Category Archives: Միստիկա (խորհրդապաշտություն)

Բարի առավոտ – Մայստեր Էկհարտ

Ստորև ներկայացնում ենք կաթոլիկ միստիկ (խորհրդապաշտ) մտածող Մայստեր Էկհարտի (1260-1327/8) մտքերից:

good-morning

Մայստեր Էկհարտը մի օր ասաց մի աղքատ մարդու.

– Աստված քեզ մի բարի առավոտ շնորհի, եղբա՛յր:

– Տե՛ր, այդ մաղթանքը դու քե՛զ համար պահիր, որովհետև ես դեռևս ոչ մի վատ առավոտ չեմ ունեցել, – պատասխանեց մարդը:

– Իսկ ինչպե՞ս կարող է դա պատահել:

– Որովհետև այն բոլորը, որ Աստված ինձ իբրև տառապանք է տալիս, ես Նրան սիրուն եմ կրում ուրախությամբ, ինձ այդպիսի մի պատվի համար անարժան եմ համարում, և այդ պատճառով էլ ես ինձ երբեք տխուր կամ տրտում չեմ զգում:

Էկհարտը հարցնում է.

– Առաջին անգամ ե՞րբ գտար Աստծուն:

– Հենց այն րոպեին, երբ ես հրաժարվեցի իմ բոլոր կրքերից:

– Իսկ ո՞ւր թողեցիր Աստծուն:

– Աստծուն թողեցի մաքուր և ջինջ սրտերի մեջ:

Էկհարտը հարցնում է.

– Ի՞նչ տեսակ մարդ ես դու, եղբա՛յր:

– Ես մի թագավոր եմ:

– Որտե՞ղ ես թագավորում:

– Ես թագավորում եմ իմ մարմնի վրա, որովհետև այն, ինչ որ իմ հոգին ձգտում է ստանալ Աստծուց, իմ մարմինը ավելի արագ է շարժվում՝ խանգարելու համար այդ ձգտումը:

Էկհարտը հարցնում է.

– Ամեն թագավոր պետք է անպայման մի թագավորություն ունենա, իսկ որտե՞ղ է քո թագավորությունը:

– Իմ թագավորությունը իմ հոգու մեջ է: Երբ ես փակում եմ իմ զգայարանների դարպասները և ամենայն լրջությամբ տենչում Աստծուն, այն ժամանակ ես գտնում եմ Նրան իմ հոգու մեջ այնպես լուսավոր և այնպես բերկրալի, ինչպես որ Նա գոյություն ունի հավիտենական կյանքում:

Էկհարտը հարցնում է.

– Դու ուրեմն մի սուրբ ես, ո՞վ քեզ սրբացրեց, եղբա՛յր:

– Այդ բանն արեց լռության մեջ իմ կեցությունը, իմ անդրանցական խորհրդածությունը և իմ միավորումը Աստծու հետ: Սրանք ինձ վեր բարձրացրեցին դեպի երկինք, քանզի ես չկարողացա ոչ մի տեղ հանգիստ գտնել, բացի Աստծու մոտից: Այժմ ես գտել եմ Նրան և Նրանում գտել եմ նաև հավիտենական հանգիստն ու խաղաղությունը, և դրանք ժամանակագրային առումով գլում*-անցնում են աշխարհի բոլոր թագավորությունները:

* Գլել = գլորել

Աղբյուրը՝ Յակոբ արք. Գլնճեան, Հաւատի եւ բանականութեան հետքերով, Երեւան, «Անահիտ» հրատ., 2014

Կարդացե՛ք նաև Մտածումներ – Մայստեր Էկհարտ

Advertisements

Մտածումներ – Մայստեր Էկհարտ

Ստորև ներկայացնում ենք կաթոլիկ միստիկ (խորհրդապաշտ) մտածող Մայստեր Էկհարտի (1260-1327/8) մտքերից:

index

Մայստեր Էկհարտ

Կուզենայի մի սպիտակ գրատախտակի վրա շատ ավելի գեղեցիկ բան գրել, քան այն, որ այնտեղ գոյություն ունի: Սակայն ինձ գտնում եմ մեծ դժվարությունների առաջ: Եթե ես ուզում եմ լավագույնը գրած լինել, այդ դեպքում ես պետք է ջնջեմ այն բոլորը, որ նախապես գրված է այնտեղ: Ոչինչ չի կարող գոհացում տալ նման մի փափագի և հարմարագույն առիթ լինել, քան այն, երբ այլևս այնտեղ ամենևին ոչինչ գրված չլինի:

Նույնպես, երբ Աստված կամենում է կատարյալ կերպով մի բան գրել իմ սրտում, ուրեմն այնտեղից պետք է մաքրի այն ամենը, ինչ որ խորթ է նման մի շնորհի ընդունմանը:

Մարդիկ չպետք է այնքան շա՛տ մտածեն ինչ-որ լավ բան անելու մասին, այլ նախ՝ լավ լինելու մասին: Եթե նրանք լավ լինեն, այն ժամանակ նրանց գործերն էլ փայլուն կլինեն:

Երբ դու ինքդ արդար ես, քո գործերն էլ, անտարակույս, արդար են:

Մի՛ մտածիր քո փրկությունը հիմնել քո գործերի վրա, այլ այն պետք է հիմնել քո ներքին էության վրա: Արդարև, ոչ թե գործերն են սրբացնում մեզ, այլ մենք ենք, որ մեր մաքուր էությամբ սրբացնում ենք մեր գործերը:

Նա, ով կառչում է Աստծուց, Աստված էլ, իր հերթին, իր բոլոր բարություններով, կառչում է նրանից:

Սիրո համար գոյություն չունի ավելի լավ չափանիշ, քան վստահությունը: Երբ մեկը ամբողջ սրտով և անձնվիրությամբ սիրում է մեկին, այն ժամանակ ինքնաբերաբար նաև վստահում է նրան:

Ճշմարիտ և կատարյալ Աստվածսիրությունը հայտնի է դառնում նրանով, թե մարդ ինչ չափով է իր հույսն ու վստահությունը դնում Աստծո վրա:

Աստված միշտ պատրաստ է, բայց մենք՝ անպատրաստ: Աստված մոտիկ է մեզ, իսկ մենք՝ Նրանից հեռու: Աստված մեր մեջ է, իսկ մենք՝ Նրանից դուրս:

Անկեղծ և ամբողջական նվիրվածությունը մի առաքինություն է. առանց նրա ոչ մի արժեքավոր գործ մեջտեղ չի գա:

Երբ մարդ ուրիշի հանդեպ իր նվիրվածության պատճառով հրաժարվում է իր անձնական շահերից, իր նեղության ժամանակ էլ Աստված նրան օգնության է հասնում:

Աղբյուրը՝ Յակոբ արք. Գլնճեան, Հաւատի եւ բանականութեան հետքերով, Երեւան, «Անահիտ» հրատ., 2014

Կարդացե՛ք նաև 10 միտք Թերեզա Ավիլացուց

Մայստեր Էկհարտ (կենսագրություն)

Մայստեր ԷկհարտXIII դարը ողջ քրիստոնյա Եվրոպայի համար հանդիսանում է վանական կարգերի և կրոնական միստիկ (խորհրդապաշտական) շարժումների ծաղկման շրջան: Դա այն ժամանակահատված է, երբ հոգևոր և աշխարհիկ իշխանությունները իրար դեմ լարված պայքար էին մղում՝ նյութական հարստություն ձեռք բերելու համար: Դրան պետք է ավելացնել մի շարք տարածքներում տեղի ունեցող բռնությունները, պատերազմները, կեղեքումները, համաճարակները, խաչակրաց արշավանքները և այլևայլ արհավիրքներ:

Այս շրջանի որոշ շարժումներ (օր.՝ ալբիգոյցիները) հերետիկոսության մեջ են ընկում՝ մերժելով եկեղեցական բոլոր խորհուրդները, ինչպես նաև որևէ կարգի միջնորդություն մարդկանց և Աստծո միջև: Սակայն նույն դարաշրջանում սկիզբ առած խորհրդապաշտ շարժումների մի մասը չի անջատվում Եկեղեցու դավանած վարդապետությունց, ինչպես Ս. Ֆրանցիսկոս Ասիզցին և Ս. Դոմինիկոսը, որոնք քաջալերվելով Ինոկենտիոս III պապի կողմից՝ կարողացան իրենց հոգևոր շարժումները միացնել Եկեղեցուն:

1221 թ. ֆրանցիսկյաններև և դոմինիկյանները մուտք են գործում Գերմանա և հաստատվում Քյոլնում: Դոմինիկյան վանականների հովանավորության ներքո էլ հասակ է առնում և կրթվում գերմանացի միջնադարյան մեծ աստվածաբաններից և խորհրդապաշտ խոշորագույն փիլիսոփաներից մեկը՝ Էկհարտ ազգանունով:

Մայստեր Էկհարտը (1260-1327/8 թթ.) ծնվել է մոտ 1260 թ. Թյուրինգենի Հոխհայմ քաղաքում (Գերմանիա), ազնվականի ընտանիքում: 1293/94 ուսումնական տարում իր անդրանիկ դասախոսությունն է կարդացել Փարիզի համալսարանում, որի կանոնադրության համաձայն՝ դասախոսությամբ հանդես եկող անձը պետք է առնվազն 33 տարեկան լիներ: Էկհարտի անունը մեզ հայտնի չէ: Ոմանք նրան անվանում են Հովհաննես, բայց դա ստույգ տվյալների վրա չէ հիմնված: Նա համարյա միշտ հանդես է եկել իր Էկհարտ ազգանունով և Մագիստրոս (Մայստեր) տիտղոսով: 18 տարեկանում մտնում է Էրֆուրտի դոմինիկյանների վանքը, դրանից հետո աստվածաբանական բարձրագույն կրթություն ստանալու համար ուղարկվում Քյոլն: 1285-ին ձեռնդրվում է քահանա: Մի քանի տարի հետո նա դառնում է Էրֆուրտի դոմինիկյանների վանքի վանահայրը:

Դարավերջին մեկնում է Փարիզ և տեղի համալսարանում ձեռք է բերում «մագիստրոս»-ի գիտական աստիճան: 1303 թ. նա վերադառնում է Գերմանիա: Գերմանական զանազան կրոնական կենտրոններ կատարած իր շարունակական այցելությունների ընթացքում նա գրում է իր 2 նշանավոր աշխատությունները՝ «Հոգևոր հանդիպումներ» և «Մատյան աստվածային մխիթարության»: Սակայն Էկհարտին հռչակավոր է դարձնում նրա քարոզների հավաքածուն: Այստեղ նա զարգացնում է այն միտքը, թե Քրիստոսի արտասանած յուրաքանչյուր խոսքն անգամ ունի իր խոչ իմաստը, որը պիտի հասկանալ ոչ թե այլաբանական կամ բարոյական իմաստներով, այլ պետք է կյանքի կոչել այն և խորհրդածության առարկա դարձնել:

Իր քարոզներում Էկհարտը խուսափում է հռետորական պաճուճանքներից. նա պարզապես շեշտը դնում է այն բանի վրա, որ Աստված ինքն իրեն է հայտնում իր Խոսքի միջոցով: Այդ խոսքը, իբրև «Բանն Աստուծոյ», հավիտենապես ծնվում է: Իսկ այնտեղ, ուր այդ խոսքը չի ծնվում, այնտեղից բացակայում է Աստված:

1325 թ. Վենետիկում Եկեղեցու կողմից գումարված մի ժողով փորձ է անում լռեցնել գերմանացի մի շարք հռչակավոր քարոզիչների, որոնց թվում՝ նաև Մայստեր Էկհարտին: Վերջինս մերժում է իր դեմ հարուցված մեղադրանքները և ներկայանում Ավինյոն քաղաքում Կաթոլիկ Եկեղեցու հավատաքննիչներին ու դիմում ինքնապաշտպանության: Չնայած այն բանին, որ նշանակված էր մի հանձնախումբ՝ քննարկելու Էկհարտի բոլոր գրությունները և Հովհաննես ԻԲ. (22-րդ) պապը նույնիսկ անձամբ ուսումնասիրել էր դրանք, այդուհանդերձ, ոչ ոք չի համարձակվում դատապարտման վճիռ արձակել նրա դեմ: Նրա մահից մեկ տարի հետո միայն՝ 1329 թ., պապը դատապարտում է ոչ թե Էկհարտի քարոզածը, այլ պարզապես նրա մի քանի եզրահանգումները: Դրանից հետո դարեր շարունակ մոռացության է մատնվում Էկհարտի անձն ու գործը:

Մայստեր Էկհարտ 2Միայն XIX դ. սկզբին, գերմանացի հանրահայտ փիլիսոփա Հեգելը (1770-1831) հայտնաբերում է Էկհարտի գործերը և մեծապես խանդավառվում նրանցով: Նա նույնիսկ հաստատում է, թե ինքն իր փիլիսոփայական մտածելակերպով պարտական է Էկհարտի: Մոտավորապես միևնույն միտքն է արտահայտում նաև գերմանացի մի այլ նշանավոր փիլիսոփա Արթուր Շոպենհաուերը (1788-1860):

Էկհարտը հիմնականում մեղադրվում է պանթեիզմի (համաստվածության) մեջ, որը նույնացնում է Աստծուն բնության կամ տիեզերքի հետ, այսինքն՝ ժխտում է անձնավորված Աստծո գերբնական գոյությունը: Էկհարտի պարագայում այդ մեղադրանքը միայն մասամբ է ճիշտ. նրա պանթեիզմը ամբողջությամբ կրոնամիստիկական է և անմիջական որևէ կապ չունի ստոյիկյան կամ նորպլատոնական առումով դրսևորվող պանթեիզմի հետ:

Աղբյուրը՝ Յակոբ արք. Գլնճեան, Հաւատի եւ բանականութեան հետքերով, Երեւան, «Անահիտ» հրատ., 2014

Կարդացե՛ք նաև 10 միտք Թերեզա Ավիլացուց

10 միտք Թերեզա Ավիլացուց

թերեզա ավիլացիԹերեզա Ավիլացին (1515-1582 թթ.) ծանոթ է նաև իբրև Թերեզա Հիսուսի, բուն անունով Թերեզա Սանչես Սեպեդա դե Ահումադա, Իսպանիայի ազգային սրբուհին է, Կաթոլիկ եկեղեցու միստիկ (խորհրդապաշտական) գրականություն մեծագույն ներկայացուցիչը և միննույն եկեղեցու կողմից հռչակված առաջին կին վարդապետը (վարդապետելու իմաստով՝ Doctor Ecclesiae):

Ստորև ներկայացնում ենք նրա մտքերից 10-ը՝ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանի թարգմանությամբ.

  • Ճշմարտությունը թեև տառապում է, բայց չի կորչում:
  • Տե՛ր իմ, ով չի սիրում իր մերձավորին, նա Քեզ էլ չի սիրում:
  • Սերն է միայն ամեն ինչի արժեչափը:
  • Աստծո սերը չպետք է լինի արդյունքը մեր երևակայության, այլ այն պետք է ապացուցվի գործերով:
  • Աստված ոչ այնքան նայում է գործերի մեծությանը, որքան այն սիրուն, որով դրանք կատարվում են:
  • Աստված և ես. մենք երկուսս միշտ մեծամասնություն ենք:
  • Աշխարհի կեղծիքներից մեկն էլ այն է, երբ մարդկանց «տեր» են անվանում, իրականում նրանք միայն ստրուկներ են հազարավոր բաների:
  • Մեր մարմինը մի այսպիսի թերություն ունի. ինչքան խնամվի, այնքան ավելի կարիքներ կունենա:
  • Աստված թող ազատի մեզ անմիտ բարեպաշտությունից:
  • Ես չեմ հասկանում, թե ինչպես կարելի է համեստ լինել՝ առանց սեր ունենալու, նաև սեր ունենալ՝ առանց համեստության:

Աղբյուրը՝ Յակոբ արք. Գլնճեան, Հաւատի եւ բանականութեան հետքերով, Երեւան, «Անահիտ» հրատ., 2014

Կարդացե՛ք նաև Մայր Թերեզա. 7 միտք գլխավորի մասին

%d bloggers like this: