Blog Archives

Հայոց ազգային եկեղեցին, մասն Դ. – Գարեգին արքեպիսկոպոս (Յովսէփեան)

Սկիզբը՝ այստեղ:

Քաղկեդոնի ժողովՀայաստանեայց Եկեղեցին որոշ առանձնայատկութիւններ ունի նաեւ դաւանաբանական եւ ծիսական տեսակէտներով, որպէս հետեւանք նորա պատմական կեանքի: Մինչեւ 451 թուի Քաղկեդոնի Ժողովը քրիստոնէական եկեղեցիների մէջ դաւանաբանական խտրութիւն չկար: Արեւելքի մէջ երկու մեծ դպրոցներ կային. դորանից մէկը Աղէքսանդրիայի դպրոցն էր, որ Գ. դարի սկզբից մեծ հեղինակութիւն էր սկսել վայելել, առաջնորդ ունենալով Կղեմէս Աղեքսանդրացու եւ մանաւանդ Որոգինէսի նման մեծ գիտնականը, որ հեղինակութիւն էր ոչ միայն քրիստոնեաների, այլ եւ հեթանոսների աչքում: Բաւական է յիշել, որ նորան լսելու էին գալիս եւ հեթանոս փիլիսոփաներ, նոյն իսկ կայերական տան անդամներ, ինչպէս Իւլիա Մամէա Կայսրուհին էր: Դ. դարի սկզբից մինչեւ Ե. դարի վերջերը Աղեքսանդրիայի դպրոցն եւ եպիսկոպոսները կատարելապէս իշխող են եւ ուղղութիւն տուող քրիստոնէական մտայնութեան եւ դաւանական խնդիրների վերլուծութեան: Նիկիոյ Ժողովի մէջ յաղթանակեց Աթանաս Մեծ, դեռ եւս սարկաւագ լինելով, Read the rest of this entry

Ս. Գրիգոր Տաթևացի, Աստծո Սուրբ Հոգու մասին՝ ընդդեմ Մակեդոնի. Գլուխ ԺԲ.

Գրիգոր ՏաթևացիԻնչպես Գրիգոր Աստվածաբանն է գրում Սուրբ Հոգու մասին իր խոսքում, Սուրբ Հոգու աստվածության վերաբերյալ շատերը զանազան կերպով մոլորվեցին: Բայց սրանք թողնելով մեկ այլ առիթի՝ միայն երկուսը վերցնենք. նախ՝ Մակեդոնի* հայհոյող խոսքը, որ Սուրբ Հոգին արարած և սպասավոր էր անվանում, և ապա նրանց մոլորությունը, ովքեր ասում են, թե Հոգու բխումը [կատարվում է] Հորից և Որդուց:

Տեսնենք նախ Մակեդոնին և նրա նման մտածողներին: [Նրանք] աստիճանավորում են Երրորդությունը, և անվանում՝ արարիչ, գործակից, սպասավոր, և ըստ անունների, նրանց շնորհներ պատշաճեցնում. Ասում են մեկն արարիչ է՝ զորությամբ և անսահման բնությամբ, մյուսը գործակից է՝ անսահման զորությամբ, որովհետև պնդում են, [որ նա նրան] գործակից է և բնությամբ սահմանավոր, քանզի ասում են, թե արարած է, իսկ [երրորդը] սահմանավոր է և՛ զորությամբ, և՛ բնությամբ, որովհետև ասում են, թե արարած է, սպասավոր է և՝ ծառա: Եվ իրենց խոսքերը հաստատում են Սուրբ Գրքի վկայություններով. նախ [այն, որ] հարմար չէ աստծուն աղոթել և բարեխոս [համարել], նաև՝ Որդուն՝ մարդեղության [պատճառով]: Պողոսը ևս Հռոմեացիներին [հղած թղթում] ասում է. «Սուրբ Հոգին բարեխոս է լինում անմռունչ հեծությամբ» (Հռոմ. 8.26): Արդ, այժմ նրանց հակաճառությանը պատասխանենք և հետո Սուրբ Հոգին և Որդու հետ ընդունենք [որպես] ճշմարիտ Աստված:

Առաջին՝ բարեխոսելը հետևյալ կերպ է մեկնաբանում Հովհան Ոսկեբերանը. [Սուրբ Հոգին մկրտության] ավազանով վերստին ծնվածներին ըստ շնորհաց չափի է արժանի դարձնում իմաստության, բացատրելու [կարողության] և այլն: Այսպես, մեկը շնորհք ընդունում է աղոթելու համար, որպեսզի ուրիշները ևս նրանից աղոթել սովորեն: Սրա օրինակն այժմ մեզ սարկավագն է տալիս, նրան հոգի ենք կոչում հոգևորապես խոսելու պատճառով: Մինչդեռ ուրիշներ հրեշտակի հոգին են հոգի անվանում, որը տրված է մեզ պահպանելու համար, որովհետև նա առաջնորդում է մեզ դեպի բարին և մեր աղոթքները մատուցում Աստծուն, որի մասին Տովբիթի մեջ ասվում է. «Երբ աղոթքի կանգնես, և քո անունը Սառա [կլինի], ես ձեր աղոթքները կմատուցեմ Սրբի առաջ» (Տովբ. 12.12):

Սուրբ Հոգի

Նույն Հոգին նաև մխիթարիչ է: Այս խոսքը ուղղակիորեն է [վկայված] (տե՛ս Հովհ. 14.16, 26, 15.26, 16.7): Սուրբ Գրքի սովորությունն է Աստծո [անվանն] ընծայել այն, ինչ [նա] կատարում է մարդկանց մեջ. Ինչպես [օրինակ]՝ Աբրահամին ասում է. «Այժմ իմացա, թե դու Աստծո [նկատմամբ] երկյուղած ես» (Ծննդ. 22.12), այսինքն՝ այժմ մարդկանց կասեմ քո երկյուղածության [մասին]: Այդպես է նաև Հոգու բարեխոսելը. որովհետև նա ինքը ծագում է մեր սրտում՝ աղոթքի մեջ բարեխոս լինելու, այսինքն՝ խնդրելու այն, ինչ Աստծո փառքի համար է:

Երկրորդ առարկություն. փոքրն է առաքվում մեծի կողմից. Որդին ասում է. «Երբ կգա մխիթարիչ Սուրբ Հոգին, որ առաքեց Հայրն իմ անունով» (Հովհ. 14.26): Այս մասին ասենք [հետևյալը]. ասվում է, թե Որդին առաքված է Հորից և Հոգուց, ըստ այս խոսքի. «Տերը Տերը և Նրա Հոգին առաքեց ինձ» (Եսայի 48.16): Բայց այս ոչ թե փոքրության, այլ նրանց կամքի միության պատճառով է: Նաև Հոգու առաքումը ոչ թե նվազությունը, այլ Հոր և Որդու հետ [նրա] համակամությունն է ցույց տալիս:

Երրորդ առարկություն. շարժվելը ստեղծվածներին է [հատուկ]. [և իրապես] Ծննդոց [գրքում] ասվում է. «Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա» (Ծննդ. 1.2): Նաև Հովելը ասում է. «Իմ Հոգուց եմ հեղելու բոլոր մարմինների վրա» (Հովել 2.28): Սրա վերաբերյալ ասենք, որ ոմանք Աստծո Հոգի են համարում օդը, որի բնական տեղը ջրերի վրա է: Դարձյալ, շարժումը վերաբերում է ոչ միայն Սուրբ Հոգուն, այլև՝ Հորը և Որդուն, համաձայն այն խոսքի. «Դրախտի մեջ լսեցին Տեր Աստծո ոտնաձայնը» (Ծննդ. 3.8): Նաև՝ «Իջնեմ և տեսնեմ թե [ինձ հասած] աղաղակի պես արեցին» (Ծննդ. 18.21): Այսպիսով, այս շարժումները ցույց չեն տալիս, որ Աստված ստեղծված է, ուրեմն նաև՝ Սուրբ Հոգին: Իսկ Հովելի խոսքում [«Իմ Հոգուց եմ հեղելու»] հեղումը ոչ այլ ինչ է, բայց թե առաքումն, որը ցույց է տալիս մեկի կողմից շատերի վրա Հոգու շնորհների ծավալումը:

Չորրորդ առարկություն. տրտմությունը կիրք է և չի կարող Աստված լինել. և, իրապես, Եփեսացիներին [հղած թղթում] ասվում է. «Մի տրտմեցրեք Սուրբ Հոգին» (Եփես. 4.30): Այս մասին [նաև] մարգարեն է ասում. «Տերը տրտմությամբ բարկացավ ժողովրդի վրա» (Եսայի 5.25): Սակայն այս չի նշանակում, թե Աստված կիրք ունի, այլ՝ դա հանցավոր գործերի պատիժն էր: Այդպես է նաև [Սուրբ] Հոգու տրտմությունը. ինչպես տրտմողն է հեռանում տրտմեցնողից, այդպես էլ Սուրբ Հոգին է հեռանում մեղավորից:

Հինգերորդ առարկություն. եթե Սուրբ Հոգին բնությունը ստանում է Հորից, ապա [նա] նրա որդին է, որովհետև այն է անվանվում որդի, որն ունի հոր նույնատեսակ բնությունը: Իսկ նա, որ չունի Հայր Աստծո բնությունը, ուրեմն Աստված չէ: Այս մասին ասենք [հետևյալը]. Հորից է Հոգու բնությունը, սակայն ոչ թե ծնունդով՝ ինչպես Որդին, այլ՝ բխումով. [այնպես] ինչպես շունչն ու խոսքը հոգու մինևնույն էությունն ունեն զանազան կերպով: Եվ ինչպես Ադամից առաջացան Սեթն ու Եվան, որոնցից մեկը ծնունդ է և մյուսը՝ ոչ ծնունդ, և երեքն էլ մարդու միևնույն բնությունն ունեն, այդպես էլ Սուրբ Հոգին Հորից հավիտենական բխումով առավ [նրա] էությունը, իսկ Որդին՝ [հավիտենական] ծնունդով: Ուրեմն՝ [Սուրբ Հոգին] Հոր և Որդու հետ հավասարապես Աստված է, որ արարչակից և մշտնջենավորակից, գոյակից և փառակից է [նրանց]:

Սրանք և սրանց նմաններն են չարախոս Մակեդոնի վկայություններն ու [դրանց արված] ուղղափառների պատասխանները:

[Այն,] որ Սուրբ Հոգին ճշմարիտ Աստված է

Այն, որ Սուրբ Հոգին Աստված է, փորձենք [հաստատել] Սուրբ Գրքի վկայություններով.

նախ՝ Աստծո պաշտամունքը միայն Աստծուն է պատշաճում ըստ այն խոսքի, թե՝ «Քո Տիրոջը երկրպագես և միայն նրան պաշտես» (Բ. Օր. 6.13): Այլև Փիլիպեցիներին [հղած թղթում] Պողոսն ասում է. «Մենք իսկ թլփատությունն ենք, որ պաշտում ենք Աստծո Հոգին» (Փիլիպ. 3.3):

Երկրորդ՝ մեռելներին հարություն պարգևել միայն Աստծուն է պատշաճում, որի շնորհիվ Որդին իրեն հավասարեցրեց Հայր Աստծուն, ասելով. «Ինչպես Հայրն է հարություն տալիս մեռելներին, այնպես էլ Որդին» (Հովհ. 5.21): Եվ Հռոմեացիներին հղած թղթում ասվում է. «Նրա Հոգին, որ մեռելներից հարություն պարգևեց Հիսուսին, կկենդանացնի ձեր մահկանացու մարմինները» (Հռոմ. 8.11):

Երրորդ՝ արարածներից և ոչ մեկը չի կարող քննել աստվածային խորքերը, ըստ այն խոսքի թե՝ «Ոչ ոք չգիտի Հորը, եթե ոչ Որդին, որ Աստված է» (Մարկ. 13.32): Ավելին՝ Կորնթացիներին [հղած թղթում] Պողոսն ասում է. «Հոգին է, որ քննում է ամենայն ինչ ու [նաև]՝ աստվածային խորքերը» (Ա. Կորնթ. 2.10):

Չորրորդ՝ ամեն տեղ լինելը միայն Աստծուն է հատուկ. «Ես եմ լցնում երկինքն ու երկիրը, ասում է ամենակալ Տերը» (Ամովս 3.13): Այլև [Սողոմոնի] Իմաստության մեջ ասվում է. «Որովհետև Տիրոջ Հոգին լցրեց Տիեզերքը» (Երեմ. 23.24):

Հինգերորդ՝ Պետրոսը Անանիային ասում է. «Ինչո՞ւ սատանան քո սիրտը լցրեց՝ խաբելու Սուրբ Հոգին» (Գործք 5.3): Եվ հետո ասում է «Մարդկանց չարեցիր, այլ՝ Աստծուն» (Գործք 5.4): Ուրեմն Սուրբ Հոգին Աստված է: Սակայն թերևս Մակեդոնը ասի, թե վերը ասվածները հարմարվում են Հոգուն, ոչ որպես Աստծո, այլ՝ սպասավորի: Որ սա բացահայտորեն սուտ է, երևում է Պողոսի՝ Կորնթացիներին հղած թղթից. «Պարգևները զանազան են, բայց տվողը նույն Հոգին է: [Նաև] զանազան են սպասավորությունները, բայց նույն Տերն է տալիս: [Նույնպես] զանազան են հաջողությունները, բայց նույն Աստված է, որ հաջողություն է [պարգևում] բոլորին ամեն ինչում»: Եվ հետո ասում է. «Այս բոլորը հաջողեցնում է նույն Հոգին, և բաժանում յուրաքանչյուրին, ինչպես կամենում է» (Ա. Կոր. 12.4-7, 11): Այսքանն ընդդեմ հոգեմարտ Մակեդոնի: 

* Եղել է Կոստանդնուպոլսի պատրիարք։ Նրա ուսմունքը դատապարտվել է 381 թ. Կոստանդնուպոսլում գումարված 2-րդ տիեզերական ժողովում։

Աղբյուրը՝ Ս. Գրիգոր Տաթևացի, «Ոսկեփորիկ»

Կարդացե՛ք նաև Հայ եկեղեցին՝ «մոնոֆիզի՞տ»

%d bloggers like this: