեզերական ժողովին, որպեսզի այդ կապակցությամբ արտահայտեին իրենց դիրքորոշումը: Ես արդեն ասել եմ, որ մենք ներգրավված էինք պայքարի մեջ՝ մազդեզականությունից պաշտպանելու համար մեր քրիստոնեական հավատքը: Հենց 451-ով է թվագրվում Ավարայրի ճակատամարտը պարսիկների դեմ: Թեև այն վճռորոշ էր Հայաստանի պատմության համար, սակայն պարսկական սպառնալիքը տևել է մինչև դարավերջ: Հայերը շարունակեցին իրենց դիմադրությունը պարտիզանական ձևով և 484 թվականին միայն իսկական ինքնավարություն ձեռք բերեցին իշխող մազդեզականության նկատմամբ:
Բայց այդ ժամանակ (482 թվականին) արդեն կար Ձենոնի Գիրք թղթոցը, որը հեռացում էր նշանավորում տիեզերական ժողովի ճշգրիտ գծից: Չպետք է մոռանալ, որ Քաղկեդոնի տիեզերական ժողովի որոշումներն աշխուժորեն էին վիճարկում աստվածաբանական շատ կենտրոններ, օրինակ՝ Ալեքսանդրյան Եկեղեցին, և քանի որ Քաղկեդոնի ժողովը ընդունելի չեղավ բոլոր Եկեղեցիների կողմից, մենք հարկադրված չէինք նրա որոշումներն ընդունելու կամ մերժելու: Իսկ երբ տեսանք, որ Քաղկեդոնի տիեզերական ժողովի պատճառով ուժեղանում է նեստորականությունը, մերժեցինք այդ ժողովը, մանավանդ որ 506 թվականին, նրա որոշումներով, արդարացվում և կրկին առաջարկվում էր Նեստորի աստվածաբանությունը առանց անունը հիշատակելու:

Ջովաննի Գուայտա – Քաղկեդոնի և հետագա տիեզերական ժողովների որոշումները ձեր կողմից չընդունվելու պատճառներից մեկը, ուրեմն, այն փաստն է, որ այդ տիեզերական ժողովներում ներկայացված չէր քրիստոնեական ամբողջ աշխարհը:

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս – Ճշմարիտ է: Քաղկեդոնի, ինչպես նաև հետագայում գումարված տիեզերական ժողովների նկատմամբ Հայ, Ղպտի, Ասորի ու Եթովպական Եկեղեցիները վերաբերվել են որպես ոչ տիեզերական, մասնավոր ժողովների այն իմաստով, որ դրանք վերաբերում էին միայն այն Եկեղեցիների կյանքին ու պատասխանատվությանը, որոնք մասնակցել էին այդ ժողովներին, ուստի և չէին կարող համարվել տիեզերական:
Ճիշտ այդպես էլ, 7-րդ ժողովից հետո, որը տիեզերական համարեցին Բյուզանդական Եկեղեցիները, Հռոմեական Եկեղեցին գումարեց ուրիշ ժողովներ ևս, որոնք նույնպես տիեզերական անվանեց, սակայն Ուղղափառ Եկեղեցիներն այն կարծիքին մնացին, որ դրանք մասնավոր ժողովներ են և առնչվում են միայն Հռոմեական Եկեղեցուն:

Ջովաննի Գուայտա – Դուք, այնուամենայնիվ, չե՞ք մերժել այդ ժողովների որոշումները:

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս – Պարզապես, դրանց նկատմամբ չենք արտահայտել մեր վերաբերմունքը, քանի որ մեզ համար դրանք առանձին Եկեղեցիների կողմից գումարված մասնավոր ժողովներ էին: Իհարկե, այսօրվա էկումենիկ երկխոսության մեջ պետք է քննության առնվի այդ ժողովների դավանությունը, որպեսզի պարզաբանվեն ընդունված բանաձևերը:

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Տառապանքը կարող է դառնալ մաքրագործում – Գարեգին Ա. կաթողիկոս

Գարեգին Ա Սարգիսեան կաթողիկոս ամենայն հայոց / Գարեգին Ա վեհափառՋ. Գուայտա – Ցավն, ուրեմն, ի սկզբանե, հատուկ Է մեր մարդկային բնությանը: Գիրք Ծննդոցում արարչագործության մեջ այն հայտնվում Է իբրև մեղքի հետևանք: Մեղսագործությունից հետո Աստված ասում է կնոջը. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցավերն ու քո հառաչանքները: Ցավերով երեխաներ պիտի ծնես», իսկ տղամարդուն՝ «Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կյանքի բոլոր օրերին… Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչև հող դառնալդ»: Աա նշանակում է, որ տանջանքն, ասես, հետևանք է արարչագործության նկատմամբ ոտնձգության, որ մեղքի պատճառով մենք դատապարտված ենք ամբողջ կյանքում քարշ տալու մեր գոյությունը…
Գարեգին Ա. Վեհափառ – Ցավն, իրավամբ, մեղքի, Աստծուց հեռանալու հետևանք Է, որովհետև Աստծու ներկայությունը մեր հոգու և մեր գիտակցության մեջ ուրախության աղբյուր է, ցավի նկատմամբ հաղթանակ տանելու ուժ: Բայց ցավը նաև դրական տեսանկյունից է հասկացվում: Ուշադրություն դարձնենք այն բանին, թե տառապանքն ինչ է առաջ բերում մեր մեջ: Կարծում եմ, որ այն մեզ դարձնում Է ավելի մարդկային: Օգնում Է մեզ վերագտնելու իսկական կապը Աստծու հետ: Որքա՜ն հաճախ ենք մոռանում Աստծուն երախտագիտություն հայտնել իր բոլոր շնորհների համար: Եվ միայն ցավն է մեզ ստիպում շրջվել դեպի նա:
Տառապանքը կարող է դառնալ մաքրագործում: Դա մենք հստակորեն տեսնում ենք սրբերի կյանքում: Դա մեզ օգնում է հասկանալու, թե որոնք են հոգևոր և մարդկային ճշմարիտ արժեքները, այն արժեքները, որոնք կրում են մշտնջենականության դրոշմը: Տառապանքի փորձն է մեզ սովորեցնում հասկանալ տարբերությունը երջանկության ու հաճույքի միջև: Մեր դարաշրջանը շատ հաճախ շփոթում է այս երկու հասկացությունները:
Ջ. Գուայտա – Արդարն, սպառողական մեր հասարակությունը շարունակ ձգտում է խույս տալ տառապանքից, վանել այն: Իսկ Դուք, ընդհակառակը, ասում եք, թե տանջանքը՝ մեղքի այդ ժառանգությունը, անհրաժեշտ է, որովհետև ավելի է մարդկայնացնում մեզ… Դարասկզբի իտալացի գրող Լուիջի Պիրանդելլոն, որը հեռու էր քրիստոնեական հավատքից, ասում էր, որ մարդը «երբեք այնքան մարդկային չէ, որքան այն ժամանակ, երբ տառապում է. որովհետև նա ձգտում է տեսնել դրա պատճառը, հասկանալ, թե ով է այդ տառապանքը տալիս իրեն, և արդյոք դա արդա՞ր է: Մինչդեռ երբ նա ուրախության մեջ է, ոչ մի հարց չի տալիս իրեն, իբրև թե կարծես այդ ուրախությունը վերապահված լիներ իրեն…»:
Գարեգին Ա. Վեհափառ – Ես այն կարծիքին եմ, որ ցավը բացահայտում է կյանքի խոր իմաստը և մեզ հասկացնել տալիս, որ մենք տիեզերքի վերջին տերերը չենք, այլ՝ արարչագործության տնօրինողները կամ, ավելի ճշգրիտ՝ սպասավորները: Ես սա ասում եմ նաև իմ անձնական փորձից ելնելով: Հաճախ, տառապանքի կամ հիվանդության պահերին, կյանքն ինձ համար ստանում է առավել մեծ իմաստ, քան երբ գտնվում եմ քաջառողջության ու երջանկության վիճակում: Հիվանդանոցային մահճակալի և դագաղի մոտ կյանքի արժեքը ես «զգացել» եմ այնպես, ինչպես ուրիշ ոչ մի տեղ, որովհետև ցավն ու մահն են մեզ պատկերացում տալիս կյանքի արժեքի մասին:
Բայց տառապանքի իմաստի մի այլ, դրական կողմն էլ կա: Բոլոր տառապանքները ուղղակի Աստծուց չեն գալիս մեզ: Ընդհակառակը, որքա՜ն թշվառություններ ու ցավեր կան կյանքում, որ մենք ինքներս ենք ստեղծում, մեկս մյուսի դեմ: Քանի որ մենք հավատում ենք, որ Աստված Է ստեղծել մեզ որպես ազատ էակների, նշանակում է՝ մենք ունենք ընտրելու հնարավորություն և այդ ընտրության մեջ կարող ենք սխալվել և հետևաբար տառապել կամ տառապանք պատճառել ուրիշներին: Ուստի, մարդու արժանապատվությունը և առանձնահատկությունն էլ ենթադրում են տառապանք: Տառապանքը մեր ազատության գրավականն Է. նրա գոյության փաստն իսկ խոսում Է այն մասին, որ Աստված հարգում է մեր ազատությունն ու արժանապատվությունը: Եթե տառապանք գոյություն չունենար, մենք մարդ-մեքենաներ կլինեինք…

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի զրույցներից Ջիովաննի Գուայտայի հետ