Blog Archives

Ի՞նչ ընթերցել Մեծ Պահքի ընթացքում

Պահք

Ուրախալի է, որ տարեցտարի ավելանում է այն մարդկանց թիվը (գոնե իմ շրջապատում), որոնք գիտակցում են, որ Մեծ Պահքի շրջանը ոչ թե պարզապես կենդանական սննդից հրաժարվելու (ձեռքի հետ էլ ավելորդ քաշից ազատվելու) ժամանակահատված է, այլ պետք է ուղեցկվի այսպես ասած հոգևոր պահքով:

Պահքը շատ ժամանակ իրավացիորեն համեմատում են ճամփորդության հետ, և ինչպես յուրաքանչյուր ճամփորդության պատրաստվելիս մանրակրկտորեն ընտրում ենք, թե ինչ իրեր կարող են մեզ պետք գալ դրա ընթացքում, Մեծ Պահքի համար էլ պիտի ունենանք համապատասխան «իրեր»ը, այն է՝ գրականությունը, որով պիտի պատրաստենք մեզ ապաշխարության այդ ճամփորդության ընթացքում. այլապես, պարզապես ամեն կիրակի պատարագի կամ էլ շաբաթվա ընթացքում ժամերգությունների մասնակցելով, շատ հպանցիկորեն կիրականացնենք այդ ճամփորդությունը: Համոզված եմ, որ Մեծ Պահքն առանց ընթերցանության ու ընթերցածի շուրջը խորհրդածության Read the rest of this entry

Սուրբ Գրիգոր Նարեկացին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Եկեղեցու Ուսուցիչ է հռչակվել

2015-02-23 Վատիկանի ռադիո (http://www.news.va/en/news/pope-francis-declares-armenian-saint-doctor-of-the)

Գրիգոր ՆարեկացիՖրանցիսկոս պապը հայազգի սուրբ՝ վանական և բանաստեղծ Գրիգոր Նարեկացուն հայտարարել է Տիեզերական Եկեղեցու Ուսուցիչ (Դոկտոր): Շաբաթ օրը  հանդիպելով  Սրբերի (սրբադասման) հարցերով զբաղվող կոնգրեգացիայի (հանձնաժողովի) ղեկավար կարդինալ Անջելո Ամատոյին՝ պապը հաստատել է կոնգրեգացիայի լիագումար նիստում առաջ քաշված առաջարկը՝ 10-րդ դ. հայ սրբին Տիեզերական Եկեղեցու Ուսուցչի (Դոկտորի) կոչում շնորհելու մասին:

Այնուհետև Վատիկանի ռադիոյի կայքում ներկայացված է Սուրբ Գրիգոր Նարեկացու կենսագրությունը, որին կարող եք ծանոթանալ ստորև.

Ս. Գրիգոր Նարեկացի

[940-ական թթ. 2-րդ կես, հավանաբար գյուղ Նարեկ (Ռշտունյաց գավառ) – 1003], բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ, մանկավարժ: Խոսրով Անձևացու որդին: Դաստիարակվել ու կրթություն է ստացել Նարեկավանքի դպրոցում, Անանիա Նարեկացու հսկողությամբ, որ մոր հորեղբայրն էր: Գրիգոր Նարեկացու գործունեությունը կապվում է նույն վանքի հետ, որտեղ վարդապետ է եղել մինչև իր կյանքի վերջը: Մենաստանի տարածքում նրա հիշատակին կանգնեցվել է մատուռ, որի մեջ ամփոփվել է նրա աճյունը:

Նարեկացուց մեզ է հասել «Մեկնութիւն երգոց երգւոյն Սողոմոնի» երկը (գրված 977-ին), «Ապարանից Ա. Խաչի պատմությունը» (980-ական թթ.), մի քանի ներբողներ, շուրջ 36 բանաստեղծություն, «Մատեան ողբերգութեան» (1001-1003) պոեմը և դավանաբան, մի թուղթ, որն ուղղված է Մոկաց Կճավա վանքի վանահորը և արժեքավոր աղբյուր է Թոնդրակյան շարժման մասին: Նրան է վերագրվում նաև Հոբի գրքի մի հատվածի մեկնությունը («Ո՞վ է դա…», անտիպ):

Գրիգոր Նարեկացու տաղերում («Մեղեդի ծննդեան», «Տաղ վարդավառի», «Տաղ քաղցրիկ», «Տաղ ազնիւ») աշխարհիկ ընկալմամբ պատկերել է իրական կնոջ գեղեցկությունը, երկրային հմայքները, փառաբանել բնությունը:

Նարեկացու բանաստեղծ, հանճարն ամենակատարյալ արտահայտությունն է գտել «Մատեան ողբերգության» քնարական-փիլիսոփայական պոեմում, որը հայտնի է «Նարեկ» անունով: Մեծածավալ երկը (95 գլուխ, ավելի քան 10000 տող) չունի պատմող, սյուժեի տարրեր, բայց ունի սկիզբ և ավարտ, ներքին զարգացման կուռ միասնություն ու ամբողջականություն: Գործողությունը զարգանում է կյանքի ու մահվան, անկման ու փրկության, հուսալքության և ինքնահուսադրման իրարամերժ գաղափարների ու ապրումների բախումով: Բախման կենտրոնում բանաստեղծն է,որը սեփական մեղքերը քավելով և ինքնակատարելագործման ճանապարհով ձգտում է հասնել ու միանալ աստվածային էությանը: Պոեմում Նարեկացին չի ձգտում ո՛չ բանականությամբ, ոչ զգացողությամբ և ո՛չ էլ կրոնական դավանաբանության հեղինակությամբ ապացուցել Աստծու գոյությունը, ճանաչել նրա էությունը: Նրա համար Աստված անառարկելի ճշմարտություն է, և նա չի պահանջում ոչ մի ապացույց:

Գրիգոր Նարեկացին խոսում է մարդ անհատի մասին և խորությամբ պատկերում նրա ներաշխարհը: Անհատն իր ամեն կարգի մարդկային մեղքերի «մեղավոր աշխարհով» հույս ունի և հավատում է Աստծուց սպասվող փրկությանը:

Պոեմը հորինված է յամբ-անապեստյան ազատ տաղաչափությամբ և հանգի մասնակի օգտագործումով:

Ինչպես «Մատեան ողբերգութեան» պոեմում, այնպես էլ տաղերում Նարեկացին օգտվել է հայ բանահյուսությունից, բանահյուսական տաղաչափական ձևերից ու ընդհանրապես ժողովրդական խոսքի տարրերից, իսկ բազմազան նմանաձայնությունների (բաղաձայնույթ, առձայնույթ) միջոցով հասել է երաժշտականության: Նարեկացու գեղարվեստական մտածողությունը բնութագրվում է որպես բանական-զգացմունքային և իր մեջ միավորում է ծավալայնությունն ու արտահայտչական ոճը: Այդ մտածողությունն իր ազդեցությունն է թողել հետագա շրջանի, հատկապես XII-XIII դդ. (Ներսես Շնորհալի, Ֆրիկ, Կոստանդին Երզնկացի), ինչպես և XX դարի 1-ին կեսի (Մ. Մեծարենց, Սիամանթո, Ե. Չարենց) հայ բանաստեղծության վրա:

Նարեկացու բարդ և հակասական աշխարհայացքի հիմքում Աստծու՝ որպես բարձրագույն սուբստանցի մասին քրիստոնեական ուսմունքն է: Մարդկության պատմությունը նա պատկերել է ըստ Աստվածաշնչի՝ աշխարհի արարումից մինչև վերջին դատաստանը: Նրա խորհրդապաշտությունը սերտորեն միահյուսված է նորպլատոնականության հետ. տեսանելին իմաստավորվում է անտեսանելիով և՝ ընդհակառակը:

Գրիգոր Նարեկացին, որպես երաժիշտ, նոր շունչ ու կյանք է հաղորդել հայմիջնադարյան մասնագիտացված երգարվեստին: Հատկապես իր տաղերի երաժշտական բաղադրիչներում հաղթահարված են շարականների հին ութձայնի դրությանը՝ կապված եղանակների կազմության՝ տվյալ պատմաշրջանի համար արդեն քարացած ձևերը: Ընդհանրապես նախատեսված չլինելով պարտադիր-կիրառական նպատակների համար՝ տաղերն ազատ են մնացել եկեղեցական

կանոնական մտածողությունից ու ավելի անկաշկանդ (քան, օրինակ՝ շարականները) հարստացել են ժողովրդական-գուսանական արվեստից եկող կենսունակ տարրերով:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրիգոր Նարեկացի, Մատյան ողբերգության, «Սովետական գրող», Երևան, 1979թ.:

Սարգսյան Մ., Գրիգոր Նարեկացի, <<Արևիկ>> հրատ., Երևան, 1989:

Երկ. Գիրք աղօթից սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ արարեալ, ԿՊ, 1700: 

Սրբոյ հորն մերոյ Գրիգորի Նարեկայ վանից վանականի մատենագրութիւնք, Վնտ., 1840: 

Մատյան ողբերգության (գրաբարից թրգմ՝ Վ. Գևորգյան), Ե., 1970: 

Տաղեր և գանձեր (աշխատասիր.՝ Ա. Քյոշկերյանի), Ե., 1981:

Աղբյուրը՝ http://www.armenianlanguage.am

Կարդացե՛ք նաև Բարի առավոտ – Մայստեր Էկհարտ 

%d bloggers like this: