Blog Archives

Մայր Թերեզա. Հիշե՛ք, որ տառապանքը անցողիկ է

Մայր Թերեզա, Տառապանք

Երբ դժվարությունների եք հանդիպում, ասացե՛ք ինքներդ ձեզ. «Սա երկար չի շարունակվելու»: Այս բանաձևը շատ արդյունավետ է: Արդեն միտքն այն մասին, որ դժբախտություններն անցողիկ են, օգնում է հաղթահարել դրանք: Դժբախտությունները չեն կարող հավերժ շարունակվել: Քսան, երեսուն, քառասուն տարին ակնթարթ է՝ հավերժության հետ համեմատած: Պետք է միայն համբերել: Խճճված իրավիճակո՞ւմ եք հայտվել: Դուք ինքներդ եք նպաստել դրան: Մինչ այդ դուք հանգիստ ու համառ էիք: Իսկ հիմա պիտի համառություն ու համբերություն ցուցաբերեք՝ այդ իրավիճակից դուրս գալու համար: Բարուն, ինչպես և չարին ժամանակ է պետք՝ ի հայտ գալու համար: Ինչպիսին էլ լինեն ձեզ ուղարկված փորձությունները, ասե՛ք ինքներդ ձեզ, որ դա միայն վատ պահ է, որը շուտով կանցնի՝ չթողնելով որևէ հետք: Եւ խորասուզվե՛ք աշխատանքի մեջ:

Մայր Թերեզա

Կարդացեք նաև ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԻ ՄԱՍԻՆ – Մայր Թերեզա

Տառապանքը կարող է դառնալ մաքրագործում – Գարեգին Ա. կաթողիկոս

Գարեգին Ա Սարգիսեան կաթողիկոս ամենայն հայոց / Գարեգին Ա վեհափառՋ. Գուայտա – Ցավն, ուրեմն, ի սկզբանե, հատուկ Է մեր մարդկային բնությանը: Գիրք Ծննդոցում արարչագործության մեջ այն հայտնվում Է իբրև մեղքի հետևանք: Մեղսագործությունից հետո Աստված ասում է կնոջը. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցավերն ու քո հառաչանքները: Ցավերով երեխաներ պիտի ծնես», իսկ տղամարդուն՝ «Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կյանքի բոլոր օրերին… Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչև հող դառնալդ»: Աա նշանակում է, որ տանջանքն, ասես, հետևանք է արարչագործության նկատմամբ ոտնձգության, որ մեղքի պատճառով մենք դատապարտված ենք ամբողջ կյանքում քարշ տալու մեր գոյությունը…
Գարեգին Ա. Վեհափառ – Ցավն, իրավամբ, մեղքի, Աստծուց հեռանալու հետևանք Է, որովհետև Աստծու ներկայությունը մեր հոգու և մեր գիտակցության մեջ ուրախության աղբյուր է, ցավի նկատմամբ հաղթանակ տանելու ուժ: Բայց ցավը նաև դրական տեսանկյունից է հասկացվում: Ուշադրություն դարձնենք այն բանին, թե տառապանքն ինչ է առաջ բերում մեր մեջ: Կարծում եմ, որ այն մեզ դարձնում Է ավելի մարդկային: Օգնում Է մեզ վերագտնելու իսկական կապը Աստծու հետ: Որքա՜ն հաճախ ենք մոռանում Աստծուն երախտագիտություն հայտնել իր բոլոր շնորհների համար: Եվ միայն ցավն է մեզ ստիպում շրջվել դեպի նա:
Տառապանքը կարող է դառնալ մաքրագործում: Դա մենք հստակորեն տեսնում ենք սրբերի կյանքում: Դա մեզ օգնում է հասկանալու, թե որոնք են հոգևոր և մարդկային ճշմարիտ արժեքները, այն արժեքները, որոնք կրում են մշտնջենականության դրոշմը: Տառապանքի փորձն է մեզ սովորեցնում հասկանալ տարբերությունը երջանկության ու հաճույքի միջև: Մեր դարաշրջանը շատ հաճախ շփոթում է այս երկու հասկացությունները:
Ջ. Գուայտա – Արդարն, սպառողական մեր հասարակությունը շարունակ ձգտում է խույս տալ տառապանքից, վանել այն: Իսկ Դուք, ընդհակառակը, ասում եք, թե տանջանքը՝ մեղքի այդ ժառանգությունը, անհրաժեշտ է, որովհետև ավելի է մարդկայնացնում մեզ… Դարասկզբի իտալացի գրող Լուիջի Պիրանդելլոն, որը հեռու էր քրիստոնեական հավատքից, ասում էր, որ մարդը «երբեք այնքան մարդկային չէ, որքան այն ժամանակ, երբ տառապում է. որովհետև նա ձգտում է տեսնել դրա պատճառը, հասկանալ, թե ով է այդ տառապանքը տալիս իրեն, և արդյոք դա արդա՞ր է: Մինչդեռ երբ նա ուրախության մեջ է, ոչ մի հարց չի տալիս իրեն, իբրև թե կարծես այդ ուրախությունը վերապահված լիներ իրեն…»:
Գարեգին Ա. Վեհափառ – Ես այն կարծիքին եմ, որ ցավը բացահայտում է կյանքի խոր իմաստը և մեզ հասկացնել տալիս, որ մենք տիեզերքի վերջին տերերը չենք, այլ՝ արարչագործության տնօրինողները կամ, ավելի ճշգրիտ՝ սպասավորները: Ես սա ասում եմ նաև իմ անձնական փորձից ելնելով: Հաճախ, տառապանքի կամ հիվանդության պահերին, կյանքն ինձ համար ստանում է առավել մեծ իմաստ, քան երբ գտնվում եմ քաջառողջության ու երջանկության վիճակում: Հիվանդանոցային մահճակալի և դագաղի մոտ կյանքի արժեքը ես «զգացել» եմ այնպես, ինչպես ուրիշ ոչ մի տեղ, որովհետև ցավն ու մահն են մեզ պատկերացում տալիս կյանքի արժեքի մասին:
Բայց տառապանքի իմաստի մի այլ, դրական կողմն էլ կա: Բոլոր տառապանքները ուղղակի Աստծուց չեն գալիս մեզ: Ընդհակառակը, որքա՜ն թշվառություններ ու ցավեր կան կյանքում, որ մենք ինքներս ենք ստեղծում, մեկս մյուսի դեմ: Քանի որ մենք հավատում ենք, որ Աստված Է ստեղծել մեզ որպես ազատ էակների, նշանակում է՝ մենք ունենք ընտրելու հնարավորություն և այդ ընտրության մեջ կարող ենք սխալվել և հետևաբար տառապել կամ տառապանք պատճառել ուրիշներին: Ուստի, մարդու արժանապատվությունը և առանձնահատկությունն էլ ենթադրում են տառապանք: Տառապանքը մեր ազատության գրավականն Է. նրա գոյության փաստն իսկ խոսում Է այն մասին, որ Աստված հարգում է մեր ազատությունն ու արժանապատվությունը: Եթե տառապանք գոյություն չունենար, մենք մարդ-մեքենաներ կլինեինք…

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի զրույցներից Ջիովաննի Գուայտայի հետ

%d bloggers like this: