Blog Archives

Երիտասարդական V գիտաժողովը՝ նվիրված Մատենադարանի 60-ամյակին

1960006_10205298076877229_1520853476281294379_n«Մատենադարանի երիտասարդ գիտաշխատողների միավորում» ՀԿ-ն 2019 թ. նոյեմբերի 28-30-ը կազմակերպում է երիտասարդական 5-րդ գիտաժողովը, որն այս տարի նվիրված է Մաշտոցյան Մատենադարանի հիմնադրման 60-ամյակին:

Զեկուցումներ կարող են ներկայացվել հետևյալ թեմաներով՝
– ձեռագրագիտություն և գրչության կենտրոններ,
– աղբյուրագիտություն, պատմագիտություն,
– հայոց լեզվի պատմություն,
– հայ գրականության պատմություն,
– արվեստագիտություն,
– արևելագիտություն,
– աստվածաբանություն, կրոնագիտություն:

Read the rest of this entry

Advertisements

Ս. Գրիգոր Տաթևացի, Աստծո Սուրբ Հոգու մասին՝ ընդդեմ Մակեդոնի. Գլուխ ԺԲ.

Գրիգոր ՏաթևացիԻնչպես Գրիգոր Աստվածաբանն է գրում Սուրբ Հոգու մասին իր խոսքում, Սուրբ Հոգու աստվածության վերաբերյալ շատերը զանազան կերպով մոլորվեցին: Բայց սրանք թողնելով մեկ այլ առիթի՝ միայն երկուսը վերցնենք. նախ՝ Մակեդոնի* հայհոյող խոսքը, որ Սուրբ Հոգին արարած և սպասավոր էր անվանում, և ապա նրանց մոլորությունը, ովքեր ասում են, թե Հոգու բխումը [կատարվում է] Հորից և Որդուց:

Տեսնենք նախ Մակեդոնին և նրա նման մտածողներին: [Նրանք] աստիճանավորում են Երրորդությունը, և անվանում՝ արարիչ, գործակից, սպասավոր, և ըստ անունների, նրանց շնորհներ պատշաճեցնում. Ասում են մեկն արարիչ է՝ զորությամբ և անսահման բնությամբ, մյուսը գործակից է՝ անսահման զորությամբ, որովհետև պնդում են, [որ նա նրան] գործակից է և բնությամբ սահմանավոր, քանզի ասում են, թե արարած է, իսկ [երրորդը] սահմանավոր է և՛ զորությամբ, և՛ բնությամբ, որովհետև ասում են, թե արարած է, սպասավոր է և՝ ծառա: Եվ իրենց խոսքերը հաստատում են Սուրբ Գրքի վկայություններով. նախ [այն, որ] հարմար չէ աստծուն աղոթել և բարեխոս [համարել], նաև՝ Որդուն՝ մարդեղության [պատճառով]: Պողոսը ևս Հռոմեացիներին [հղած թղթում] ասում է. «Սուրբ Հոգին բարեխոս է լինում անմռունչ հեծությամբ» (Հռոմ. 8.26): Արդ, այժմ նրանց հակաճառությանը պատասխանենք և հետո Սուրբ Հոգին և Որդու հետ ընդունենք [որպես] ճշմարիտ Աստված:

Առաջին՝ բարեխոսելը հետևյալ կերպ է մեկնաբանում Հովհան Ոսկեբերանը. [Սուրբ Հոգին մկրտության] ավազանով վերստին ծնվածներին ըստ շնորհաց չափի է արժանի դարձնում իմաստության, բացատրելու [կարողության] և այլն: Այսպես, մեկը շնորհք ընդունում է աղոթելու համար, որպեսզի ուրիշները ևս նրանից աղոթել սովորեն: Սրա օրինակն այժմ մեզ սարկավագն է տալիս, նրան հոգի ենք կոչում հոգևորապես խոսելու պատճառով: Մինչդեռ ուրիշներ հրեշտակի հոգին են հոգի անվանում, որը տրված է մեզ պահպանելու համար, որովհետև նա առաջնորդում է մեզ դեպի բարին և մեր աղոթքները մատուցում Աստծուն, որի մասին Տովբիթի մեջ ասվում է. «Երբ աղոթքի կանգնես, և քո անունը Սառա [կլինի], ես ձեր աղոթքները կմատուցեմ Սրբի առաջ» (Տովբ. 12.12):

Սուրբ Հոգի

Նույն Հոգին նաև մխիթարիչ է: Այս խոսքը ուղղակիորեն է [վկայված] (տե՛ս Հովհ. 14.16, 26, 15.26, 16.7): Սուրբ Գրքի սովորությունն է Աստծո [անվանն] ընծայել այն, ինչ [նա] կատարում է մարդկանց մեջ. Ինչպես [օրինակ]՝ Աբրահամին ասում է. «Այժմ իմացա, թե դու Աստծո [նկատմամբ] երկյուղած ես» (Ծննդ. 22.12), այսինքն՝ այժմ մարդկանց կասեմ քո երկյուղածության [մասին]: Այդպես է նաև Հոգու բարեխոսելը. որովհետև նա ինքը ծագում է մեր սրտում՝ աղոթքի մեջ բարեխոս լինելու, այսինքն՝ խնդրելու այն, ինչ Աստծո փառքի համար է:

Երկրորդ առարկություն. փոքրն է առաքվում մեծի կողմից. Որդին ասում է. «Երբ կգա մխիթարիչ Սուրբ Հոգին, որ առաքեց Հայրն իմ անունով» (Հովհ. 14.26): Այս մասին ասենք [հետևյալը]. ասվում է, թե Որդին առաքված է Հորից և Հոգուց, ըստ այս խոսքի. «Տերը Տերը և Նրա Հոգին առաքեց ինձ» (Եսայի 48.16): Բայց այս ոչ թե փոքրության, այլ նրանց կամքի միության պատճառով է: Նաև Հոգու առաքումը ոչ թե նվազությունը, այլ Հոր և Որդու հետ [նրա] համակամությունն է ցույց տալիս:

Երրորդ առարկություն. շարժվելը ստեղծվածներին է [հատուկ]. [և իրապես] Ծննդոց [գրքում] ասվում է. «Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա» (Ծննդ. 1.2): Նաև Հովելը ասում է. «Իմ Հոգուց եմ հեղելու բոլոր մարմինների վրա» (Հովել 2.28): Սրա վերաբերյալ ասենք, որ ոմանք Աստծո Հոգի են համարում օդը, որի բնական տեղը ջրերի վրա է: Դարձյալ, շարժումը վերաբերում է ոչ միայն Սուրբ Հոգուն, այլև՝ Հորը և Որդուն, համաձայն այն խոսքի. «Դրախտի մեջ լսեցին Տեր Աստծո ոտնաձայնը» (Ծննդ. 3.8): Նաև՝ «Իջնեմ և տեսնեմ թե [ինձ հասած] աղաղակի պես արեցին» (Ծննդ. 18.21): Այսպիսով, այս շարժումները ցույց չեն տալիս, որ Աստված ստեղծված է, ուրեմն նաև՝ Սուրբ Հոգին: Իսկ Հովելի խոսքում [«Իմ Հոգուց եմ հեղելու»] հեղումը ոչ այլ ինչ է, բայց թե առաքումն, որը ցույց է տալիս մեկի կողմից շատերի վրա Հոգու շնորհների ծավալումը:

Չորրորդ առարկություն. տրտմությունը կիրք է և չի կարող Աստված լինել. և, իրապես, Եփեսացիներին [հղած թղթում] ասվում է. «Մի տրտմեցրեք Սուրբ Հոգին» (Եփես. 4.30): Այս մասին [նաև] մարգարեն է ասում. «Տերը տրտմությամբ բարկացավ ժողովրդի վրա» (Եսայի 5.25): Սակայն այս չի նշանակում, թե Աստված կիրք ունի, այլ՝ դա հանցավոր գործերի պատիժն էր: Այդպես է նաև [Սուրբ] Հոգու տրտմությունը. ինչպես տրտմողն է հեռանում տրտմեցնողից, այդպես էլ Սուրբ Հոգին է հեռանում մեղավորից:

Հինգերորդ առարկություն. եթե Սուրբ Հոգին բնությունը ստանում է Հորից, ապա [նա] նրա որդին է, որովհետև այն է անվանվում որդի, որն ունի հոր նույնատեսակ բնությունը: Իսկ նա, որ չունի Հայր Աստծո բնությունը, ուրեմն Աստված չէ: Այս մասին ասենք [հետևյալը]. Հորից է Հոգու բնությունը, սակայն ոչ թե ծնունդով՝ ինչպես Որդին, այլ՝ բխումով. [այնպես] ինչպես շունչն ու խոսքը հոգու մինևնույն էությունն ունեն զանազան կերպով: Եվ ինչպես Ադամից առաջացան Սեթն ու Եվան, որոնցից մեկը ծնունդ է և մյուսը՝ ոչ ծնունդ, և երեքն էլ մարդու միևնույն բնությունն ունեն, այդպես էլ Սուրբ Հոգին Հորից հավիտենական բխումով առավ [նրա] էությունը, իսկ Որդին՝ [հավիտենական] ծնունդով: Ուրեմն՝ [Սուրբ Հոգին] Հոր և Որդու հետ հավասարապես Աստված է, որ արարչակից և մշտնջենավորակից, գոյակից և փառակից է [նրանց]:

Սրանք և սրանց նմաններն են չարախոս Մակեդոնի վկայություններն ու [դրանց արված] ուղղափառների պատասխանները:

[Այն,] որ Սուրբ Հոգին ճշմարիտ Աստված է

Այն, որ Սուրբ Հոգին Աստված է, փորձենք [հաստատել] Սուրբ Գրքի վկայություններով.

նախ՝ Աստծո պաշտամունքը միայն Աստծուն է պատշաճում ըստ այն խոսքի, թե՝ «Քո Տիրոջը երկրպագես և միայն նրան պաշտես» (Բ. Օր. 6.13): Այլև Փիլիպեցիներին [հղած թղթում] Պողոսն ասում է. «Մենք իսկ թլփատությունն ենք, որ պաշտում ենք Աստծո Հոգին» (Փիլիպ. 3.3):

Երկրորդ՝ մեռելներին հարություն պարգևել միայն Աստծուն է պատշաճում, որի շնորհիվ Որդին իրեն հավասարեցրեց Հայր Աստծուն, ասելով. «Ինչպես Հայրն է հարություն տալիս մեռելներին, այնպես էլ Որդին» (Հովհ. 5.21): Եվ Հռոմեացիներին հղած թղթում ասվում է. «Նրա Հոգին, որ մեռելներից հարություն պարգևեց Հիսուսին, կկենդանացնի ձեր մահկանացու մարմինները» (Հռոմ. 8.11):

Երրորդ՝ արարածներից և ոչ մեկը չի կարող քննել աստվածային խորքերը, ըստ այն խոսքի թե՝ «Ոչ ոք չգիտի Հորը, եթե ոչ Որդին, որ Աստված է» (Մարկ. 13.32): Ավելին՝ Կորնթացիներին [հղած թղթում] Պողոսն ասում է. «Հոգին է, որ քննում է ամենայն ինչ ու [նաև]՝ աստվածային խորքերը» (Ա. Կորնթ. 2.10):

Չորրորդ՝ ամեն տեղ լինելը միայն Աստծուն է հատուկ. «Ես եմ լցնում երկինքն ու երկիրը, ասում է ամենակալ Տերը» (Ամովս 3.13): Այլև [Սողոմոնի] Իմաստության մեջ ասվում է. «Որովհետև Տիրոջ Հոգին լցրեց Տիեզերքը» (Երեմ. 23.24):

Հինգերորդ՝ Պետրոսը Անանիային ասում է. «Ինչո՞ւ սատանան քո սիրտը լցրեց՝ խաբելու Սուրբ Հոգին» (Գործք 5.3): Եվ հետո ասում է «Մարդկանց չարեցիր, այլ՝ Աստծուն» (Գործք 5.4): Ուրեմն Սուրբ Հոգին Աստված է: Սակայն թերևս Մակեդոնը ասի, թե վերը ասվածները հարմարվում են Հոգուն, ոչ որպես Աստծո, այլ՝ սպասավորի: Որ սա բացահայտորեն սուտ է, երևում է Պողոսի՝ Կորնթացիներին հղած թղթից. «Պարգևները զանազան են, բայց տվողը նույն Հոգին է: [Նաև] զանազան են սպասավորությունները, բայց նույն Տերն է տալիս: [Նույնպես] զանազան են հաջողությունները, բայց նույն Աստված է, որ հաջողություն է [պարգևում] բոլորին ամեն ինչում»: Եվ հետո ասում է. «Այս բոլորը հաջողեցնում է նույն Հոգին, և բաժանում յուրաքանչյուրին, ինչպես կամենում է» (Ա. Կոր. 12.4-7, 11): Այսքանն ընդդեմ հոգեմարտ Մակեդոնի: 

* Եղել է Կոստանդնուպոլսի պատրիարք։ Նրա ուսմունքը դատապարտվել է 381 թ. Կոստանդնուպոսլում գումարված 2-րդ տիեզերական ժողովում։

Աղբյուրը՝ Ս. Գրիգոր Տաթևացի, «Ոսկեփորիկ»

Կարդացե՛ք նաև Հայ եկեղեցին՝ «մոնոֆիզի՞տ»

Սուրբ Իգնատիոս Անտիոքացի (Աստվածազգյաց). որոշ խոսքեր նրա թղթերից

Սուրբ Իգնատիոս Աստվածազգյացը եղել է Սուրբ Հովհաննես Աստվածաբան ավետարանչի աշակերտը և Սուրբ Պողիկարպոսի՝ Զմյուռնիայի եպիսկոպոսի աշակերտը։ Նա եղել է Անտիոքի եկեղեցու 2-րդ եպիսկոպոսը և առաջացած տարիքում նահատակվել հավանաբար 117 թ.-ին՝ Տրայանոս կայսեր օրոք, Հռոմում՝ Փլաբիանոսի մեծ ամֆիթատրոնում (Կոլոսիում

Իգնատիոս Անտիոքացի Աստվածազգյաց

  • Թող ձեզանից յուրաքանչյուրը միաբան մնա, որովհետև երբ մեկ միտք ունենաք, Աստծուն կնմանվեք։ Եվ միաբան, մի ձայնով, երգեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հորը, որպեզի ձեզ լսի և ձեր բարի գործերով ճանաչի ձեզ։

  • Թող ոչ ոք ինքն իրեն չխաբի, որովհետև ով Խորանի մեջ չէ, Հացից մերժված է։

  • Դուք նաև մարմնավոր բաների մեջ եք հոգևորը գործում, քանզի ամեն ինչ Հիսուս Քրիստոսով եք անում։

  • Հավատն ու սերը սկիզբն ու ավարտն են. հավատը սկիզբն է, իսկ սերը՝ ավարտը։ Ուր այս երկուսը միասին են, այնտեղ են նաև Աստված և մյուս բոլոր բարի գործերն ու առաքինությունները։

  • Լավ է, երբ մեկն ինչ-որ բան է և լռում է, քան որ ոչ մի բան չէ և խոսում է։

  • Ճշմարտապես զորավոր է, ով ստացել է Հիսուսի խոսքը և ականջ է դնում Նրա հեզությանը՝ կատարյալ լինելու համար, որպեսզի գործի, ինչ որ խոսում է, և ճանաչվի նրանով, ինչի մասին լռում է։

  • Հոգիս թող ձեր հոգիների փոխարեն լինի, եղբայրներ։

  • Եթե չենք կամենում Նրա անվան համար չարչարվել ու մեռնել, Նրա կյանքը մեր մեջ չունենք։

  • Երբ գովում եմ ձեզ, գիտեմ, որ է՛լ առավել եք ամաչում, ինչպես և գրված է, թե արդարն ինքն է իրեն հանդիմանում։

  • Սերն իմ խաչն է, իմ Սերը խաչվեց, և այլևս իմ մեջ չկա սիրո այլ կրակ։

Կարդացե՛ք նաև Վազգեն վեհափառի խոսքը Հիսուս Քրիստոսի Ծննդյան առթիվ

Ի՞նչն է նոր Ֆրանցիսկոս պապի մեջ

պօպեՆախ և առաջ նոր է պապի անունը՝ Ֆրանցիսկոս։ Ինքը՝ պապը, բացատրեց, որ ընտրել է Սուրբ Ֆրանցիսկ Ասիզցու անունը ոչ միայն աղքատներին օգնելու, այլև խաղաղասիրության, շրջակա միջավայրի պահպանության հետ կապված։

Պապին ճանաչողներն ասում են, որ  նա շարժվում է Ավետարանի խոսքով, ապրում է դրանով, ուստի անզիջում պայքարող է. խնդիրներ է ունեցել անգամ Ճիզվիտների միաբանությունում, քանի որ նրանք 1960-70-ականներին տարված էին մարքսիստական գաղափարներով։ Պապի ծնողները իտալացի էմիգրանտների առաջին սերնդից էին՝ աշխատավոր մարդիկ, ովքեր գիտեին աշխատանքի արժեքը։

Նորընտիր պապի առջև կանգնած մարտահրավերներից է Հարավային Ամերիկայում կաթոլիկների թվի նվազումը (օրինակ Բրազիլիայում). պապի առաջնորդած համայնքնում հավատացյալների թիվը միշտ աճել է։

Եթե նախորդ պապը62724_564063793618799_891095300_n՝ Բենեդիկտոս 16-րդը, աստվածաբան էր, և ինչ-որ իմաստով կատարեց իր առաքելությունը, ապա ներկայիս պապը հովիվ է, ինչը շատ են կարևորում այսօր՝ եկեղեցում բարեփոխումներ անելու տեսանկյունից։ Ի վերջո, պապին բնութագրում եմ իբրև «բաց» մարդ, ով իր կամքով մասնակցում էր ուղղափառների Զատկին։ Եվ ընդհանրապես, ասում են, որ նա բաց է քրիստոնեական և միջկրոնական երկխոսությանը։

Կարդացե՛ք նաև Սուրբ Գրիգոր Նարեկացին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Եկեղեցու Ուսուցիչ է հռչակվել

 
%d bloggers like this: