Blog Archives

Մեծ Պահքի մասին – Ալեքսանդր Շմեման

Ստորև ներկայանցնում ենք ռուս եկեղեցական գործիչ, աստվածաբան հայր Ալեքսանդր Շմեմանի՝ պահքին վերաբերող մի քանի միտք «Մեծ Պահք. ճամփորդություն դեպի Սուրբ Զատիկ» գրքից:

Ալեքսանդր ՇմեմանՄեծ պահքը ամենից առավել հոգևոր ճամփորդություն է, որի նպատակակետը Զատիկն է՝ տոների տոնը…

Մեծ պահքը եկեղեցու օգնությունն է մեզ՝ ապաշխարության դպրոցը, որի միջոցով միայն կարելի է հասնել Զատկին՝ ընդունելով այն որպես մեր մեջ եղած «հնի» վախճան և մուտքը «նոր կյանք»:

Մեծ պահքը աստվածայինի, երկնայինի և հավիտենականի հաղթանակի համար պայքարն է մեր ներսում:

Մեծ պահքի նպատակն է ոչ թե որոշ պարտավորությունների մեզ հարկադրելը, այլ մեր սիրտը «փափկացնելը», որպեսզի այն զգա հոգու ճշմարտությունները, ճաշակի Աստծու հետ հաղորդության հանդեպ անթեղված «ծարավն ու քաղցը»:

Պահեցողության քրիստոնեական էությունը հասկանալի է դառնում աստվածաշնչային երկու դեպքերի միջև եղած փոխկապակցման միջոցով. մեկը Հին Կտակարանի սկզբում է, մյուսը` Նոր Կտակարանի: Առաջին դեպքը դրախտում Ադամի կողմից «պահեցողության խախտումն է». նա ճաշակեց արգելված պտուղը: Այստեղ է մեզ համար բացահայտվում մարդու սկզբնական մեղքը: Քրիստոս` նոր Ադամը (սա երկրորդ դեպքն է), սկսում է ծոմով: Ադամը փորձության ենթարկվեց և պարտվեց: Քրիստոս փորձության ենթարկվեց և հաղթեց փորձությանը: Ադամի զանցառության հետևանքներն են դրախտից արտաքսումն ու մահը: Քրիստոսի հաղթանակի պտուղներն են մահվան կործանումն ու մեր վերադարձը դրախտ:

Պահեցողությունը սոսկ «պարտավորություն», սովորություն չէ, այլ կապված է կյանքի ու մահվան, փրկության ու դատապարտության խորհրդի հետ:

Զատկի կանխավայելումն է լուսավորում Մեծ պահքի շրջանի տխրությունը՝ մեր տքնությունը փոխակերպելով «հոգևոր զարթոնքի»: Գիշերը գուցե խավար ու երկար է, սակայն հորիզոնում ճառագում է խորհրդավոր, պայծառ առավոտը: «Մեզ մի՛ զրկիր մեր հույսից, Ո՛վ Մարդասեր»:

Կարդացե՛ք նաև Սուրբ Եփրեմ Ասորու՝ Մեծ Պահքի աղոթքը

ԾՈՄ – Ծիսական բառարան, Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան

ծոմ, Օրմանյան, ծիսական բառարան

Եկեղեցւոյ նախնական սովորութեան մէջ պահք կոչուածը կերակուր չուտելն էր, հետեւաբար կ’իմացուէր ինչ որ այժմ մենք կ’իմանանք ծոմ բառով։ Իսկ երբ բոլորովին անօթի մնալ չկրցողներու ներուեցաւ թեթեւ եւ չկշտացնող բանջարեղէն ուտել՝ առանց պահեցողութիւնը աւրուած սեպելու, պահք բառին իմաստը սեպհականուեցաւ մսեղէն ու կենդանական կերակուրներէ զգուշանալով՝ բուսեղէններով շատանալուն, եւ ծոմ բառը գործածուեցաւ առանց ուտելու պահեցողութեան։ Եկեղեցւոյ մէջ պահքէն զատ ծոմ ալ կը պահուի Առաջաւորաց հինգ օրերուն եւ Մեծ Պահքի իւրաքանչիւր եօթնեակին առաջին հինգ օրերուն, շաբաթ ու Կիրակի օրերէն զատ, իսկ մնացեալ բոլոր պահքերը ծոմ չունին։ Ծոմ պահելու օրերը պատարագ մատուցանելն ալ կը խափանուի։

Աղբյուրը՝ Մաղաքիա արքեպ. Օրմանեան, Ծիսական բառարան

%d bloggers like this: