«Կապույտ կիրակի». Հարության հույս – Շնորհք պատրիարք

կապույտ կիրակիՄեր տոնացույցի կամ օրացույցի մեջ այս անունով կիրակի գոյություն չունի, դրա համար էլ վերցված է չակերտների մեջ: Մեր տոնացույցի մեջ Հինանց վեցերորդ կիրակին անանուն է: Որչափ փափագելի ու պատշաճ պիտի լիներ, որ գույներով ողողված գարնան այս եղանակին այն օժտված տեսնեինք մի գույնով, որն իր ուրույն լույսը գցած լիներ Հինանց շրջանի բազմերանգ երեսի մեկ կողմի վրա: Արդարև, արժեր, որ Կանաչի ու Կարմիրի կողքին ճերմակ ու կապույտ կիրակիներ ևս ունենայինք՝ համար զգալի ու զվարթ ձևի տակ նշելու այս կիրակիների խորհուրդները: Ու եթե ցանկանանք իմաստներ տեսնել Կանաչ ու Կարմիր կիրակիների անվանակոչումների մեջ, և եթե պատճառ մատնանշեցինք անցյալ կիրակին լուսապայծառ կոչելու, իրավունք և հիմք ունենք Հինանց այս վեցերորդ կիրակին պայծառ կոչելու:

Շնորհք պատրիարք Գալուստեան

Շնորհք պատրիարք Գալուստեան

Տոնական օրվա պատգամը կամ նշանակությունը արտահայտվում է այդ օրվա հատուկ շարականներով և այդ օրը կարդացվելիք Աստվածաշնչյան հատվածների մեջ: Հինանց վեցերորդ կիրակին ոչ միայն անուն չունի, այլ նաև իրեն հատուկ շարականները չունի: Այս կիրակի էլ նույնպես երգվում են հարության սովորական շարականները, ինչպես որ երգվում են Հինանց բոլոր սովորական կիրակիներին: Սակայն ամեն օր ունի իր հատուկ աստվածաշնչյան ընթերցվածները: Արդ այս կիրակիի հատուկ եղող ընթերցվածներից մեզ եկող հիմնական գաղափարներից մեկն է ՀՈՒՅՍԸ: Օրվա Ս. Պատարագի ընթացքում կարդացվելիք «Ճաշու ընթերցված»-ի հատվածներից մեկը վերցված է Հովհաննես Առաքյալի առաջին թղթից: Նրա անունով եկեղեցուն ժառանգված հինգ գրությունների մեջ գործածված մեկ հատիկ ՀՈՒՅՍ բառը հանդիպում է այս կիրակի: Այդ հատվածի առաջին մասը հետևյալն է, որը Հովհաննեսի առաջին թղթի երրրորդ գլխի առաջին չորս համարներից է:

«Տեսեք, ինչպիսի սեր շնորհեց մեզ Հայրը, որպեսզի մենք կոչվենք Աստծո որդիներ: Աշխարհը մեզ չի ճանաչում նրա համար, որ նրան էլ չճանաչեց: Սիրելիներ, այժմ Աստուծո որդիներ ենք, իսկ թե ապագայում ինչ պետք է լինենք՝ դեռ հայտնի չէ: Գիտենք, որ նրան տեսնելու ենք այնպես, ինչպես նա կա: Եվ ամեն ոք, որ այս հույսն ունի իր մեջ, մաքրում է ինքն իրեն, ինչպես որ նա է մաքուր»:

ՀՈՒՅՍԸ քրիստոնեական կյանքում, Հավատքի և Սիրո հետ զբաղեցնում է հիմնական տեղը: Ինչպես չկա քրիստոնեություն առանց հավատքի ու սիրո, այնպես էլ չի կարելի երևակայել Ավետարանի կրոնը առանց Հույսի: «Արդ մնում են Հավատք, Հույս և Սեր» հաստատում է Պողոս առաքյալը: Ստույգ է, որ սրանց մեջ մեծագույնը և հավիտենականը Սերն է, բայց սիրո երկու թևերն են Հավատքը և Հույսը, որոնցով կարող է սերը թռչել երկրի վրա և սավառնել առ Աստված:

Հույսը ամենից քիչ երևացող և իր ներկայությունը ամենից քիչ զգացնող հոգեվիճակ է: Առաքինությունների մանուշակը խոնարհությունը չէ. Հույսն է: Իր այս համեստության պատճառով Աստվածաշնչի մեջ այնքան հաճախ չի երևում: Հավատք կամ հավատալ բառերը Ս. Գրքի մեջ գործածվել են ավելի քան 650 անգամ: Սեր կամ սիրելի բառերը՝ ավելի քան 700 անգամ: Իսկ հույսը և հավատալը՝ հազիվ թե 300, և մեծ մասն է՛լ՝ ոչ անպայման կրոնական իմաստով…

Աղբյուրը՝ Շնորհք Պատրիարք (Գալուստյան) «Մեծ պահքի կիրակիների ոսկե շղթան, գունագեղ կիրակիներ և Հոգեգալուստ», Ս. Էջմիածին, 2011

Posted on May 1, 2016, in Հարություն and tagged , , , , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: