Blog Archives

ԷՋՄԻԱԾՆԻ ՏՕՆ – Ծիսական բառարան

Էջմիածինը Շարդենի փորագրությունում

Նկարում՝ Էջմիածինը 17-րդ դարավերջին, http://www.wikipedia.org կայքից

Ս. Լուսավորիչը Խոր Վիրապէն ելլելէն ու Քրիստոսի հաւատքը Հայոց մէջ քարոզել սկսելէն ետքը տեսաւ այն նշանաւոր տեսիլքը, ուր Միածինն երկինքէն իջնելով՝ ձեռքը բռնած ոսկի մուրճով բաղխեց այն տեղը՝ ուր էր Սանդարամետի տաճարը. եւ այս հրաշալի կերպով նշանակեց Հայ Եկեղեցւոյ երկնային հաստատութիւնը: Այդ տեսիլքին օրը ճշդելով եւ թուականները զննելով կը գտնենք թէ տեղի ունեցան 302 Յունուար 25-ին. իսկ Վիրապէն ելքը տեղի ունեցած էր 301 աշնան: Միածնի իջումն ու Հայ Եկեղեցւոյ հաստատութիւնը թէ՛ ընդհանրապես Քրիստոսի Եկեղեցւոյ եւ թէ ի մասնաւորի Հայ Եկեղեցւոյ տօնն է, եւ իբր եկեղեցւոյ տօն կկատարուի Հոգեգալուստէն ետքը եկող Բ. Կիրակին,  Զատկի Ժ. կիրակին, կամ Զատկէն 64 օր ետքը: Միշտ 35 օրերու շարժականութեամբ՝ Մայիս 24-էն մինչեւ Յունիս 27 կրնայ հանդիպիլ: Այդ տօնին անունը դրուած է «Տօն Եկեղեցւոյ հաստատել ի Ս. Լուսաւորչէ» կամ աւելի համառօտ կերպով «Տօն Կաթողիկէ Էջմիածնի»:

 

Աղբյուրը՝ Մաղաքիա արքեպ. Օրմանեան, Ծիսական բառարան

Տե՛ս նաև բլոգի Առցանց գրադարններ բաժինը

 

 

ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ – Ծիսական բառարան

Հոգեգալուստ, ՊենտեկոստեՀոգեգալուստ, որ է «Գալուստ Հոգւոյն Սրբոյ յառաքեալսն»: Քրիստոս վերջին ընթրիքին ատեն խոստացաւ առաքեալներուն ղրկել Ս. Հոգին (Յովհ. ԺԶ. 71), եւ Համբարձման օրն ալ հրամայեց Երուսաղէմի մէջ սպասել մինչեւ Ս. Հոգին ընդունին (Ղուկ. ԻԴ. 49), ինչ որ կատարեցաւ  Զատկին յիսուն օրերուն լրանալէն ետքը (Գործք Բ. 4), յանկարծ հնչիւնի մը, հրեղէն լեզուներու եւ ա՛յլ լեզուներով խօսելու նշաններով: Ս. Գիրքը «Ի կատարել աւուրցն Պենտեկոստէից» կ’ըսէ (Գործ Բ. 1), եւ Քրիստոսի մահուան տարին Զատկի Ուր.[բաթ] օր տեղի ունեցած ըլլալով, Պենտեկոստէն = Յիսունքը պէտք էր Ուր. օր լրանար, բայց աւանդութիւնը Կիրակի օր եղած կ’ընդունի այդ գալուստը եւ մենք ալ այժմ Յարութեան օրէն յիսուն օր հաշուելով՝ Կիրակի օր կը կատարենք Պենտեկոստէն: Այդ տօնն ալ Զատկին հետ 35 օրուան շարժականութիւն ունի եւ Մայիս 10-էն Յունիս 13 կրնայ հանդիպիլ: Հին դարերու մէջ մէկ օր միայն կը տօնուէր Հոգեգալուստը եւ կը լրանային Ղազարու յարութենէն սկսեալ 58 օրերու տէրուանական տնօրինութեան շարայարեալ յիշատակները: Հոգեգալստեան յաջորդ օրէն կը սկսէր Եղիական պահքը: Շնորհալին կարգադրեց ամբողջ շաբաթը ի պատիւ Հոգւոյն Սրբոյ տօն կատարել եւ յատուկ շարականներով եւ ընթերցուածներով զարդարեց, եւ եկեղեցւոյ մէջ կատարուած կարգը փոխեց, այլ կերակուրներու պահքը չվերցուց:

Աղբյուրը՝ Մաղաքիա արքեպ. Օրմանեան, Ծիսական բառարան

Կարդացե՛ք նաև Ննջեցյալների համար աղոթքի մասին. Ալեքսանդր Շմեման

ԿԱՐՄԻՐ ԿԻՐԱԿԻ – Ծիսական բառարան

Կարմիր կիրակիԱյսպէս կը կոչուի Յինանց Դ. Կիրակին, որ  Զատկէն 22 օր ետքը կու գահ եւ Զատկին պէս 35 օր շարժականութիւն ունի: Այս անունը բնաւ եկեղեցական ծագում կամ նշանակութիւն չունի, այլ Կանաչ Կիրակիի անունի նման գարնանային եղանակէն առնուած ժողովրդական յորջորջում մըն է, որովհետեւ դաշտերը կանաչնալէն ետքը նախ եւ առաջ կարմիր կակաչներով կը զարդարուին:

Աղբյուրը՝ Մաղաքիա արքեպ. Օրմանեան, Ծիսական բառարան

Կարդացե՛ք նաև Հարությունը մեր հավատքի սիրտն է. Սերգեյ Ավերինցև

ՅԻՆՈՒՆՔ=ՅԻՍՈՒՆՔ – Ծիսական բառարան

Յինանց շրջան, Հինանց շրջան

Այս անունը կը տրուի Զատկէն մինչեւ Հոգեգալուստ 50 օրերուն միջոցին՝ որ ամբողջովին տէրունի տօներ են ի պատիւ Յարութեան եւ վերջին տասը օրերը նաեւ ի պատիւ Համբարձման, իսկ վերջին յիսներորդ օրն ալ Հոգւոյն Սրբոյ գալստեան նուիրուած է: Այդ յիսուն օրերը ամբողջովին ուտիք էին, որովհետեւ Հայ Եկեղեցին չէ ուզած Մեծ Պահքէն դուրս տէրունի օր մը պահք պահել: Միայն Շնորհալիէն սկսեալ՝ Համբարձումէն ետքը եկող երկու ուրբաթները եւ մէկ չորեքշաբթին պահքի օր եղան կերակուրի կողմէ՝ եկեղեցւոյ մէջ տէրունի տօնը անփոփոխ մնալով:

Աղբյուրը՝ Մաղաքիա արքեպ. Օրմանեան, Ծիսական բառարան

Կարդացե՛ք նաև ԱՄՊՀՈՎԱՆԻ – Ծիսական բառարան

Մեծ Պահքի մասին – Ալեքսանդր Շմեման

Ստորև ներկայանցնում ենք ռուս եկեղեցական գործիչ, աստվածաբան հայր Ալեքսանդր Շմեմանի՝ պահքին վերաբերող մի քանի միտք «Մեծ Պահք. ճամփորդություն դեպի Սուրբ Զատիկ» գրքից:

Ալեքսանդր ՇմեմանՄեծ պահքը ամենից առավել հոգևոր ճամփորդություն է, որի նպատակակետը Զատիկն է՝ տոների տոնը…

Մեծ պահքը եկեղեցու օգնությունն է մեզ՝ ապաշխարության դպրոցը, որի միջոցով միայն կարելի է հասնել Զատկին՝ ընդունելով այն որպես մեր մեջ եղած «հնի» վախճան և մուտքը «նոր կյանք»:

Մեծ պահքը աստվածայինի, երկնայինի և հավիտենականի հաղթանակի համար պայքարն է մեր ներսում:

Մեծ պահքի նպատակն է ոչ թե որոշ պարտավորությունների մեզ հարկադրելը, այլ մեր սիրտը «փափկացնելը», որպեսզի այն զգա հոգու ճշմարտությունները, ճաշակի Աստծու հետ հաղորդության հանդեպ անթեղված «ծարավն ու քաղցը»:

Պահեցողության քրիստոնեական էությունը հասկանալի է դառնում աստվածաշնչային երկու դեպքերի միջև եղած փոխկապակցման միջոցով. մեկը Հին Կտակարանի սկզբում է, մյուսը` Նոր Կտակարանի: Առաջին դեպքը դրախտում Ադամի կողմից «պահեցողության խախտումն է». նա ճաշակեց արգելված պտուղը: Այստեղ է մեզ համար բացահայտվում մարդու սկզբնական մեղքը: Քրիստոս` նոր Ադամը (սա երկրորդ դեպքն է), սկսում է ծոմով: Ադամը փորձության ենթարկվեց և պարտվեց: Քրիստոս փորձության ենթարկվեց և հաղթեց փորձությանը: Ադամի զանցառության հետևանքներն են դրախտից արտաքսումն ու մահը: Քրիստոսի հաղթանակի պտուղներն են մահվան կործանումն ու մեր վերադարձը դրախտ:

Պահեցողությունը սոսկ «պարտավորություն», սովորություն չէ, այլ կապված է կյանքի ու մահվան, փրկության ու դատապարտության խորհրդի հետ:

Զատկի կանխավայելումն է լուսավորում Մեծ պահքի շրջանի տխրությունը՝ մեր տքնությունը փոխակերպելով «հոգևոր զարթոնքի»: Գիշերը գուցե խավար ու երկար է, սակայն հորիզոնում ճառագում է խորհրդավոր, պայծառ առավոտը: «Մեզ մի՛ զրկիր մեր հույսից, Ո՛վ Մարդասեր»:

Կարդացե՛ք նաև Սուրբ Եփրեմ Ասորու՝ Մեծ Պահքի աղոթքը

ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԵԱՌՆ (Զատիկ)– Ծիսական բառարան

Յարութիւն Տեառն / Քրիստոսի Հարություն Քրիստոսի յարութիւնը Քրիստոնէական Եկեղեցւոյ մեծ խորհուրդն ու ամենէն փառաւոր տօնն է։ Ասոր յիշատակը կապուած է Հրէից Պասէքին հետ որ մեր հայացի Զատիկ անունով ճանչցուած է։ Քրիստոսի Յարութեան բուն տօնը, այսինքն Զատիկը 35 օրերու շարժականութիւն ունի եւ Մարտ 22-էն մինչեւ Ապրիլ 25 կրնայ հանդիպիլ, եւ իրեն հետ կը շարժին Զատկէն դէպ ի վեր մինչեւ Առաջաւոր տասը, եւ Զատկէն դէպ վար մինչեւ Վարդավառ 11 շաբաթները, ընդամենը 24 շաբաթներու շարժական միջոց մը։ Քրիստոսի Յարութեան տօնը կը սկսի Զատկի նախընթաց Ճրագալոյցի երեկոյէն եւ կը տեւէ 49 օր շարունակ, որուն վերջին 50-րդ օրը Հոգեգալուստ է։ Տարուան մէջ ալ բոլոր 52 կիրակիները Յարութեան տօն են, եւ երբ ուրիշ տէրունի տօն ալ հանդիպի, Յարութիւնը չի ջնջուիր, այլ միւս տէրունիին հետ կը խառնուի։ Մեծ Պահոց եօթը Կիրակիներուն մէջ ալ Յարութեան յիշատակը չի ջնջուիր, ինչպէս յայտնի է շարականներէն ու երգերէն, բայց Սիմէոն կաթողիկոսի կարգադրութեան զօրութեամբ Յարութեան պատշաճները նուազած են, եւ մաղթանքները ի պատիւ Տէրութեան Տեառն, եւ Իւղաբերիցն ի յիշատակ Թաղման Տեառն վերածուած են։ Ասով հանդերձ Յարութեան պատշաճները ի սպառ չեն վերցուած։

Աղբյուրը՝ Մաղաքիա արքեպ. Օրմանեան, Ծիսական բառարան

Կարդացեք նաև Աւագ շաբաթ

ՃՐԱԳԱԼՈՅՑ – Ծիսական բառարան

Pahq-3Մեծ տօներուն նախատօնակի երեկոները սովորութիւն էր ճրագ լուցանել եկեղեցւոյ մէջ. այդ սովորութիւնը նոյնիսկ ամէն կիրակնամուտին ալ տեղի կ’ունենար, եւ Լոյս Զուարթ երգը «Օրհնութիւն ճրագաց» կոչուած է։ Բայց հիմա Ճրագալոյց անունը կը գործածուի միայն Ծննդեան եւ Զատկի նախընթաց երեկոներուն արարողութեան՝ ամէնուն ձեռքը մոմեր տալով. եւ նոյնիսկ երկու տօներուն նախընթաց ամբողջ օրը Ճրագալոյց կը կոչուի իբրեւ օր պատրաստութեան մեծ տօնին։

Աղբյուրը՝ Մաղաքիա արքեպ. Օրմանեան, Ծիսական բառարան

Կարդացեք նաև Թաղումն Տեառն

ՂԱԶԱՐՈՒ ՅԱՐՈՒԹԻՒՆ – Ծիսական բառարան

Ղազարու Յարութիւն / Ղազարոսի հարությունՔրիստոսի նշանաւոր հրաշքին յիշատակութիւնն է, որ կը կատարուի իբր տէրունի տօն եւ իբր փրկագործ տէրունականներուն շարքին նախադուռը։ Ծաղկազարդը յառաջող Շաբաթ օրը Ս. Ղազարու տօն չէ, եւ այդ առանձին կը կատարուի Խաչի Զ. Երկուշաբթին։ Ղազարու Յարութիւնը Ծաղկազարդի նախընթաց օրը տեղի ունեցած չէ, որովհետեւ այդ հրաշքէն ետքը Քրիստոս պահ մը Եփրայիմ քաշուեցաւ (Յովհ. ԺԱ. 54), եւ նորէն Զատկի առթիւ Բեթանիա եկաւ, եւ Երուսաղէմ մտնելուն նախընթաց Շաբաթ օրը Ղազարու տան մէջ պատուասիրական ընթրիքի մը ներկայ գտնուեցաւ (Յովհ. ԺԲ. 29), եւ այդ ընթրիքին օրուան հետ միացուցած է եկեղեցին նոյնիսկ Ղազարու յարութեան ալ յիշատակը։ Տօնը Զատկին հետ 35 օրերու շարժականութիւն ունի եւ Մարտ 14-էն մինչեւ Ապրիլ 17 կրնայ հանդիպիլ։

Աղբյուրը՝ Մաղաքիա արքեպ. Օրմանեան, Ծիսական բառարան

Կարդացեք նաև Աւագ շաբաթ

ԱՒԱԳ ՇԱԲԱԹ – Ծիսական բառարան, Մաղաքիա արքեպ. Օրմանյան

Ավագ Շաբաթ, Մաղաքիա արքեպ. Օրմանյան

ԱՒԱԳ ՇԱԲԱԹ – Ծաղկազարդէն մինչեւ Զատիկ եղող եօթնեակը կոչուի Աւագ Շաբաթ, եւ շաբթուան իւրաքանչիւր օրերն ալ նոյն աւագ անունը կը կրեն՝ Աւագ Բշ., Աւագ Գշ., Աւագ Դշ., Աւագ Եշ., Աւագ Ուր. եւ Աւագ Շբ.։ Այդ աւագ անունն իրաւամբ տրուած է այդ եօթնեակին, յորում կը յիշատակուին Քրիստոսի վերջին օրերուն տնօրինութիւնները։ Միաշաբաթ=Կիրակի օրը Քրիստոս հանդիսով մտած էր Երուսաղէմ։ Բշ. Թզենին անիծելուն օրն է։ Եկեղեցին կը յիշէ եւս Զեբեդեայ որդւոց խնդիրը եւ Արարչութիւնը ու Մարդկութեան սկիզբը։ Գշ. Հրէից հարցումներուն եւ Քրիստոսի բացատրութեանց եւ փարիսեցւոց յանդիմանութեան օրն է։ Նոյն օրը տեղի ունեցած է տաճարին մէջ եկած երկնային ձայնը, տաճարին կործանման գուշակութիւնը, այրւոյն գովեստը, Քրիստոսի վերջապէս տաճարէն Տասն Կուսանաց առակը եւ Վերջին Դատաստանի բացատրութիւնը, նաեւ Ջրհեղեղը եւ մարդոց կրկին սկզբնաւորութիւնը։ Դշ. կը յիշատակուի Յուդայի մատնութիւնը։ Եշ. Վերջին Ընթրիքը, Ոտնալուան եւ Հաղորդութեան խորհուրդին հաստատութիւնը։ Ուր. Քրիստոսի ձերբակալութիւնը, դատապարտուիլը, Խաչելութիւնը, մահն ու Թաղումը։ Շբ. դարձեալ Թաղումը եւ երեկոյին Զատիկը, զոր կարելի էր կոչել Աւագ Կիրակի, եթէ այդպէս սովորութիւն եղած ըլլար։ Աւագ Բշ. Զատկին հետ 35 օրուան շարժականութիւն ունի, Մարտ 16-էն Ապրիլ 19, իսկ Աւագ Շաբթուան միւս օրերը նոյն համեմատութեամբ կը յաջորդեն։

Տե՛ս նաև ԱՌԱՋԱՒՈՐԱՑ ԿԻՐԱԿԻ – Ծիսական բառարան, Մաղաքիա արքեպ. Օրմանյան

Հարցում 4.

cross / խաչ

%d bloggers like this: