Blog Archives

ՄԵՆՔ՝ ՎԱՐԴԱՆԱՆՔ. Խաչակնքելը՝ հայ լինելու ապացույց

հայ երեխա խաչակնքել

Նկարը՝ http://www.qahana.am կայքից

Սիրենա Արամի Ալաճաճյանի՝ 1910 թ. Ադաբազարում (Կ. Պոլիս) ծնված վերապրողի հուշերը պատմում են իր մանկության տարիների մասին: Երբ ընտանիքի անդամները դեպի Դեր Զոր տեղահանության ընթացքում սովից ու հյուծումից մահանում են, նա մենակ է մնում, և մի արաբ կին նրան տանում է իր վրանն ու այնտեղ խնամում-պահում՝ իբրև սեփական զավակի։ Սակայն մի օր, որբախույզները, ովքեր տարբեր մարդասիրական ծրագրերի շրջանակում զբաղվում էին հայ որբերի փնտրտուքով, հայտնաբերում են նրան և փորձում մանկան հետ խոսելով նրա՝ հայ լինելու ապացույցները գտնել: Երեխան սպիտակամաշկ, խարտյաշ և կապուտաչյա է լինում, որից ենթադրում են, որ նա տվյալ ընտանիքի ծնունդ չէ: Աղջնակի հայ լինելու ծայրագույն ու միանշանակ ապացույցը լինում է նրա՝ Հայ եկեղեցու ավանդույթով խաչակնքվելու կերպը, որը նրան վերադարձնում է հայ ինքնությանը: Ահա՝ արևելահայ ուղղագրությամբ գրառված, բայց արևմտահայերենով պատմված այդ դրվագը. Read the rest of this entry

Տօն Կ. Պոլսոյ ս. ժողովոյն 150 հայրապետացն

Կոստանդնուպոլսի 381 թ. տիեզերաժողով.jpgԿ. Պոլսոյ տիեզերական ժողովը գումարուեց 381 թուին, Թէոդոս կայսեր հրամանով և 150 հայրապետների մասնակցութեամբ:

Ժողովը հրաւիրուած էր Մակեդոնի հերետիկոսութեան խնդրի պատճառով: Մակեդոնը արիոսականների* կողմից ընտրուել էր Պոլսի առաջնորդ, մինչ ուղղափառները նշանակել էին Պօղոսին: Կայսեր հրամանով Պօղոսը հեռացուեց, և Մակեդոնը գրաւեց աթոռը: Բայց յետագային, կայսրը նրա վատ ընթացքը և հպարտ բնաւորութիւնը նկատի ունենալով, հեռացրեց աթոռից և մի ուրիշին նշանակեց եպիսկոպոս: Մակեդոնն ամբողջութեամբ անցաւ արիոսականների կողմը և իր քարոզներով սկսեց արիոսական մոլար վարդապետութիւնն ուսուցանել: Նա ուսուցանում էր, թէ Հոգին սուրբ հաւասար և համագոյակից չէ Հօրը և Որդուն, այլ ստորադաս էր նրանցից:

Թէոդոս կայսրը խռովութիւնների և աղանդաւորական շարժումների առաջն առնելու համար հրամայեց ժողով գումարել և Ս. Երրորդութիւնը դաւանել նախկին ձևով: Ժողովը կայացաւ Պոլսում, 381 թուին, մասնակցութեամբ 150 եպիսկոպոսների, որոնցից 36-ը Մակեդոնի հետևորդներն էին: Ժողովի ընթացքին քննադատութեան ենթարկուեց Մակեդոնը, իսկ նրա հետևորդները մերժեցին ընդունել ուղղափառների դաւանութիւնը և ժողովից հեռացան:

Ժողովականները քննեցին Մակեդոնի մոլար վարդապետութիւնը, դատապարտեցին և նզովեցին նրան ու իր հետևորդներին:

Ժողովականներն զբաղուեցին նաև եկեղեցական կանոնական այլ հարցերով:

Կ. Պոլսի ժողովում Հռոմի եկեղեցին ներկայացուցիչ չունէր. ուստի արձանագրութիւնն ուղարկեցին Հռոմ, որպէսզի քահանայապետը ստորագրի: Հռոմի եկեղեցին դաւանական որոշումներն ընդունեց, իսկ կանոնը թողեց ուսումնասիրութեան եւ քննութեան համար:

Աւանդութեան համաձայն՝ այս ժողովին ներկայ է գտնուել նաև հայոց Մեծն Ներսէս հայրապետը, բայց այս մասին վաւերական ստոյգ տեղեկութիւններ և ապացոյցներ պակասում են:

Կ. Պոսլի ժողովի, ինչպէս նաև տիեզերական միւս երկու ժողովների համար Հայաստանեայց եկեղեցին յատուկ տօնախմբութիւն ունի:

* Ալեքսանդրացի քահանա Արիոսի հետևորդները:  Վերջինիս ուսմունքը դատապարտվել է 325 թ. Նիկիայում գումարված 1-ին տիեզերական ժողովում։

Աղբյուրը՝ Արտակ արք. Մանուկեան, Հայ եկեղեցու տօները, Բ. տպ., Թեհրան, 1980:

Կարդացե՛ք նաև Ս. Գրիգոր Տաթևացի, Աստծո Սուրբ Հոգու մասին՝ ընդդեմ Մակեդոնի. Գլուխ ԺԲ.

ԱՄՊՀՈՎԱՆԻ – Ծիսական բառարան, Մաղաքիա արքեպ. Օրմանյան

ԱՄՊՀՈՎԱՆԻ Մաղաքիա արքեպիսկոպոս ՕրմանյանՆկարը՝ Մայր Աթոռի ՖԲ էջից

  Բարձրաստիճան վիճակաւորներու յատուկ պատուոյ նշանակ է. անոնց գլուխին վրայէն տարածուած հովանոց մը, բաւական ընդարձակ եւ քառանկիւն կերպասէ պատրաստուած եւ չորս կողմերը ծոպերով շրջապատուած, զոր հորիզոնական դիրքի վրայ չորս կամ վեց ձողերով բարձրացուած կը տանին չորս կամ վեց պատուաւոր անձեր կամ եկեղեցական սպասաւորներ՝ վիճակաւորին թափօրով քալած ատեն։ Արեւելեան Հայոց վիճակներու մէջ ամպհովանիի կիրառութիւնը սովորական է ամէն վիճակաւոր եպիսկոպոսի, իսկ մեր վիճակներուն մէջ քիչ տեղ կ’երեւայայժմ անոր կիրառութիւնը վիճակաւորներու համար։ Իզմիրի մէջ մնացած սովորութիւնը հաւանաբար ծագում առած է նոյն վիճակին մինչեւ վերջին ժամանակները Էջմիածնի նուիրակներու պահուած տէրունի վիճակ ըլլալէն։ Կ. Պոլսոյ մէջ պատրիարքներ կը գործածեն եղեր զայն մինչեւ մօտ ժամանակներ։ Կիլիկիոյ ու Աղթամարայ կաթողիկոսներ ու Երուսաղէմի պատրիարքներ կը պահեն ցարդ ամպհովանիի կիրառութիւնը։

Տե՛ս նաև ԱՌԱՋԱՒՈՐԱՑ ԿԻՐԱԿԻ – Ծիսական բառարան, Մաղաքիա արքեպ. Օրմանյան

%d bloggers like this: