Blog Archives

Գարեգին Ա. 5 միտք գրքի մասին

Գարեգին Ա

Գիրքը այնպիսի ընկեր մըն է, զոր կրնաս ազատօրէն ընտրել, ընտրելէն ետք, մէկ անկիւն դնել կամ անկողնիդ սնարին մօտիկ պահել, նայած թէ ինչպիսի հաղորդութիւն կը ստեղծուի իր և քու միջև:

Եթէ Հայութիւնը իր ողջ կեանքի ընթացքին կրցեր է «ովսաննա» կարդալ Հայ Գիրքին, մենք չենք կրնար այսօր «ի խաչ հան զդա» գոռալ, ամբոխային խօլ, անգիտակից և ինքնակորուստ հոգեբանութեան ոճով:

Հայոց Ա.Բ.Գ.-ը, հայկական Տառերը բևեռներ են, որոնց ագուցումով մարմին կ՛առնէ Գիրքը որպէս զրահ ամրութեան և գրաւական անխորտակելիութեան: … Բայց լաւ իմացէք, որ եթէ այդ զրահին անթափանցելիութեան գաղտնի զօրութիւնը եղող հայերէն լեզուն մեր հոգիներուն մէջ չճառագայթէ, զրահին դիմացկունութիւնը կը նօսրանայ, կը բարակնայ շղարշային թափանցիկութեան վերածուելու աստիճան, ուրկէ ամէն հով ներս կը մտնէ և զոր ամէն հով իր քմահաճոյքին խաղալիքի կը վերածէ:

Ես չեմ կրնար երևակայել Հայութիւն առանց Հայ Գիրին: Եւ որքան ճոխ ըլլայ ու խօսուն դառնայ հայ Գիրքը, այնքան աւելի կ՛ամրանայ, կը զօրանայ, կը հարստանայ, կը բարձրանայ հայութիւնը:

Հայ Գիրքը միւռո՛ն է մեր ժողովուրդի զաւակներուն համար: Ան, որ Հայ Գիրք կը կարդայ, կը միւռոնուի հայութեամբ:

Աղբյուրը՝ Տ. Զաքարիա վրդ. Բաղումյանի ՖԲ էջ

Կարդացե՛ք նաև Եկեղեցին և երիտասարդները /մաս Բ./ – Գարեգին Ա. կաթողիկոս

Վեհափառի առօրյան

Հիսուս Քրիստոսը աշխատաասենյակ չուներ

Ջ. Գուայտա – Ինչի՞ մասին է մտածում Կաթողիկոսը՝ իր օրն սկսելով: Ինչպե՞ս է անցնում Ձեր օրը:

Գարեգին Ա.Օրս սկսվում է Տաճարում աղոթելով: Մեր կյանքը երկարացնելու համար Աստծուն երախտագիտություն հայտնելու իրողությունն է հևք հաղորդում եպիսկոպոսի, ինչպես և յուրաքանչյուր քրիստոնյայի օրվան: Սուրբ Էջմիածնի տաճարում այդ աղոթքը կատարվում է մեր Միաբանության վաևդապետների, վանականների և ճեմարանի սաների հետ: Եկեղեցում աղոթելուց և, հակառակ իմ սովորության, բժիշկների խորհրդով ամեն առավոտ մի փոքր նախաճաշելուց հետո, գնում եմ իմ առանձնասենյակ, որտեղ, ամենից առաջ, հանդիպում եմ խորհրդականներիս՝ աչքի անցկացնելու համար ծրագրված հանդիպումների ժամանակացույցը: Իմ պարտավորություններից շատերը վերաբերում են մեր Կաթողիկոսարանի ու նրա տարբեր բաժինների, այսպես ասած, ներքին գործերին: Այնուհետև պատասխանում եմ թղթակցություններին. մենք այստեղ շատ նամակներ ենք ստանում մեր թեմերից, ուրիշ Եկեղեցիներից, ինչպես նաև հայկական ու միջազգային այլ կազմակերպություններից:

Ամեն օր ես ընդունում եմ այցելուների, որոնք մեր Եկեղեցու անդամներ են (վարդապետներ, եպիսկոպոսներ, հավատացյալներ), ինչպես նաև այլ մարդկանց՝ պետական պաշտոնյաների, մշակույթի, կրթության, գործարար աշխարհի ներկայացուցիչների, Հայաստան այցելած օտարերկրացիների: Շատերն են ուզում տեսնել Էջմիածինը. դա մեր՝ իբրև քրիստոնյա ազգի, օրրանն է, հայկական Բեթղեհեմը: Այստեղ շատ են լինում ուխտավորներ, որոնց մեջ՝ մեծ թվով սփյուռքահայեր: Բոլորի համար ժամանակս չի բավականացնում, բայց շատերին եմ ընդունում:

Օրվա երկրորդ կեսին փորձում եմ մի քիչ հանգստանալ, այնուհետև կարդում եմ այն գրքերը, որ ստանում եմ Ֆրանսիայից, Միացյալ Նահանգներից, Անգլիայից: Աշխատում եմ հետևել ժամանակակից աստվածաբանական մտքին ու էկումենիկ աշխարհի ընթացքին. միշտ կապված եմ եղել էկումենիկ շարժմանը, որն այնքա՛ն է աշխուժացրել եկեղեցական իմ կյանքն ու իմ ծառայությունը՝ քահանայական ձեռնադրման օրվանից ի վեր: Երեկոյան ընդունում եմ նաև բարեկամների: Ժամանակ առ ժամանակ գրում եմ: Եվ, վերջապես, դասավանդում եմ մեր Հոգևոր ճեմարանում, որտեղ շաբաթը մեկ անգամ դասախոսություն եմ կարդում հովվական աստվածաբանության ու ճարտասանության վերաբերյալ:

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Կարդացե՛ք նաև Քանի՞ Հայ եկեղեցի գոյություն ունի

 

Երջանկահիշատակ ԳԱՐԵԳԻՆ Ա. կաթողիկոսը իր ծնողների մասին

Գարեգին Ա, Ջիովաննի ԳուայտաՀայրս ինձ պարգևել է արժանապատվության, շիտակության, բարոյական սկզբունքներին և հայրենիքին հավատարիմ լինելու զգացում: Նա ինքն իրեն նվիրել էր Հայաստանի անկախության շարժման գործին, դեռևս պատանի՝ մասնակցել էր թուրքերի դեմ ուղղված ազատագրական պայքարին: Նա մեզ համար օրինակելի տիպար էր: Մայրս նվիրված էր ընտանիքին, մեզ: Նրա տածած սերը մեր նկատմամբ, հոգատարությունը տան հանդեպ կատարյալ էին: Իր մոր նման նա շատ բարեպաշտ էր և ամեն օր, առավոտյան և երեկոյան, մեզ եկեղեցի էր ուղարկում: Նա ինձ սովորեցրել է բարություն և մեծահոգություն, այնպիսի հատկություններ, որոնք օգնում են երբեք վատը չմտածել ուրիշների մասին: Իհարկե, որպես երեխաներ, աշխարհի բոլոր երեխաների նման, մենք միշտ չէ, որ հնազանդ էինք ու խելոք, օգտվում էինք մեր փոքրիկ ազատություններից… Մայրս հաճախ էր եկեղեցի գնում, հայրս՝ ոչ այնքան: Բայց ամեն կիրակի առավոտ, առանց բացառության, մենք՝ երեխաներս, տանը, դեռ անկողնում պառկած, միասին երգում էինք շարականներ:

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Տես նաև Եկեղեցին և երիտասարդները /մաս Ա./ – Գարեգին Ա. կաթողիկոս

%d bloggers like this: