Blog Archives

Հայկական մի գյուղ Սիրիայում / ՔԵՍԱԲ

10013331_607325006023865_483321149_n

Քեսաբ / Kessab

Ջ. Գուայտա – Էջմիածնում Ձեր գահակալության ժամանակ Ձեր արտասանած բացման խոսքում Դուք նշեցիք. «Ես սփյուռքի զավակ եմ։ Ես չեմ ծնվել Մայր հայրենիքում, այլ հայրենիքը ծնվել է իմ մեջ»։ Որտե՞ղ եք Դուք ծնվել։

Գարեգին Ա. – Ես ծնվել եմ Քեսաբում, որը Սիրիայի գյուղական շրջանում հայկական մի շեն է՝ շատ հեռու մեծ քաղաքներից, անմիջականորեն սահմանակից Թուրքիային։

Ջ. Գուայտա – Հայկական գյուղ՝ Սիրիայում։ Ինչպիսի՞ն է նրա ծագման պատմությունը։

Գարեգին Ա. – Մեր գյուղի ծագումը կապված է Անի քաղաքից՝ Բագրատունիների թագավորության մայրաքաղաքից հայերի ելքի հետ։ 11-րդ դարում Անին նվաճվել է թուրք սելջուկների կողմից, որոնք 11-12-րդ դարերում տիրում էին Փոքր Ասիային, Իրանին, Իրաքին, Սիրիային և Հայաստանին։ Հայերը, մեծավ մասամբ, լքեցին երկիրը և պատսպարվեցին նրա արևմտյան մարզերում ու Կիլիկիայում։ Այդ ժամանակ են սկիզբ առել Քեսաբը և Մուսալեռը։ Իսկ Մուսալեռ գյուղը, որն ամենամոտն է Քեսաբին, հայտնի է համաշխարհային առաջին պատերազմի ընթացքում թուրքերին ցուցաբերած դիմադրության պատճառով, ինչպես նաև Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գրքի շնորհիվ։ Ասում են, թե արդեն 11-րդ դարում Գրիգորիս Վկայասեր Կաթողիկոսն այցելել է այն մարզը, որի տարածքում Քեսաբն էր։ Սա ամբողջապես հայկական գյուղ էր մինչև վերջին ժամանակներս, երբ այստեղ բնակություն հաստատեցին նաև սիրիացիները։ Բայց այսօր էլ նրա բնակիչների մեծ մասը հայեր են։ Ամառային հրաշալի եղանակի պատճառով շատ հայեր Հալեպից, Լաթաքիայից, Դամասկոսից և նույնիսկ Բեյրութից այստեղ են անցկացնում իրեցն արձակուրդը։

Ջ. Գուայտա – Հետևապես, գյուղում առօրյա լեզուն հայերե՞նն էր։

Գարեգին Ա. – Ոչ բոլորովին։ Ավելի շուտ՝ Քեսաբի բարբառն էր։ Դպրոցում սովորում էին գրական հայերեն, բայց տանը և փողոցում խոսում մեր բարբառով, որը բավականաչափ տարբերվում է ընթացիկ գրական լեզվից։

Ջ. Գուայտա – Ձեր նախնիները Կիլիկիայում հաստատվել են սկսած 11-րդ դարից։ Հետագայում Կիլիկիայի հայկական թագավորությունն ունեցել է միանգամայն առանձնահատուկ ճակատագիր…

Գարեգին Ա. – Այո՛, Կիլիկիան նախ իշխանապետություն էր, այնուհետև՝ թագավորություն։ Այդ ժամանակահատվածն ընդգրկում է 1080-1375 թվականները։ Կիլիկիայի հայերը սերտորեն կապված են եղել խաչակիրներին, ինչի շնորհիվ Արևմուտքի հետ մեր հարաբերությունների պատմությունը երկար է։

Ջ. Գուայտա – 1375 թվականին մայրաքաղաք Սիսը ավարի է ենթարկվել…

Գարեգին Ա. – Ճիշտ է։ Կիլիկյան Հայաստանը նվաճել են մամլյուքները, որոնք կործանել են թագավորությունը և տարտղնել հայերին։ Այս փախստականներն են սկիզբ դրել սփյուռքին Արևելյան Եվրոպայի երկրներում՝ Ռումինիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Հունգարիայում և այլն։ Այդուհանդերձ, հայկական մի բավականաչափ մեծ համայնք մնացել է Կիլիկիայում, որտեղ 1441-ից մինչև 1920-ը գոյություն է ունեցել Կաթողիկոսարան։ 1915-ի ցեղասպանության ժամանակ Կիլիկիայից հայերին բռնի տեղահանել են։ Նրանցից շատերը անապատում, տարագրման ճանապարհին, ոչնչացվել են։ 1918-ի զինադադարից հետո ողջ մնացածները Կիլիկիա են վերադարձել ու կրկին բնակություն հաստատել այն տարածքում, որն այդ ժամանակ գտնվում էր ֆրանսիական հովանավարության տակ։ Սակայն 1921-ին, երբ ֆրանսիացիները, Աթաթյուրքի հետ համաձայնություն կնքելուց հետո, հեռացան Կիլիկիայից, հայերը, մնալով առանց հովանավորության՝ սկսեցին լքել երկիրն ու հաստատվել Սիրիայում, Լիբանանում և այլ վայրերում։ Իսկ իմ գյուղի բնակիչները միշտ մնացին տեղում, որովհետև մեր տարածքը դարձավ Սիրիայի մաս։

Ջ. Գուայտա – Ուրեմն 11-րդ դարից ի վեր Ձեր նախնիները մշտապես այդ տարածքո՞ւմ են ապրել։

Գարեգին Ա. – Այդպիսին է պատմաբանների վարկածը, թեև պատմական ճշգրիտ տեղեկություններ չկան Քեսաբի ծագման մասին։ Բայց քանի որ տեղական բարբառը շատ մոտ է հին հայերենին, խիստ հավանական է, որ նրանք այնտեղ ապրել են սկսած 11-րդ դարից։ Ընդ որում, Հայ Առաքելական Եկեղեցին այնտեղ էր, ժողովրդի հետ, որովհետև մեր ամբողջ պատմության ընթացքում մեր Եկեղեցին ծառայել է իր ժողովրդին այնտեղ, որտեղ նա գտնվել է։

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Տե՛ս նաև Երջանկահիշատակ ԳԱՐԵԳԻՆ Ա. կաթողիկոսը իր ծնողների մասին

Advertisements

Ցկյանս իշխանություն – Գարեգին Ա. կաթողիկոս

Ցկյանս իշխանությունՋ. Գուայտա«Եկեղեցին Հիսուս Քրիստոսի խորհրդավոր մարմինն է», սովորեցնում է մեզ քրիստոնեականը: Մինևնույն ժամանակ, մարդկային տեսակետից, Եկեղեցին մարդկանց ընկերակցություն է նվիրապետական կարգի միանգամայն որոշակի հարաբերություններով: Շատ Եկեղեցիներ գլխավորում է ղեկավար անձանց մի խումբ, որոնք, շատ դեպքերում, ունեն ցկյանս իշխանություն. այդպես է և Ձեր պարագայում: Բազմաթիվ ընկերաբաններ ու հոգեբաններ այն կարծիքին են, թե չափազանց երկար ժամանակ գործադրված իշխանությունը տվյալ անհատի մոտ առաջ է բերում որոշ անհավասարակշռություն: Իրոք, այն մարդու համար, ով երկար ժամանակ պատասխանատու դիրք է գրավում ուրիշների հանդեպ, անչափ դժվար է իր կարծիքները, իր ճաշակը և այլ, չբացարձակացնելը…

Կաթոլիկ Եկեղեցու վանական շատ ուխտեր համարյա լրիվ անհետացման դառը փորձություն են ապրել այն ղեկավարների չարաշահումների պատճառով, որոնք չափազանց երկար ժամանակ են գործադրել իրենց իշխանությունը: Մեր ժամանակներում շատ դրամատներ, գործարաններ, ձեռնարկություններ և զանազան գրասենյակներ ձգտում են որքան հնարավոր է ավելի հաճախ փոխել ղեկավար անձնակազմը: Իսկ ինչո՞ւ են Եկեղեցիներն իրենց պետերին վերապահում ցկյանս իշխանություն:

Գարեգին Ա. – Ես չեմ կարող դատողություններ անել ուրիշ Եկեղեցիների մասին, բայց գիտակցաբար և ամենայն պատասխանատվությամբ կխոսեմ իմ Հայ Եկեղեցու մասին: Բացի Կաթողիկոսից, մեզ մոտ չկա հոգևոր այլ պետ, որին ընտրեին ցկյանս: Մեր եպիսկոպոսները որոշ թեմերում (օրինակ՝ ԱՄՆ-ում) ընտրվում են սահմանափակ ժամանակով՝ չորսից յոթ տարի ժամկետով, իսկ այնուհետև կատարվում է նոր ընտրություն: Չվերընտրված եպիսկոպոսները պահպանում են ձեռնադրության ժամանակ շնորհված եպիսկոպոսական աստիճանը, բայց այլևս վարչական պաշտոններ չեն վարում կամ՝ տեղափոխվում են ուրիշ թեմեր: Այսպիսով, մեր Եկեղեցում երկարատև իշխանության հարցն այնքան լուրջ չէ, որքան Կաթոլիկ Եկեղեցում կամ Ուղղափառ մյուս Եկեղեցիներում:

Եղել է ժամանակ, երբ եպիսկոպոսներն ընտրվել են մի որոշակի թեմում, որտեղ ծառայել են մինչև իրենց կյանքի վերջը, բայց կարող էին պաշտոնաթող լինել անձնական ցանկությամբ կամ էլ պաշտոնազրկվել հավատացյալների կողմից, ինչ որ պատահել է շատ անգամ. թեմական ժողովը, որ պատասխանատու է եպիսկոպոսի ընտրության համար, կարող էր վերջ տալ նրանց ծառայությանը, բայց դա, բնականաբար, չի նշանակում եպիսկոպոսին զրկել աստիճանից կամ եպիսկոպոսական բարձր հեղինակությունից: Ինչ վերաբերում է Կաթողիկոսին, նա, լինելով Եկեղեցու գլուխը, վարչական աշխատանքին զուգընթաց, կատարում է հավատքի պահապանի դերը. երաշխավորում է հավատարմությունն ավանդություններին և ուղղահավատությանը: Ժողովրդի համար Կաթողիկոսը առաձնահատուկ կերպով Եկեղեցու հովիվն է և ազգի հոգևոր հայրը: Հենց այդ պատճառով է նա ընտրվում ցկյանս: Սակայն և՛ այստեղ՝ Էջմիածնում, և՛ Կիլիկիո Կաթողիկոսական Աթոռում դեպքեր են եղել, երբ Կաթողիկոսը, իր առողջական վիճակի կամ գործունեությունը խոչընդոտող մի շարք այլ պատճառներով, խնդրել է իրեն փոխարինել: Այսպիսով, նոր Կաթողիկոսի ընտրությունից հետո, նախորդը հանգստի է գնացել՝ պահպանելով Կաթողիկոսի աստիճանը: Նորընտիր Հովվապետն ստանձնել է Եկեղեցու լիակատար պատասխանատվությունը նախկին Կաթողիկոսի կյանքի ամբողջ ընթացքում…

Ջ. Գուայտա – … ինչպես որ եղել է Կիլիկիո Աթոռին Ձեր ծառայության առաջին վեց տարիների ընթացքում*:

Գարեգին Ա. – Ճիշտ է: Այդպիսի դեպքերը ամենևին հազվադեպ չեն մեր Եկեղեցու պատմության մեջ:

* Նկատի ունի այն փաստը, որ Գարեգին Ա-ն (այն ժամանակ արքեպիսկոպոս) 1977-ի մայիսի 2-ին, Խորեն Ա Բարոյանի կաթողիկոսության շրջանում, ընտրվել է Մեծի Տանն Կիլիկիո աթոռակից կաթողիկոս: 

Կարդացե՛ք նաև Քանի՞ Հայ եկեղեցի գոյություն ունի

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Երջանկության մասին – Գարեգին Ա. կաթողիկոս

Karekin1 Երջանկության մասինՋ. Գուայտա – Ձերդ Սրբություն, Դուք երջանի՞կ մարդ եք:

Գարեգին Ա. – Չեմ կարող պատասխանել այդ հարցին առանց ճշտելու, թե մենք նո՞ւյն կերպ ենք հասկանում արդյոք «երջանկություն» բառը: Եթե խոսքը մշտատև անխռով հոգեվիճակի ներքին մնայուն մի տրամադրության մասին է, երբ բացակայում է ափսոսանքի, տառապանքի կամ անբավարարվածության զգացումը, ապա այդպիսի վիճակը խորթ է ինձ: Կարծում եմ, որ այդ հոգեվիճակը պարզապես մարդկային չէ: Մարդու կյանքում երջանկությունը նվաճում է. կասկածի, հուսահատության, փորձությունների հաղթահարում… Եթե այդպես է, ապա այո՛, ես երջանիկ եմ, որովհետև մտածում եմ, որ Աստծու օգնությամբ կարողացել եմ հաղթահարել ուխտազանցությունը, անկման պահերը: Նրանք են երջանիկ, ովքեր իրենց մեջ, իրենց կյանքում չեն կորցնում Աստծու ներկայության զգացումը: Վերընթերցելով «Երանիները», որ Հիսուսը հստակորեն ձևակերպել է Լեռան քարոզում, մենք տեսնում ենք, որ «երանելի» են աղքատները, տառապողները, հալածվողները: Ինչո՞ւ: Որովհետև Աստծու հոգին բնակվում է այդ մարդկանց մեջ, նույնիսկ երբ իրենց հոգու խորքում ժխտում են նրան: Աստծուն մերձ լինելու, ամբողջապես Նրան պատկանելու զգացումն Է կազմում մարդու երջանկությունը:

Ջ. Գուայտա – Այսպիսով, Դուք երջանկությանը տալիս եք այնպիսի մի սահմանում, որը տարբերվում է ընդհանրապես ընդունվածից: Շատերը կարծում են, թե իրենք երջանիկ են այն ժամանակ, երբ ամեն ինչ լավ Է, երբ խնդիրներ չունեն… Մինչդեռ Դուք պնդում եք. երջանկությունը դա չէ, կյանքի պայմաններն ընդունելու և դրանցից վեր բարձրանալու կարողությունն է այն, կյանք, որը պարուն՛ակում է այնքան շատ անկումներ ու ձախորդություններ:

Գարեգին Ա. – Հենց այդպես: Եվ ես կկամենայի հստակորեն սահմանազատել երջանկությունն ու «թեթևընթաց կյանքը»: Եթե կարծում ենք, թե երջանկությունը մեծ խնդիրներ չունենալն է, ապա մենք անտարբերությունից աոաջ եկող փորձության զոհերն ենք: Երջանիկ լինել՝ նշանակում է հաղթահարել թուլությունները, խղճի խայթերը: Երջանկության այլ չափանիշներ ևս կան. երջանիկ ես, երբ երջանկացնում ես ուրիշներին: Եթե մեր «երջանկությունը» միայն մեզ համար ենք պահում, ապա դա քրիստոնեական երջանկություն չէ: Տերը երջանիկ էր, նա մեզ պատվիրել է ուրա՛խ լինել միշտ (Թեսաղ. 5, 16): Բայց այդ ուրախությունը մեզ տրվում է Աստծու կողմից և կախված չէ նյութական կամ պատմական պայմաններից:
Երջանիկ լինելու համար պետք չէ խույս տալ պատասխանատվությունից, պարտավորությունից կամ տառապանքից: Երջանկության պայմանը, ընդհակառակը, տառապանքի ինքնակամ ընդունումն է՝ հանուն ուրիշների ուրախության:

Ջ. Գուայտա – Ուրեմն, երջանիկ կարող ենք լինել նույնիսկ նեղությունների պարագայում, մինչև իսկ՝ տառապանքի մեջ, սփյուռքում, եղեռնի օրոք…

Գարեգին Ա. – Իհարկե: Կարդալով մեր սրբախոսությունները, տեսնում ես, որ անգամ անմարդկային չարչարանքների ենթարկվելիս մեր սրբերը երջանիկ էին և չէին ուրանում հավատքը: Այդպես էր 5-րդ դարի հայ մի սրբի պարագայում, տանջողները նրա ծայրանդամները սեղմել են աքցանի մեջ, ջարդել ոսկորները: «Ուրացի՛ր քրիստոնեական հավատքը», – ասել են նրան: Իսկ նա պատասխանել է. «Ոսկորներս պատասխան են տալիս ձեզ»: Հոգևոր ինչպիսի՛ ուժ: Եթե նա չունենար հոգեկան երջանկություն, չէր կարողանա չուրանալ հավատքը… Տառապանքը, որ մեր կյանքում կամովին հանձն ենք առնում, չի հակասում ուրախությանը: Եթե դա հանձն ենք առնում հանուն այն արժեքների, որոնց նվիրաբերում ենք մեր կյանքը, այսինքն՝ հանուն հավատքի, Աստծու Թագավորության համար մեր հանձնառության, մերձավորի, հայրենիքի հանդեպ սիրո, ապա դժվարությունները և մինչև անգամ հալածանքները չեն կարողանա մեզ զրկել հոգևոր ուրախության այն զգացումից, որը մեզ ներշնչում է Աստծու ներկայությունը մեր կողքին:

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Տես նաև Երջանկահիշատակ ԳԱՐԵԳԻՆ Ա. կաթողիկոսը իր ծնողների մասին

Եկեղեցին և երիտասարդները /մաս Բ./ – Գարեգին Ա. կաթողիկոս

Եկեղեցին և երիտասարդները

Սկիզբը՝ այստեղ

Ջ. Գուայտա – Երիտասարդության հոմանիշներ մշտապես եղել են լավատեսությունը, կենսունակությունը, խանդավառությունը: Այս հոմանիշներին Դուք ավելացնում եք ներգրավվածություն բառը: Սակայն այսօր հաճախ են խոսում, թե երիտասարդները որևէ իդեալ կամ կատարելատիպ չունեն, որ նրանք որևիցե նպատակի հետամուտ չեն, չեն ցանկանում ինչ-որ բանում հիմնավորապես խորամուխ լինել և չեն ընդունում կյանքի մարտահրավերները… Դա է գուցե երիտասարդների որոշ չափով Եկեղեցուց հեռու մնալու պատճառը: Դեռ ավելին, Եկեղեցին իր դանդաղ ընթացքով, հազարամյա ծիսակատարությամբ, դժվարին խորհրդանիշներով երիտասարդությանը կարող է թվալ հնացած, նորույթից ընկած: Ի՞նչ տեղ կարող են ունենալ երիտասարդները Եկեղեցում:

Գարեգին Ա. – Ինչ վերաբերում է մեր երիտասարդ ժամանակակիցների որոշ կրավորականությանը, այստեղ նույնպես, ըստ իս, չպետք է ընդհանրացումներ կատարել: Հաճախ է ասվում, թե այսօր մեր երիտասարդությունը կորուսյալ է… Անձամբ ես այն կարծիքին եմ, որ Եկեղեցիներում հիմա բավականին շատ երիտասարդներ կան, բայց նրանց ծառայության նշանակությունը չի գնահատվում պատշաճորեն: Տեսնում եմ, որ երիտասարդության մոտ Եկեղեցում իր տեղի նոր գիտակցում է ձևավորվում, ինչը չափազանց կարևոր է, քանզի Եկեղեցիների պետերը չէ, որ պետք է թելադրեն երիտասարդներին կամ ցույց տան նրանց տեղը: Թույլ տանք, որ երիտասարդներն իրենք անդրադառնան, որ Եկեղեցու նկատմամբ ունեն պարտավորություն, և հենց իրենք գտնեն դրա իրագործման եղանակները: Երիտասարդների հազվադեպ ցուցաբերված հովվական հոգածության մեջ գլխավորը նարնց թույլ տալն է ինքնուրույնաբար ընդունել որոշումներ և գտնել գործելակերպեր: Սխալ է մտածել, թե երիտասարդների համար պետք է ամեն ինչ նախապատրաստել: Ըստ իս, պետք է անել ամեն բան, որպեսզի հենց իրենք կանխատրամադրվեն ստանձնելու պատասխանատվություններ: Մեծահարուստ երիտասարդը, որ ներկայացավ Քրիստոսին, հասկանում էր, որ իրեն ինչ-որ բան չի բավականացնում: Լսելով Հիսուսի առաջարկությունը՝ նա, դժբախտաբար, իր մեջ չգտավ բավականաչափ արիություն և կամքի ուժ…

Ես ասել, եմ, որ ինձ համար երիտասարդությունը մարտահրավեր ընդունելու քաջությունն է, այլ ոչ թե դրանցից խույս տալը: Երիտասարդներին հատուկ է որևէ բան փոխելու ձգտումը, նույնիսկ այն, ինչը միշտ համարվել է անփոփոխ: Եթե երիտասարդների մեջ այդպիսի վճռականություն կա, կարծում եմ, որ նրանք կգտնեն բոլոր ձևական արգելքները հաղթահարելու միջոցները և կբերեն այն թարմ օդը, որի կարիքն ունեն Եկեղեցիները: Մի խոսքով, երիտասարդությանը պետք է վստահել…

Ջ. Գուայտա – Կարծո՞ւմ եք, որ Եկեղեցիներն իրենք ևս պետք է մի քայլ կատարեն դեպի երիտասարդությունը:

Գարեգին Ա. – Այո՛, անշուշտ: Այն, ինչ Եկեղեցին արել է մինչև այժմ, բավական չէ, դեռ շատ բան կա անելու: Բայց կան բազմախոստում նշաններ: Կարծում եմ, որ երիտասրդությունը Եկեղեցու կյանքում էական նշանակություն ունի: Կարևորն այն է, որ Եկեղեցին ընդունի, թե երիտասարդներն իր համար միանգամայն բացառիկ առանձնաշնորհ են:

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Տես նաև Երջանկության մասին – Գարեգին Ա. կաթողիկոս

Գարեգին Ա. – ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱՍԻՆ

Գարեգին Ա, Եկեղեցու մասին

Եկեղեցին, որպէս ոգի, որպէս Քրիստոսով իրագործուած միասնութիւն և անով կերպաւորուած կարգաձև՝ կեդրոնական, կենսական, որոշադրիչ տեղ, դիրք և դեր ունի եկեղեցական անունը կրող անձին և անոր կեանքին մէջ։

Քրիստոսի հաւատքի ոյժը ծնունդ կու տայ նիւթականօրէն մետաղաշէն ու փայտաշէն, բայց հոգևորապէս հաւատաշէն եկեղեցիներու։

Հայաստանեայց եկեղեցին երբեմն առանց հողի ու քարի կարողացաւ մեզ պահել երկար դարեր ու կարող է մեզ յաւերժացնել, երբ գիտնանք մեր ոտները ամրապէս կռուանել այդ գետնի վրայ իբրեւ մեր գոյութեան խորարմատ եւ հաստատախարիսխ պատուանդանի։

Եկեղեցին համահաւաքոյթն է, միասնականութիւնն է բոլոր անոնց, որոնք կը հաւատան ի Քրիստոս, հայօրէն, Լուսաւորչօրէն, Մեսրոպաբար, Վարդանաբար։

Օտար եկեղեցիներ չկարողացան խափանել և խախտել Հայաստանեայց եկեղեցու վճիտ հաւատքը Հայաստանում առաքեալներով քարոզուած և Լուսաւորչով կնքուած ու մեր սուրբ հայրերի հոգեշէն քարոզութեամբ ծաղկած։

Տե՛ս նաև Գարեգին Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց, ԳՐՔԻ ՄԱՍԻՆ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց. տեսանյութ

Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Ա. Կաթողիկոս Ամենայն  Հայոց

ՏԵՍԱՆՅՈՒԹ

%d bloggers like this: