Category Archives: Գարեգին Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց

Գարեգին Ա հայրապետը՝ աշխարհականացման մասին

532994_353146218093230_390133688_nԺամանակակից աշխարհում Եկեղեցու առջև ծառացած մարտահրավերներից է աշխարհականացումը, որը բնորոշվում է հասարակության մեջ կրոնի դերի փոփոխությամբ (նվազմամբ)։ Այն բարդ և բազմաշերտ երևույթ է, ուստի և ուսումնասիրողները առանձնացնում են դրա մի շարք տարբերակներ։ Խորամուխ չլինելով աշխարհականացմանն առնչվող մանրամասների մեջ՝ ստորև կներկայացնենք երջանկահիշատակ Գարեգին Ա Ամենայն Հայոց կաթողիկոսի հայացքները խնդրո առարկա հարցի հետ կապված։

Վեհափառը տարբեր առիթներով անդրադարձել է այս կարևոր հարցին իր աշխատություններում և հարցազրույցներում՝ կարևորելով հայ հոգևորականության դերը դրան դիմակայելու հարցում։ Նախ նշենք, որ Վեհափառը ընդունում է, որ «Աշխարհայնացած աշխարհը այնպէս անսանձ եւ անհակակշիռ թափանցումով մտեր է մեր արտը, որ սկսեր է որոմը ցորենին հետ շփոթուիլ…»։ Read the rest of this entry

Գարեգին Ա. կաթողիկոսը Սուրբ Վարդանանց մասին

Ստորև ներկայացնում ենք երջանկահիշատակ Գարեգին Ա. Սարգիսյան Ամենայն Հայոց կաթողիկոսի մտքերից՝ ասված տարբեր առիթներով Վարդանանց հերոսների, նրանց սխրանքի մասին.

295308_417938214947363_1093563981_n

  • Հայութիւնն է, որ կը շարունակէ իր յաղթանակի ճամբան Աւարայրի դաշտով մինչև հոս, ուր Աւարայրի անունն անգամ այնպէս օտար է ու անծանօթ, ինչպէս խաւարին մէջ յանկարծ անսպասելիօրէն փայլատակող լոյս, երկնաձայն փայլակ:

Read the rest of this entry

«Մարմնի գույնը չի կարելի փոխել»

Ավարայրի ճակատամարտՋիովաննի Գուայտա 5-րդ դարի Հայ Եկեղեցու Հայրերից մեկը՝ Սուրբ Եղիշեն, հայ դասական պատմագրության մեծարժեք գործերից մեկում ավանդում է 451 թ. մազդեզականների դեմ ճակատամարտում վասն հաւատո զոհված վկաների պատմությունը։ Նա մեջբերում է ճակատամարտի հայ հերոս, քաջ Վարդանի խոսքերը. «Նա (թշնամին), որ կարծում էր, թե մենք քրիստոնեությունն իբրև զգեստ ունենք հագած, այժմ չի կարողանում մեզ փոխել, ինչպես մարմնի գույնը չի կարելի փոխել…» [տե՛ս Եղիշե, «Վարդանի և հայոց պատերազմի մասին», Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 1971, էջ 100]։

Սա նշանակում է, որ հավատքը խորունկ մի բան է, որը դառնում է մեր մասը, և միևնույն ժամանակ, մի շնորհ, ինչ-որ բան, որը ընդունում ենք իբրև մարմնի գույն…

Գարեգին Ա. – Հաստատապես, հավատքի մեջ կա շնորհի բաղադրատարր։ Սակայն այդ շնորհը որոշ մարդկանց առանձնաշնորհը չէ, տրված է բոլորին, բայց կան նաև մարդիկ, որոնք ընկալունակ չեն այդ շնորհին կամ ուրիշներից պակաս ընկալունակ են։ Կյանքի հանգամանքներից կախված՝ այդ շնորհը դրսևորվում է մեծ կամ փոքր չափով. ակներևաբար որոշ մարդիկ հնարավորություն չեն տալիս, որ այն արմատներ ձգի իրենց հոգում, թողնում են, որ խամրի։ Ուրիշներ էլ, ընդհակառակը, ինչ-որ մի պահի, մի իրադարձության, մի հանդիպման կամ ընթերցանության ազդեցությամբ, ինչպես այդ տեղի ունեցավ Սուրբ Օգոստինոսի հետ Tolle, lege [լատ.՝ «Վերցրու, կարդա»]-ի դեպքում, իրենց մեջ հայտնաբերում են հավատքը, որը միշտ ապրել է իրենց սրտի խորքում։

526501_560063990706370_607272628_nՋիովաննի Գուայտա Եթե ես ճիշտ եմ հասկանում Ձեր խոսքը, Դուք հավատքը համեմատում եք տաղանդի հետ, ասենք՝ գեղեցիկ ձայնի, լավ ձեռագրի և այլն։ Պատահում է, որ տաղանդավոր մարդը միանգամից չի նկատում իր ընդունակությունները։ Բայց, հանկարծ, հայտնաբերելով դրանք, կա՛մ զարգացնում է, կա՛մէլ անուշադրության մատնում։ Իսկ եթե չունես տաղանդ,չես կարող այն տալ քեզ։ Սուրբ Եղիշեի գրքի խոսքերը կարելի է հասկանալ և այսպես. անհնարին է յուրացնել հավատքը, ինչպես որ անհնարին է փոխել մաշկի գույնը…

Գարեգին Ա. – Խոսելով շնորհի մասին՝ ես չէի ցանկանա այն համեմատել տաղանդի հետ, որը քչերի առանձնաշնորհն է։ Ասացի, որ հավատքը տրվում է յուրաքանչյուրին, և մեզ տրված են համընդհանուր շատ շնորհներ, որոնք մեր մարդկային էության մաս են կազմում, ինչպես տեսողությունը, լսողությունը կամ շնչառությունը… Հավատքը մեր կյանքի զարդը չէ ինչպես տաղանդը, այն ավելի շուտ կտավ է, որի վրա գույները դրսևորվում են իրենք իրենց։ Այն տրվում է բոլոր տղամարդկանց և կանանց, որովհետև համարվում է մարդկային բնության էատարր։ Յուրաքանչյուր ոք կարող է կա՛մ հրաժարվել դրանից, կա՛մ ընդունել ու վկայել նրա մասին, քանի որ այն, ինչը քրիստոնյաները կոչում են «հավատք», ո՛չ փիլիսոփայական ուսմունք է և ո՛չ էլ գաղտնի կամ խորհրդավոր վարդապետություն, այլ՝ ազդու գործող ուժ։

Ջիովաննի Գուայտա – Ուրեմն, Դուք այն կարծիքի՞ն եք, թե յուրաքանչյուր մարդ ի ծնե ստանում է հավատքի այդ շնորհը։

Գարեգին Ա. – Հենց այդպես եմ մտածում։

Ջիովաննի Գուայտա – Ասացիք, որ մեծ կամ փոքր չափով, կարելի է ընկալունակ լինել այդ շնորհին։ Ի՞նչ է հարկավոր հավատքի շնորհն ընդունելու և այն զարգացնելու համար։ Շատերն ասում են, թե պետք է փնտրել Աստծուն, հոգ չէ, թե նրան գտնելու հաջողություն չունենաս։

Գարեգին Ա. – Իմ կարծիքով, այդ մարդիկ պետք է մեկնակետ ընդունեն մի շատ հիմնական միտք՝ բանականությունը մարդու ամբողջությունը չէ դեռևս։ Մարդուն բանականությունն է տրված, որպեսզի դրանից օգտվի երկրային կյանքի պայմաններում։ Բայց մարդն անդրանցում է իր բանականության սահմանները։ Պասկալն ասել է. «Սիրտն ունի իր փաստարկները, որոնք անհայտ են բանականությանը»։ Մեր մեջ ասես մի վեցերորդ զգայարան կա։ Մեկ անգամ ևս ես հավատքը կհամեմատեի լսողության կամ տեսոողության հետ։ Ես լավ գիտեմ, որ մեկ թե մյուս զգայարանից զրկված մարդը, այդպիսին լինելով, նվաստացած չի լինի որպես մարդ։ Արդ, հավատքը վեցերորդ զգայարանն է, որից նա երբեք չի կարող զրկվել, քանի որ այն ներհատուկ է մարդկային բնությանը։ Դժբախտաբար, հաճախ Աստծուն ժխտելիս թե փնտրելիս, մենք չենք օգտագործում այդ զգայարանը, այլ այն փոխարինում ենք բանականությամբ։ Բայց բանականությունը ի զորու չէ, որ մենք լիովին ըմբռնենք Աստծուն։ 

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Կարդացե՛ք նաև ԳԱՐԵԳԻՆ Ա. կաթողիկոս. 5 միտք հայի, նրա ինքնության մասին

Առաջընթաց և նոր հիմնախնդիրներ. Գարեգին Ա.

Գարեգին Ա

Ջ. Գուայտա – Մեր աշխարհի առջև ծառացած բացառիկ հրատապ հիմնախնդիրը շրջական միջավայրի պահպանման հիմնախնդիրն է: Արդեն հաշվարկված է, որ եթե առաջիկա տասնամյակներում մթնոլորտի ապականումը շարունակվի այս նույն արագությամբ, ապա երկրի մակերևույթի ջերմաստիճանը կբարձրանա մի քանի աստիճանով, որը կհանգեցնի Անտարկտիդայի սառույցի հալքին: Իբրև հետևանք, առափնյա բազմաթիվ շրջաններ կողողվեն, և երկրի աշխարհագրական քարտեզից կվերանան ամբողջական ցամաքամասեր…

Մթնոլորտի ապականմանը պետք է ավելացնել չընդհատվող անտառահատումը (օրինակ՝ ամազոնյան անտառի ոչնչացումը), հողի ուժասպառությունը, մոլորակի ընդարձակ շրջաններն անապատի վերածելը (ինչպես անապատի մեծացումը դեպի Սահելի շրջան), կենդանիների բազմաթիվ տեսակների բնաջնջումը, ծովերի աղտոտումը, գյուղատնտեսության մեջ քիմիական նյութերի օգտագործման պատճառով ստորերկրյա ջրերի թունավորումը…

Մեկ խոսքով՝ այսօր մարդկությունը հասել է այն ծայրակետին, երբ երևան է գալիս մոլորակի կործանման վտանգը: Ի՞նչ կարող է ասել Եկեղեցին այս հավաքական յուրատեսակ ինքնասպանության առթիվ:

Գարեգին Ա. – Նախ ես կկամենայի ասել, որ այն պատկերը, որ Դուք ինձ հենց նոր գծեցիք, ինձ չափազանց մռայլ, նույնիսկ մի քիչ հայտնութենական է թվում… Ես շատ լավ հասկանում եմ, որ Դուք հիմնվում եք գիտական տվյալների վրա, բայց Աստված, որ աշխարհի Արարիչն ու Տիրակալն է, միշտ կարող է փրկել իր արարչագործությունը: Չգիտեմ, թե ինչու, սակայն համոզված եմ, որ ապագան այնքան մռայլ չի լինի, Read the rest of this entry

Հայկական մի գյուղ Սիրիայում / ՔԵՍԱԲ

10013331_607325006023865_483321149_n

Քեսաբ / Kessab

Ջ. Գուայտա – Էջմիածնում Ձեր գահակալության ժամանակ Ձեր արտասանած բացման խոսքում Դուք նշեցիք. «Ես սփյուռքի զավակ եմ։ Ես չեմ ծնվել Մայր հայրենիքում, այլ հայրենիքը ծնվել է իմ մեջ»։ Որտե՞ղ եք Դուք ծնվել։

Գարեգին Ա. – Ես ծնվել եմ Քեսաբում, որը Սիրիայի գյուղական շրջանում հայկական մի շեն է՝ շատ հեռու մեծ քաղաքներից, անմիջականորեն սահմանակից Թուրքիային։

Ջ. Գուայտա – Հայկական գյուղ՝ Սիրիայում։ Ինչպիսի՞ն է նրա ծագման պատմությունը։

Գարեգին Ա. – Մեր գյուղի ծագումը կապված է Անի քաղաքից՝ Բագրատունիների թագավորության մայրաքաղաքից հայերի ելքի հետ։ 11-րդ դարում Անին նվաճվել է թուրք սելջուկների կողմից, որոնք 11-12-րդ դարերում տիրում էին Փոքր Ասիային, Իրանին, Իրաքին, Սիրիային և Հայաստանին։ Հայերը, մեծավ մասամբ, լքեցին երկիրը և պատսպարվեցին նրա արևմտյան մարզերում ու Կիլիկիայում։ Այդ ժամանակ են սկիզբ առել Քեսաբը և Մուսալեռը։ Իսկ Մուսալեռ գյուղը, որն ամենամոտն է Քեսաբին, հայտնի է համաշխարհային առաջին պատերազմի ընթացքում թուրքերին ցուցաբերած դիմադրության պատճառով, ինչպես նաև Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գրքի շնորհիվ։ Ասում են, թե արդեն 11-րդ դարում Գրիգորիս Վկայասեր Կաթողիկոսն այցելել է այն մարզը, որի տարածքում Քեսաբն էր։ Սա ամբողջապես հայկական գյուղ էր մինչև վերջին ժամանակներս, երբ այստեղ բնակություն հաստատեցին նաև սիրիացիները։ Բայց այսօր էլ նրա բնակիչների մեծ մասը հայեր են։ Ամառային հրաշալի եղանակի պատճառով շատ հայեր Հալեպից, Լաթաքիայից, Դամասկոսից և նույնիսկ Բեյրութից այստեղ են անցկացնում իրեցն արձակուրդը։

Ջ. Գուայտա – Հետևապես, գյուղում առօրյա լեզուն հայերե՞նն էր։

Գարեգին Ա. – Ոչ բոլորովին։ Ավելի շուտ՝ Քեսաբի բարբառն էր։ Դպրոցում սովորում էին գրական հայերեն, բայց տանը և փողոցում խոսում մեր բարբառով, որը բավականաչափ տարբերվում է ընթացիկ գրական լեզվից։

Ջ. Գուայտա – Ձեր նախնիները Կիլիկիայում հաստատվել են սկսած 11-րդ դարից։ Հետագայում Կիլիկիայի հայկական թագավորությունն ունեցել է միանգամայն առանձնահատուկ ճակատագիր…

Գարեգին Ա. – Այո՛, Կիլիկիան նախ իշխանապետություն էր, այնուհետև՝ թագավորություն։ Այդ ժամանակահատվածն ընդգրկում է 1080-1375 թվականները։ Կիլիկիայի հայերը սերտորեն կապված են եղել խաչակիրներին, ինչի շնորհիվ Արևմուտքի հետ մեր հարաբերությունների պատմությունը երկար է։

Ջ. Գուայտա – 1375 թվականին մայրաքաղաք Սիսը ավարի է ենթարկվել…

Գարեգին Ա. – Ճիշտ է։ Կիլիկյան Հայաստանը նվաճել են մամլյուքները, որոնք կործանել են թագավորությունը և տարտղնել հայերին։ Այս փախստականներն են սկիզբ դրել սփյուռքին Արևելյան Եվրոպայի երկրներում՝ Ռումինիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Հունգարիայում և այլն։ Այդուհանդերձ, հայկական մի բավականաչափ մեծ համայնք մնացել է Կիլիկիայում, որտեղ 1441-ից մինչև 1920-ը գոյություն է ունեցել Կաթողիկոսարան։ 1915-ի ցեղասպանության ժամանակ Կիլիկիայից հայերին բռնի տեղահանել են։ Նրանցից շատերը անապատում, տարագրման ճանապարհին, ոչնչացվել են։ 1918-ի զինադադարից հետո ողջ մնացածները Կիլիկիա են վերադարձել ու կրկին բնակություն հաստատել այն տարածքում, որն այդ ժամանակ գտնվում էր ֆրանսիական հովանավարության տակ։ Սակայն 1921-ին, երբ ֆրանսիացիները, Աթաթյուրքի հետ համաձայնություն կնքելուց հետո, հեռացան Կիլիկիայից, հայերը, մնալով առանց հովանավորության՝ սկսեցին լքել երկիրն ու հաստատվել Սիրիայում, Լիբանանում և այլ վայրերում։ Իսկ իմ գյուղի բնակիչները միշտ մնացին տեղում, որովհետև մեր տարածքը դարձավ Սիրիայի մաս։

Ջ. Գուայտա – Ուրեմն 11-րդ դարից ի վեր Ձեր նախնիները մշտապես այդ տարածքո՞ւմ են ապրել։

Գարեգին Ա. – Այդպիսին է պատմաբանների վարկածը, թեև պատմական ճշգրիտ տեղեկություններ չկան Քեսաբի ծագման մասին։ Բայց քանի որ տեղական բարբառը շատ մոտ է հին հայերենին, խիստ հավանական է, որ նրանք այնտեղ ապրել են սկսած 11-րդ դարից։ Ընդ որում, Հայ Առաքելական Եկեղեցին այնտեղ էր, ժողովրդի հետ, որովհետև մեր ամբողջ պատմության ընթացքում մեր Եկեղեցին ծառայել է իր ժողովրդին այնտեղ, որտեղ նա գտնվել է։

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Տե՛ս նաև Երջանկահիշատակ ԳԱՐԵԳԻՆ Ա. կաթողիկոսը իր ծնողների մասին

Գարեգին Ա. 5 միտք գրքի մասին

Գարեգին Ա

Գիրքը այնպիսի ընկեր մըն է, զոր կրնաս ազատօրէն ընտրել, ընտրելէն ետք, մէկ անկիւն դնել կամ անկողնիդ սնարին մօտիկ պահել, նայած թէ ինչպիսի հաղորդութիւն կը ստեղծուի իր և քու միջև:

Եթէ Հայութիւնը իր ողջ կեանքի ընթացքին կրցեր է «ովսաննա» կարդալ Հայ Գիրքին, մենք չենք կրնար այսօր «ի խաչ հան զդա» գոռալ, ամբոխային խօլ, անգիտակից և ինքնակորուստ հոգեբանութեան ոճով:

Հայոց Ա.Բ.Գ.-ը, հայկական Տառերը բևեռներ են, որոնց ագուցումով մարմին կ՛առնէ Գիրքը որպէս զրահ ամրութեան և գրաւական անխորտակելիութեան: … Բայց լաւ իմացէք, որ եթէ այդ զրահին անթափանցելիութեան գաղտնի զօրութիւնը եղող հայերէն լեզուն մեր հոգիներուն մէջ չճառագայթէ, զրահին դիմացկունութիւնը կը նօսրանայ, կը բարակնայ շղարշային թափանցիկութեան վերածուելու աստիճան, ուրկէ ամէն հով ներս կը մտնէ և զոր ամէն հով իր քմահաճոյքին խաղալիքի կը վերածէ:

Ես չեմ կրնար երևակայել Հայութիւն առանց Հայ Գիրին: Եւ որքան ճոխ ըլլայ ու խօսուն դառնայ հայ Գիրքը, այնքան աւելի կ՛ամրանայ, կը զօրանայ, կը հարստանայ, կը բարձրանայ հայութիւնը:

Հայ Գիրքը միւռո՛ն է մեր ժողովուրդի զաւակներուն համար: Ան, որ Հայ Գիրք կը կարդայ, կը միւռոնուի հայութեամբ:

Աղբյուրը՝ Տ. Զաքարիա վրդ. Բաղումյանի ՖԲ էջ

Կարդացե՛ք նաև Եկեղեցին և երիտասարդները /մաս Բ./ – Գարեգին Ա. կաթողիկոս

Վեհափառի առօրյան

Հիսուս Քրիստոսը աշխատաասենյակ չուներ

Ջ. Գուայտա – Ինչի՞ մասին է մտածում Կաթողիկոսը՝ իր օրն սկսելով: Ինչպե՞ս է անցնում Ձեր օրը:

Գարեգին Ա.Օրս սկսվում է Տաճարում աղոթելով: Մեր կյանքը երկարացնելու համար Աստծուն երախտագիտություն հայտնելու իրողությունն է հևք հաղորդում եպիսկոպոսի, ինչպես և յուրաքանչյուր քրիստոնյայի օրվան: Սուրբ Էջմիածնի տաճարում այդ աղոթքը կատարվում է մեր Միաբանության վաևդապետների, վանականների և ճեմարանի սաների հետ: Եկեղեցում աղոթելուց և, հակառակ իմ սովորության, բժիշկների խորհրդով ամեն առավոտ մի փոքր նախաճաշելուց հետո, գնում եմ իմ առանձնասենյակ, որտեղ, ամենից առաջ, հանդիպում եմ խորհրդականներիս՝ աչքի անցկացնելու համար ծրագրված հանդիպումների ժամանակացույցը: Իմ պարտավորություններից շատերը վերաբերում են մեր Կաթողիկոսարանի ու նրա տարբեր բաժինների, այսպես ասած, ներքին գործերին: Այնուհետև պատասխանում եմ թղթակցություններին. մենք այստեղ շատ նամակներ ենք ստանում մեր թեմերից, ուրիշ Եկեղեցիներից, ինչպես նաև հայկական ու միջազգային այլ կազմակերպություններից:

Ամեն օր ես ընդունում եմ այցելուների, որոնք մեր Եկեղեցու անդամներ են (վարդապետներ, եպիսկոպոսներ, հավատացյալներ), ինչպես նաև այլ մարդկանց՝ պետական պաշտոնյաների, մշակույթի, կրթության, գործարար աշխարհի ներկայացուցիչների, Հայաստան այցելած օտարերկրացիների: Շատերն են ուզում տեսնել Էջմիածինը. դա մեր՝ իբրև քրիստոնյա ազգի, օրրանն է, հայկական Բեթղեհեմը: Այստեղ շատ են լինում ուխտավորներ, որոնց մեջ՝ մեծ թվով սփյուռքահայեր: Բոլորի համար ժամանակս չի բավականացնում, բայց շատերին եմ ընդունում:

Օրվա երկրորդ կեսին փորձում եմ մի քիչ հանգստանալ, այնուհետև կարդում եմ այն գրքերը, որ ստանում եմ Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից, Անգլիայից: Աշխատում եմ հետևել ժամանակակից աստվածաբանական մտքին ու էկումենիկ աշխարհի ընթացքին. միշտ կապված եմ եղել էկումենիկ շարժմանը, որն այնքա՛ն է աշխուժացրել եկեղեցական իմ կյանքն ու իմ ծառայությունը՝ քահանայական ձեռնադրման օրվանից ի վեր: Երեկոյան ընդունում եմ նաև բարեկամների: Ժամանակ առ ժամանակ գրում եմ: Եվ, վերջապես, դասավանդում եմ մեր Հոգևոր ճեմարանում, որտեղ շաբաթը մեկ անգամ դասախոսություն եմ կարդում հովվական աստվածաբանության ու ճարտասանության վերաբերյալ:

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Կարդացե՛ք նաև Քանի՞ Հայ եկեղեցի գոյություն ունի

 

Ցկյանս իշխանություն – Գարեգին Ա. կաթողիկոս

Ցկյանս իշխանությունՋ. Գուայտա«Եկեղեցին Հիսուս Քրիստոսի խորհրդավոր մարմինն է», սովորեցնում է մեզ քրիստոնեականը: Մինևնույն ժամանակ, մարդկային տեսակետից, Եկեղեցին մարդկանց ընկերակցություն է նվիրապետական կարգի միանգամայն որոշակի հարաբերություններով: Շատ Եկեղեցիներ գլխավորում է ղեկավար անձանց մի խումբ, որոնք, շատ դեպքերում, ունեն ցկյանս իշխանություն. այդպես է և Ձեր պարագայում: Բազմաթիվ ընկերաբաններ ու հոգեբաններ այն կարծիքին են, թե չափազանց երկար ժամանակ գործադրված իշխանությունը տվյալ անհատի մոտ առաջ է բերում որոշ անհավասարակշռություն: Իրոք, այն մարդու համար, ով երկար ժամանակ պատասխանատու դիրք է գրավում ուրիշների հանդեպ, անչափ դժվար է իր կարծիքները, իր ճաշակը և այլ, չբացարձակացնելը…

Կաթոլիկ Եկեղեցու վանական շատ ուխտեր համարյա լրիվ անհետացման դառը փորձություն են ապրել այն ղեկավարների չարաշահումների պատճառով, որոնք չափազանց երկար ժամանակ են գործադրել իրենց իշխանությունը: Մեր ժամանակներում շատ դրամատներ, գործարաններ, ձեռնարկություններ և զանազան գրասենյակներ ձգտում են որքան հնարավոր է ավելի հաճախ փոխել ղեկավար անձնակազմը: Իսկ ինչո՞ւ են Եկեղեցիներն իրենց պետերին վերապահում ցկյանս իշխանություն:

Գարեգին Ա. – Ես չեմ կարող դատողություններ անել ուրիշ Եկեղեցիների մասին, բայց գիտակցաբար և ամենայն պատասխանատվությամբ կխոսեմ իմ Հայ Եկեղեցու մասին: Բացի Կաթողիկոսից, մեզ մոտ չկա հոգևոր այլ պետ, որին ընտրեին ցկյանս: Մեր եպիսկոպոսները որոշ թեմերում (օրինակ՝ ԱՄՆ-ում) ընտրվում են սահմանափակ ժամանակով՝ չորսից յոթ տարի ժամկետով, իսկ այնուհետև կատարվում է նոր ընտրություն: Չվերընտրված եպիսկոպոսները պահպանում են ձեռնադրության ժամանակ շնորհված եպիսկոպոսական աստիճանը, բայց այլևս վարչական պաշտոններ չեն վարում կամ՝ տեղափոխվում են ուրիշ թեմեր: Այսպիսով, մեր Եկեղեցում երկարատև իշխանության հարցն այնքան լուրջ չէ, որքան Կաթոլիկ Եկեղեցում կամ Ուղղափառ մյուս Եկեղեցիներում:

Եղել է ժամանակ, երբ եպիսկոպոսներն ընտրվել են մի որոշակի թեմում, որտեղ ծառայել են մինչև իրենց կյանքի վերջը, բայց կարող էին պաշտոնաթող լինել անձնական ցանկությամբ կամ էլ պաշտոնազրկվել հավատացյալների կողմից, ինչ որ պատահել է շատ անգամ. թեմական ժողովը, որ պատասխանատու է եպիսկոպոսի ընտրության համար, կարող էր վերջ տալ նրանց ծառայությանը, բայց դա, բնականաբար, չի նշանակում եպիսկոպոսին զրկել աստիճանից կամ եպիսկոպոսական բարձր հեղինակությունից: Ինչ վերաբերում է Կաթողիկոսին, նա, լինելով Եկեղեցու գլուխը, վարչական աշխատանքին զուգընթաց, կատարում է հավատքի պահապանի դերը. երաշխավորում է հավատարմությունն ավանդություններին և ուղղահավատությանը: Ժողովրդի համար Կաթողիկոսը առաձնահատուկ կերպով Եկեղեցու հովիվն է և ազգի հոգևոր հայրը: Հենց այդ պատճառով է նա ընտրվում ցկյանս: Սակայն և՛ այստեղ՝ Էջմիածնում, և՛ Կիլիկիո Կաթողիկոսական Աթոռում դեպքեր են եղել, երբ Կաթողիկոսը, իր առողջական վիճակի կամ գործունեությունը խոչընդոտող մի շարք այլ պատճառներով, խնդրել է իրեն փոխարինել: Այսպիսով, նոր Կաթողիկոսի ընտրությունից հետո, նախորդը հանգստի է գնացել՝ պահպանելով Կաթողիկոսի աստիճանը: Նորընտիր Հովվապետն ստանձնել է Եկեղեցու լիակատար պատասխանատվությունը նախկին Կաթողիկոսի կյանքի ամբողջ ընթացքում…

Ջ. Գուայտա – … ինչպես որ եղել է Կիլիկիո Աթոռին Ձեր ծառայության առաջին վեց տարիների ընթացքում*:

Գարեգին Ա. – Ճիշտ է: Այդպիսի դեպքերը ամենևին հազվադեպ չեն մեր Եկեղեցու պատմության մեջ:

* Նկատի ունի այն փաստը, որ Գարեգին Ա-ն (այն ժամանակ արքեպիսկոպոս) 1977-ի մայիսի 2-ին, Խորեն Ա Բարոյանի կաթողիկոսության շրջանում, ընտրվել է Մեծի Տանն Կիլիկիո աթոռակից կաթողիկոս: 

Կարդացե՛ք նաև Քանի՞ Հայ եկեղեցի գոյություն ունի

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Երջանկության մասին – Գարեգին Ա. կաթողիկոս

Karekin1 Երջանկության մասինՋ. Գուայտա – Ձերդ Սրբություն, Դուք երջանի՞կ մարդ եք:

Գարեգին Ա. – Չեմ կարող պատասխանել այդ հարցին առանց ճշտելու, թե մենք նո՞ւյն կերպ ենք հասկանում արդյոք «երջանկություն» բառը: Եթե խոսքը մշտատև անխռով հոգեվիճակի ներքին մնայուն մի տրամադրության մասին է, երբ բացակայում է ափսոսանքի, տառապանքի կամ անբավարարվածության զգացումը, ապա այդպիսի վիճակը խորթ է ինձ: Կարծում եմ, որ այդ հոգեվիճակը պարզապես մարդկային չէ: Մարդու կյանքում երջանկությունը նվաճում է. կասկածի, հուսահատության, փորձությունների հաղթահարում… Եթե այդպես է, ապա այո՛, ես երջանիկ եմ, որովհետև մտածում եմ, որ Աստծու օգնությամբ կարողացել եմ հաղթահարել ուխտազանցությունը, անկման պահերը: Նրանք են երջանիկ, ովքեր իրենց մեջ, իրենց կյանքում չեն կորցնում Աստծու ներկայության զգացումը: Վերընթերցելով «Երանիները», որ Հիսուսը հստակորեն ձևակերպել է Լեռան քարոզում, մենք տեսնում ենք, որ «երանելի» են աղքատները, տառապողները, հալածվողները: Ինչո՞ւ: Որովհետև Աստծու հոգին բնակվում է այդ մարդկանց մեջ, նույնիսկ երբ իրենց հոգու խորքում ժխտում են նրան: Աստծուն մերձ լինելու, ամբողջապես Նրան պատկանելու զգացումն Է կազմում մարդու երջանկությունը:

Ջ. Գուայտա – Այսպիսով, Դուք երջանկությանը տալիս եք այնպիսի մի սահմանում, որը տարբերվում է ընդհանրապես ընդունվածից: Շատերը կարծում են, թե իրենք երջանիկ են այն ժամանակ, երբ ամեն ինչ լավ Է, երբ խնդիրներ չունեն… Մինչդեռ Դուք պնդում եք. երջանկությունը դա չէ, կյանքի պայմաններն ընդունելու և դրանցից վեր բարձրանալու կարողությունն է այն, կյանք, որը պարուն՛ակում է այնքան շատ անկումներ ու ձախորդություններ:

Գարեգին Ա. – Հենց այդպես: Եվ ես կկամենայի հստակորեն սահմանազատել երջանկությունն ու «թեթևընթաց կյանքը»: Եթե կարծում ենք, թե երջանկությունը մեծ խնդիրներ չունենալն է, ապա մենք անտարբերությունից աոաջ եկող փորձության զոհերն ենք: Երջանիկ լինել՝ նշանակում է հաղթահարել թուլությունները, խղճի խայթերը: Երջանկության այլ չափանիշներ ևս կան. երջանիկ ես, երբ երջանկացնում ես ուրիշներին: Եթե մեր «երջանկությունը» միայն մեզ համար ենք պահում, ապա դա քրիստոնեական երջանկություն չէ: Տերը երջանիկ էր, նա մեզ պատվիրել է ուրա՛խ լինել միշտ (Թեսաղ. 5, 16): Բայց այդ ուրախությունը մեզ տրվում է Աստծու կողմից և կախված չէ նյութական կամ պատմական պայմաններից:
Երջանիկ լինելու համար պետք չէ խույս տալ պատասխանատվությունից, պարտավորությունից կամ տառապանքից: Երջանկության պայմանը, ընդհակառակը, տառապանքի ինքնակամ ընդունումն է՝ հանուն ուրիշների ուրախության:

Ջ. Գուայտա – Ուրեմն, երջանիկ կարող ենք լինել նույնիսկ նեղությունների պարագայում, մինչև իսկ՝ տառապանքի մեջ, սփյուռքում, եղեռնի օրոք…

Գարեգին Ա. – Իհարկե: Կարդալով մեր սրբախոսությունները, տեսնում ես, որ անգամ անմարդկային չարչարանքների ենթարկվելիս մեր սրբերը երջանիկ էին և չէին ուրանում հավատքը: Այդպես էր 5-րդ դարի հայ մի սրբի պարագայում, տանջողները նրա ծայրանդամները սեղմել են աքցանի մեջ, ջարդել ոսկորները: «Ուրացի՛ր քրիստոնեական հավատքը», – ասել են նրան: Իսկ նա պատասխանել է. «Ոսկորներս պատասխան են տալիս ձեզ»: Հոգևոր ինչպիսի՛ ուժ: Եթե նա չունենար հոգեկան երջանկություն, չէր կարողանա չուրանալ հավատքը… Տառապանքը, որ մեր կյանքում կամովին հանձն ենք առնում, չի հակասում ուրախությանը: Եթե դա հանձն ենք առնում հանուն այն արժեքների, որոնց նվիրաբերում ենք մեր կյանքը, այսինքն՝ հանուն հավատքի, Աստծու Թագավորության համար մեր հանձնառության, մերձավորի, հայրենիքի հանդեպ սիրո, ապա դժվարությունները և մինչև անգամ հալածանքները չեն կարողանա մեզ զրկել հոգևոր ուրախության այն զգացումից, որը մեզ ներշնչում է Աստծու ներկայությունը մեր կողքին:

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Տես նաև Երջանկահիշատակ ԳԱՐԵԳԻՆ Ա. կաթողիկոսը իր ծնողների մասին

Եկեղեցին և երիտասարդները /մաս Բ./ – Գարեգին Ա. կաթողիկոս

Եկեղեցին և երիտասարդները

Սկիզբը՝ այստեղ

Ջ. Գուայտա – Երիտասարդության հոմանիշներ մշտապես եղել են լավատեսությունը, կենսունակությունը, խանդավառությունը: Այս հոմանիշներին Դուք ավելացնում եք ներգրավվածություն բառը: Սակայն այսօր հաճախ են խոսում, թե երիտասարդները որևէ իդեալ կամ կատարելատիպ չունեն, որ նրանք որևիցե նպատակի հետամուտ չեն, չեն ցանկանում ինչ-որ բանում հիմնավորապես խորամուխ լինել և չեն ընդունում կյանքի մարտահրավերները… Դա է գուցե երիտասարդների որոշ չափով Եկեղեցուց հեռու մնալու պատճառը: Դեռ ավելին, Եկեղեցին իր դանդաղ ընթացքով, հազարամյա ծիսակատարությամբ, դժվարին խորհրդանիշներով երիտասարդությանը կարող է թվալ հնացած, նորույթից ընկած: Ի՞նչ տեղ կարող են ունենալ երիտասարդները Եկեղեցում:

Գարեգին Ա. – Ինչ վերաբերում է մեր երիտասարդ ժամանակակիցների որոշ կրավորականությանը, այստեղ նույնպես, ըստ իս, չպետք է ընդհանրացումներ կատարել: Հաճախ է ասվում, թե այսօր մեր երիտասարդությունը կորուսյալ է… Անձամբ ես այն կարծիքին եմ, որ Եկեղեցիներում հիմա բավականին շատ երիտասարդներ կան, բայց նրանց ծառայության նշանակությունը չի գնահատվում պատշաճորեն: Տեսնում եմ, որ երիտասարդության մոտ Եկեղեցում իր տեղի նոր գիտակցում է ձևավորվում, ինչը չափազանց կարևոր է, քանզի Եկեղեցիների պետերը չէ, որ պետք է թելադրեն երիտասարդներին կամ ցույց տան նրանց տեղը: Թույլ տանք, որ երիտասարդներն իրենք անդրադառնան, որ Եկեղեցու նկատմամբ ունեն պարտավորություն, և հենց իրենք գտնեն դրա իրագործման եղանակները: Երիտասարդների հազվադեպ ցուցաբերված հովվական հոգածության մեջ գլխավորը նարնց թույլ տալն է ինքնուրույնաբար ընդունել որոշումներ և գտնել գործելակերպեր: Սխալ է մտածել, թե երիտասարդների համար պետք է ամեն ինչ նախապատրաստել: Ըստ իս, պետք է անել ամեն բան, որպեսզի հենց իրենք կանխատրամադրվեն ստանձնելու պատասխանատվություններ: Մեծահարուստ երիտասարդը, որ ներկայացավ Քրիստոսին, հասկանում էր, որ իրեն ինչ-որ բան չի բավականացնում: Լսելով Հիսուսի առաջարկությունը՝ նա, դժբախտաբար, իր մեջ չգտավ բավականաչափ արիություն և կամքի ուժ…

Ես ասել, եմ, որ ինձ համար երիտասարդությունը մարտահրավեր ընդունելու քաջությունն է, այլ ոչ թե դրանցից խույս տալը: Երիտասարդներին հատուկ է որևէ բան փոխելու ձգտումը, նույնիսկ այն, ինչը միշտ համարվել է անփոփոխ: Եթե երիտասարդների մեջ այդպիսի վճռականություն կա, կարծում եմ, որ նրանք կգտնեն բոլոր ձևական արգելքները հաղթահարելու միջոցները և կբերեն այն թարմ օդը, որի կարիքն ունեն Եկեղեցիները: Մի խոսքով, երիտասարդությանը պետք է վստահել…

Ջ. Գուայտա – Կարծո՞ւմ եք, որ Եկեղեցիներն իրենք ևս պետք է մի քայլ կատարեն դեպի երիտասարդությունը:

Գարեգին Ա. – Այո՛, անշուշտ: Այն, ինչ Եկեղեցին արել է մինչև այժմ, բավական չէ, դեռ շատ բան կա անելու: Բայց կան բազմախոստում նշաններ: Կարծում եմ, որ երիտասրդությունը Եկեղեցու կյանքում էական նշանակություն ունի: Կարևորն այն է, որ Եկեղեցին ընդունի, թե երիտասարդներն իր համար միանգամայն բացառիկ առանձնաշնորհ են:

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Տես նաև Երջանկության մասին – Գարեգին Ա. կաթողիկոս

%d bloggers like this: