Երկարատև թյուրիմացություն – Գարեգին Ա. կաթողիկոս

Գարեգին Ա, Ջիովաննի ԳուայտաՋովաննի Գուայտա – Այսուհանդերձ, 451 թվականից սկսած մյուս քրիստոնյաները ձեզ համարել են միաբնակներ՝ հերետիկոս իմաստով: Արդյոք դա հետևա՞նք էր թյուրիմացության, որը տևել է համարյա թե 1550 տարի:

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս – Քաղկեդոնի տիեզերական ժողովի բանաձևերի շուրջ տեղի ունեցած հակամարտության ընթացքում աստվածաբաններն ու Եկեղեցիների պետերը անկեղծ էին իրենց դավանության մեջ: Բայց աստվածաբանական մտքի զարգացմանն ու խորացմանը զուգընթաց, երբ սկսեց կայանալ ճշմարիտ երկխոսություն, որը Եկեղեցիների՝ փոխադարձաբար միմյանց բացվելու արդյունք էր, մյուս Եկեղեցիները բազմիցս հավաստել են, որ մեր «միաբնակությունը» հերետիկոսություն չէ, ինչպես ենթադրվել է անցյալում: Օրինակ, 12-րդ դարում աստվածաբանական շատ խոր հարաբերություններ են եղել Կոստանդնուպոլսի Եկեղեցու և մեր Եկեղեցու միջև, որի Աթոռն այդ ժամանակ Հռոմկլայում էր, Հայաստանի ու Կիլիկիայի սահմանին: Մտքերի այդպիսի փոխանակությունը, որն իրականացվել է Սուրբ Ներսես Շնորհալի Կաթողիկոսի՝ Հայ Եկեղեցու ամենալուսամիտ և հավատավոր աստվածաբաններից մեկի կողմից, այսօր պետք է դառնա էկումենիկ երկխոսության օրինակ:
Հայ Եկեղեցու դավանության մեջ, որը Սուրբ Ներսեսը ներկայացրել է կայսր Մանուել Ա Կոմնենոսին, կա մի արտահայտություն, որը կարող է ծառայել որպես բանալի վերոհիշյալ խնդրի լուսաբանման համար. «Եթե ասում են «մեկ բնություն» անայլայլելի ու անբաժանելի բնության իմաստով, այլ ոչ թե միախառնության կամ շփոթության, և [եթե ասում են] «երկու բնություն», որպես անշփոթ և անփոփոխ, այլ ոչ թե «բաժանում» նշանակող, [այդ ժամանակ] զույգ [տեսակետներն] էլ ուղղափառության ծիրում են»: Կարծում եմ, որ այս աստվածաբանական մակարդակով թյուրիմացությունն արդեն լուսաբանված է մեր ժամանակներում: Մյուս կողմից, Դուք շատ լավ գիտեք, թե որքան կենսունակ են հին պատկերացումները կամ կասկածները, և թե ինչքան դժվար է դրանցից ազատվելը… 19-րդ դարում այս նյութի մասին շատ են գրել: Դարավերջի լութերական մեծ՛ աստվածաբան Ադոլֆ Ֆոն Հարնակը ցույց է տվել, որ հայերը միաբնակներ չեն Եվտիքեսյան հասկացությամբ: Սակայն աշխարհիկ ոչ մասնագիտական գրականության մեջ Հայ Եկեղեցին շարունակում են անվանել միաբնակ: Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ այսօր լավատեղյակ աստվածաբանների համար այս թյուրիմացությունը փարատվել է և մնացել անցյալում:

Քաղկեդոնի ժողով

Ջովաննի Գուայտա – 451 թ. դուք ինչո՞ւ չընդունեցիք Քաղկեդոնի տիեզերական ժողովի որոշումները:

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս – Նախ հայերը հրավիրված չէին տիեզերական ժողովին, որպեսզի այդ կապակցությամբ արտահայտեին իրենց դիրքորոշումը: Ես արդեն ասել եմ, որ մենք ներգրավված էինք պայքարի մեջ՝ մազդեզականությունից պաշտպանելու համար մեր քրիստոնեական հավատքը: Հենց 451-ով է թվագրվում Ավարայրի ճակատամարտը պարսիկների դեմ: Թեև այն վճռորոշ էր Հայաստանի պատմության համար, սակայն պարսկական սպառնալիքը տևել է մինչև դարավերջ: Հայերը շարունակեցին իրենց դիմադրությունը պարտիզանական ձևով և 484 թվականին միայն իսկական ինքնավարություն ձեռք բերեցին իշխող մազդեզականության նկատմամբ:
Բայց այդ ժամանակ (482 թվականին) արդեն կար Ձենոնի Գիրք թղթոցը, որը հեռացում էր նշանավորում տիեզերական ժողովի ճշգրիտ գծից: Չպետք է մոռանալ, որ Քաղկեդոնի տիեզերական ժողովի որոշումներն աշխուժորեն էին վիճարկում աստվածաբանական շատ կենտրոններ, օրինակ՝ Ալեքսանդրյան Եկեղեցին, և քանի որ Քաղկեդոնի ժողովը ընդունելի չեղավ բոլոր Եկեղեցիների կողմից, մենք հարկադրված չէինք նրա որոշումներն ընդունելու կամ մերժելու: Իսկ երբ տեսանք, որ Քաղկեդոնի տիեզերական ժողովի պատճառով ուժեղանում է նեստորականությունը, մերժեցինք այդ ժողովը, մանավանդ որ 506 թվականին, նրա որոշումներով, արդարացվում և կրկին առաջարկվում էր Նեստորի աստվածաբանությունը առանց անունը հիշատակելու:

Ջովաննի Գուայտա – Քաղկեդոնի և հետագա տիեզերական ժողովների որոշումները ձեր կողմից չընդունվելու պատճառներից մեկը, ուրեմն, այն փաստն է, որ այդ տիեզերական ժողովներում ներկայացված չէր քրիստոնեական ամբողջ աշխարհը:

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս – Ճշմարիտ է: Քաղկեդոնի, ինչպես նաև հետագայում գումարված տիեզերական ժողովների նկատմամբ Հայ, Ղպտի, Ասորի ու Եթովպական Եկեղեցիները վերաբերվել են որպես ոչ տիեզերական, մասնավոր ժողովների այն իմաստով, որ դրանք վերաբերում էին միայն այն Եկեղեցիների կյանքին ու պատասխանատվությանը, որոնք մասնակցել էին այդ ժողովներին, ուստի և չէին կարող համարվել տիեզերական:
Ճիշտ այդպես էլ, 7-րդ ժողովից հետո, որը տիեզերական համարեցին Բյուզանդական Եկեղեցիները, Հռոմեական Եկեղեցին գումարեց ուրիշ ժողովներ ևս, որոնք նույնպես տիեզերական անվանեց, սակայն Ուղղափառ Եկեղեցիներն այն կարծիքին մնացին, որ դրանք մասնավոր ժողովներ են և առնչվում են միայն Հռոմեական Եկեղեցուն:

Ջովաննի Գուայտա – Դուք, այնուամենայնիվ, չե՞ք մերժել այդ ժողովների որոշումները:

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս – Պարզապես, դրանց նկատմամբ չենք արտահայտել մեր վերաբերմունքը, քանի որ մեզ համար դրանք առանձին Եկեղեցիների կողմից գումարված մասնավոր ժողովներ էին: Իհարկե, այսօրվա էկումենիկ երկխոսության մեջ պետք է քննության առնվի այդ ժողովների դավանությունը, որպեսզի պարզաբանվեն ընդունված բանաձևերը:

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Posted on September 19, 2013, in Աստվածաբանություն, Գարեգին Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց and tagged , , , , , , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: