Սուրբ Ներսես Շնորհալի

Սուրբ Ներսես ՇնորհալիՍ. Ներսես Շնորհալին ծնվել է Կիլիկիայի Տլուք գավառի Ծովք դղյակում, մոտ 1100 թ.: Նրա հայրը՝ Ապիրատ Պահլավունի իշխանը, սպանվեց պատերազմի ժամանակ, երբ Ներսեսը դեռ մանուկ էր: Ներսեսի երկու կրտսեր եղբայրները՝ Վասիլը և Շահանը, դարձան զինվորականներ, իսկ Ներսեսը իր ավագ եղբայր Գրիգորի հետ նախընտրեց Աստծո նեղ և անձուկ ճանապարհը:

Գրիգորը և Ներսեսը կրթվում և դաստիրակվում են Քեսունի Կարմիր վանքում՝ առաջին երկու Պահլավունի կաթողիկոսներ Գրիգոր Վկայասեր և Բարսեղ Անեցու հոգածությամբ և հոգևոր հայրությամբ: Երկու եղբայրները աշակերտում են նշանավոր Ստեփանոս Մանուկ գիտնական վարդապետի մոտ: Բարսեղ կաթողիկոսի (1105-1113) անակնկալ մահից հետո Հայոց կաթողիկոս է դառնում Ներսեսի եղբայր Գրիգորը, երբ հազիվ 20 տարեկան էր: Գրիգորի կաթողիկոսական պաշտոնավարության շրջանը ամենաերկարն է մեր Եկեղեցու պատմության մեջ (1113-1166): Ներսեսը իր եկեղեցական բոլոր կարգերը (սարկավագություն, քահանայություն, երբ 18 տարեկան էր և եպիսկոպոսություն՝ 30 տարեկան հասակում) ստանում է իր կաթողիկոս եղբորից՝ դառնալով նրա զորեղ աջակիցը և փոխանորդը հայրապետական բոլոր գործերի մեջ:

Սուրբ Ներսես Շնորհալի

Շուտով Ներսեսը իր առաքինասեր վարքի, իմաստության հանճարի և անձնվեր քարոզչության շնորհիվ սիրվում է շատերի կողմից: Նրա իմաստության և սրբության բույրը տարածվում է ողջ աշխարհում: Սակայն Ներսեսը իր մեծ խոնարհության պատճառով խուսափում էր մեծարանքներից և միշտ ձգտում առանձնության և ճգնությունների:

Մոտ 1150 թ. Տիրոջ նախախնամությամբ Պահլավունիների ձեռքն է անցնում Հռոմկլայի ամուր բերդը: Այստեղ է հանգրվանում աստանդական հայրապետական աթոռը և շուրջ մեկուկես դար մնում համեմատաբար խաղաղ ու անխռով պայմաններում: Ներսեսի անունը սերտորեն կապվեց այս դղյակի հետ, և այս իսկ պատճառով պատմության մեջ հայտնի է նաև Կլայեցի մականունով: Կյանքի մնացած մասը՝ գրեթե քառորդ դար, նա անցկացնում է այս «տոթ» բերդի մեջ: Միայն մեկ անգամ է առիթ ունենում կարևոր առաքելությամբ դուրս գալու այս «բերդարգելությունից»: Կիլիկիո երկու մեծ հայ իշխանների՝ Թորոս Լևոնի Ռուբենյանը և Լամբրոնի բերդի տեր Օշինը, իրար դեմ զենք էին վերցրել (1164 թ.): Շնորհալին ուղարկվում է նրանց հաշտեցնելու համար: Նրա առաքելությունը հաջողությամբ է պսակվում. երկու իշխանները հաշտվում են և վերջ տալիս եղբայրասպան կռվին:St Nerses / Սուրբ Ներսես Շնորհալի

Վերադարձի ճանապարհին Մամեստիա քաղաքի մեջ Շնորհալին հանդիպում է Բյուզանդիայի կայսեր փեսային և ներկայացուցչին՝ Ալեքս դուքսին, որը եկեղեցիների բաժանման կապակցությամբ հետաքրքրվում է Հայ Եկեղեցու դավանաբանությամբ: Այստեղից սկիզբ են առնում միարարական բանակցություններ Հայոց Հայրապետության և Բյուզանդիայի կայսեր և հունաց պատրիարքի միջև: Այս բանակցությունները շարունակվում են մինչև Ներսեսի կյանքի վերջը: Բանակցությունների թղթակցությունները պահպանվել են թե՚ հայերենով, թե՚  հունարենով:

Արդեն ծերացած և հիվանդ Գրիգոր Գ. Պահլավունին, 1166 թ. ապրիլի 17-ին, իր եղբորը՝ Ներսեսին, ձեռնադրում է կաթողիկոս ու երեք ամիս հետո վախճանվում: Ս. Ներսեսը, 7-8 տարի խաղաղությամբ պաշտոնավարելով, 1173 թ. վախճանվում և թաղվում է եղբոր կողքին՝ Հռոմկլայի բերդում:

Նրա գերեզմանը մեծ ուխտատեղի էր մինչև առաջին համաշխարհային պատերազմը: Ս. Ներսես Շնորհալու հիշատակը տոնվում է ս. Թարգմանչաց հետ՝ Խաչվերացին հաջորդող հինգերորդ շաբաթ օրը:

 
Աղբյուրը՝ Ներսես Շնորհալի, Թուղթ ընդհանրական, «Գանձասար» հանդես, 1991
 
 

Posted on April 16, 2013, in Նշանավոր գործիչներ, Վարք սրբոց and tagged , , , , , , , , , , , , , , , , , , , , . Bookmark the permalink. 3 Comments.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: