ՄԵՆՔ՝ ՎԱՐԴԱՆԱՆՔ. Հայ որբերին ազատագրող մանկական հավատը

1.

Աղջիկների խմբանկար Անթուրայի որբանոցից

Պատմական վավերագրերը հաստատում են, որ հայ երեխաների իսլամացումը մաս է կազմում ցեղասպանական գաղափարախոսության ու ծրագրի և նախապատրաստվել ու իրականացվել է՝ կիրառելով հատուկ ռազմավարական, կրթամանկավարժական ու մեթոդական գործիքներ: Հայ երեխաները տարվում էին մուսուլմանական որբանոցներ (Անթուրայում, Մարդինում, Հալեպում, Ուրֆայում, Կեսարիայիում, Դիրաբեքիրում և այլուր), որոնք իսլամացման պետական կենտրոններ էին հատկապես հայ և քրիստոնյա այլ որբերի համար:

Այդպիսի որբանոցներից մեկը տեղակայվում է Անթուրայում (Լիբանան) գտնվող կաթոլիկ լազարիստական միաբանության Ս. Հովսեփ քոլեջի շենքում: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում կաթոլիկ միաբանությունն իր հոգևոր սպասավորներով ու սաներով վտարվում է քոլեջից, որը և իր շինություններով ու այլ հարմարություններով թուրքերի կողմից վերածվում է թրքացմամբ զբաղվող որբանոցի: Անթուրայի հայ որբերից մեկը՝ Հարություն Ալբոյաջյանը, որի հուշերից հատվածներ կներկայացնենք ստորև, որբանոց մուտք գործելն ու առաջին տպավորությունները՝ այդ թվում որբանոցի շինությունից, ներկայացնում է հետևյալ ուշագրավ մանրամասներով.

«….հասանք Անթուրա: Դարպասից ներս մտանք, մեզ դիմավորեցին ճրագները ձեռքներին մի քանի կանայք: Դիմավորողների մեջ կային նաև երկու թուրք սպա: Որբերից ում մոտ որ փող կար նրանց անունները գրեցին, փողերը հավաքեցին ետ վերադարձնելու պայմանով: Ես էլ իմ մոտ եղած փողը տվեցիՇենքը, որտեղ պետք է մնայինք, ժամանակին եղել էր ֆրանսիական քոլեջ, մի հոյակապ շենք, կառուցված Լիբանանի կաթոլիկ արաբների համար»): ….Երկու ժամ հետո մեզ տարան բաղնիք: Հին շորերը հանեցին, տվեցին նոր սպիտակեղեն, բայց մենք մնացինք ոտաբոբիկ, ինչպես եկել էինք: Սպիտակեղենի վրայից հագանք կապույտ կտորից կարված խալաթատիպ հագուստ: Բաղնիքից հետո մեզ տարան ճաշարանՍեղանների վրա դրված էին ափսեներ, որոնց մեջ փոքր շերեփով լցված էր ջուր՝ կողքին գդալ և մի փոքր կտոր հաց, որը կարելի էր միանգամից ուտել: Տեղավորվեցինք սեղանների շուրջ և ես գդալով խառնեցի ափսեի պարունակությունը: Ջուրը պղտորվեց, դա ալյուրով պատրաստված շիլա էր, շատ նոսր, կարելի է ասել միայն աղի պղտոր ջուր: ես հացը կերա, բայց ճաշը չկարողացա ուտելՄիջանցքի մյուս ծայրում կար մի հոյակապ եկեղեցի, որի գեղեցկությունը ապշեցուցիչ էր: Ամբողջ պատուհանները պատված էին գույնզգույն ապակիներով, որոնց վրա նկարագրված էր Քրիստոսի կյանքի պատմությունը ծննդից մինչև խաչելությունԲակում մի մեծ ժամացույց կար: Գետնին ընկած էր Մարիամ Աստվածածնի արձանըՕրական երեք անգամ տալիս էին նույն հացն ու շիլան» (Հարություն Ալբոյաջյան, Խաչելության ճամփաներով, Ե., 2005, էջ 37, 39):

Որբանոցներ տեղափոխելուն հետևած առաջին քայլը երեխաների անունները փոխելն էր՝ մուսուլմանական անուններ տալը, արգելելը օգտագործել նրանց մկրտության անունները: Երբեմն մուսուլմանական մզկիթներն էին ծառայում մի որբանոցից մյուսը երեխաներին տեղափոխելու ճանապարհի հանգստի կետերը:

Անթուրայի որբանոցի օրինակը ցույց է տալիս, որ երեխաներն անցնում էին ինքնության ջնջմանն ուղղված դժվարին ճանապարհ: Անունները փոխելիս թույլ էին տալիս երեխաներին ընտրել սեփական անունները՝ առաջինն իսկ, որ մտքին գալիս էր: Երեխաները ազգանուն չէին ունենում, փոխարենն ունենում էին թվեր: Անթուրայի որբանոցում թվերը տվողը Ֆևզի բեյն էր՝ Ներքին գործերի նախարարության մուդիրը՝ Թալեաթ փաշայի կողմից նշանակված պաշտոնյա. «….եկավ ինչոր մեկը՝ ըստ երևույթին ղեկավարությունից, սկսեց մեզ համարներ բաժանել և մեր անունները երկրորդ անգամ փոխել, իսկ համարները պետք է ծառայեին որպես ազգանուններ: Ավելի ուշ պարզեցինք, որ այդ մարդը ներքին գործերի մյուդիր Ֆևզի Բեյն էր» (Անդ, էջ 39-40): Հարությունը խնդրում է, որ իր անունը Շյուքրյու դնեն, իսկ համարը 534-ն էր, որը նաև իր ազգանունն էր համարվում:

3..

Անթուրայի որբերն ու անձնակազմը. «Հայ երեխաները լավ երաժիշտներ էին» վերնագրով նկար

Քրիստոնյա փոքրիկների թրքացմամբ զբաղվում էին երիտթուրքական կառավարության 3 պաշտոնյաներ՝ ծովային նախարար Ջեմալ փաշան (1872-1922), ֆեմինիստ գրող, մանկավարժ Հալիդե Էդիպ Ադըվարը (1884-1964) և վերջինիս ամուսինը՝ բժիշկ Ադնան Ադըվարը (1882-1955): Իր հանրաճանաչ կնոջ հետ միասին Ադնան Ադըվարը, հավանաբար տիրապետելով որոշակի հոգեբանական գիտելիքների, առաջին նշանակված պաշտոնյան էր՝ որբերի իսլամացվելու ուղղությամբ: Չնայած վերջինիս մասին քիչ տեղեկություններ կան, բայց Անթուրայի հայ որբերի հուշերը հիանալի նկարագրում են այս բժշկի (հավանաբար դարվինիստ ու պոզիտիվիստ) անձը: Հարություն Ալբոյաջյանն նրա մասին գրում է. «Ադնան բեյն ասաց, որ մենք հիմա պետք է գնանք որբանոց, որտեղ մեզ շատ լավ կպահեն, մեր գդալների ծայրերին կլինեն սուլիչներ՝ մեր ցանկությունները հայտնելու համար: Ադնան Բեյը բժիշկ էր, թուրք առաջադեմ կանանցից մեկի՝ Հալիդե խանումի ամուսինը: Ըստ երևույթին նա որբանոցի մասին շատ լավ բաներ էր պատմում, որ մենք հանկարծ չփախչենք, բայց մենք փախչելու տեղ չունեինք» (Անդ, էջ 37): Երևում է, որ որբերին տարատեսակ ձևերով համոզում էին գնալ իրենց հետ որբանոցներ:

Հայ փոքրիկների քրիստոնեական սխրանքը՝ ծանր պայմաններում, երբ արգելված էր իրենց իրական ինքնությանը որևէ անդրադարձ կատարելը, միանգամայն հուզիչ և հասկանալի կերպով արտահայտված է հետևյալ վկայության մեջ, որտեղ երևում է, որ հայ փոքրիկները հրաժարվում էին թլփատվելուց ու փախչում էին որբանոցից՝ դրսևորելով բարձր գիտակցական մակարդակ, ընկալելով սեփական կրոնական ինքնությունն ու պատկանելությունը. «… որբանոցում հայտնվեցին անծանոթ մարդիկ: Շուտով լուր տարածվեց, թե այդ մարդիկ եկել են որբերին թլպատելու: Որբերը իմանալով այդ մասին սկսեցին որբանոցից անհետանալ, ով ուր կարող էր: Փախչում էին որբանոցի կողքի անտառը, նույնիսկ գնում էին Բեյրութ: Օրական 5-10 հոգի անհետանում էին: Որբանոցում իրարանցում սկսվեց: Մյուդիրները կանչեցին դասարանների ավագներին (չաուշներին), որպեսզի պարզեն, թե ինչու են որբերը որբանոցից փախչում: Չաուշներն ասացին, որ որբերը չեն ուզում թլպատվել, մեր հասկացողությամբ թլպատվել նշանակում էր դառնալ իսկական թուրք: Մյուդիրները չաուշներին համոզեցին, որ նման բան չկա և, իրոք, հաջորդ օրը այդ մարդիկ որբանոցից հեռացանԼսելով, որ անծանոթ մարդիկ հեռացել են որբանոցից, որբերը սկսեցին ետ վերադառնալ» (Անդ, էջ 43-44):

Ի վերջո, սակայն, որբանոցում իսլամացումը չտվեց կառավարության փայփայած արդյունքը: Մեկ այլ որբ՝ Գառնիկ Բանյանը ծրագրի տապալման մասին պատմում է. «Չորս տարուայ քարոզչութեան արդիւնքը այն եղաւ, որ անճարակ տղուն մէկը պաշտօնապէս իսլամութիւն ընդունեց, թլփատուեցաւ, ժամացոյցի աշտարակին ազա-ն կանչեց եւ օրերով առանձացաւ սենեակի մը մէջ եւ առատ ու համեղ ճաշեր կերաւ. Միայն մէկ հոգի, մարաշցի Սարըն, որ հետեւորդ չունեցաւ» (Գառնիկ Բանեան, Յուշեր մանկութեան եւ որբութեան, Անթիլիաս, 1992, էջ 155):

Շուշան Խաչատրյան, պ. գ. թ.

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող

Աղբյուրը՝ Աղբյուրը՝ «Շողակն Արարատյան» ամսաթերթ, 2019, հունվար, 1 (429), էջ 6-7

Կարդացե՛ք նաև ՄԵՆՔ՝ ՎԱՐԴԱՆԱՆՔ. Ավրորա Մարդիգանյանի վկայությունը

Advertisements

Posted on February 5, 2019, in Հայոց ցեղասպանություն, Պատմություն and tagged , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: