ՄԵՆՔ՝ ՎԱՐԴԱՆԱՆՔ. հավատարիմ Քրիստոսի հավատքին…

Screening.IAmArmenian_580Հայոց ցեղասպանության սրբադասված մարտիրոսների քրիստոնեական սխրանքի մասին կարելի է պատկերացում կազմել տարատեսակ վկայություններից: Ըստ այդ վկայությունների՝ բռնությունների ու սպանությունների ընթացքում ոճրագործները հիշատակում էին Հիսուս Քրիստոսի անունը: Այսինքն՝ հայերի թիրախավորման մեջ մեծ դեր ուներ նրանց քրիստոնեական ինքնությունը, որին մեր ազգը չէր պատրաստվում դավաճանել նույնիսկ մեռնելու սպառնալիքով: Ոճրագործներն իրենց հրահանգված սպանություններն ու բռնություններն իրականացնելիս, նպատակ ունենալով կոտրել հայ քրիստոնյայի տոկունությունն ու կրոնին հավատարիմ լինելը, հաճախ նաև կրոնափոխության մղելու համար շահարկում էին Հիսուս Քրիստոսի անունը: Մշեցի Եղիազար Կարապետյանի պատմածի համաձայն՝ էրզրումցի թուրք ոստիկաններից մեկն իրեն հետևյալն է պատմել. «Փողոցներում մի քանի դիակներ տեսնելով՝ Մուսա բեկի ձիավորներին հարցրի այդ սպանության պատճառը: Նրանք պատասխանեցին. «Հրաման կա, որ այսուհետև ով որ օսմանների հողում տա Հիսուս Քրիստոսի անունը, չպետք է կենդանի մնա»:

Նման վկայություններ կան նաև շատ այլ հուշերում ու վավերագրերում: Օսմանյան կայսրությունում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի հուշերում կա հետևյալ դրվագը. «Որոշ դեպքերում ժանդարմները նրանց (հայերի) ձեռքերն ու ոտքերը մեխում էին փայտի կտորներին՝ ակնհայտորեն նմանակելով խաչելությանը, իսկ երբ զոհը հոգեվարքի մեջ էր ընկնում, գոռում էին. «Դե՛ հիմա քո Քրիստոսը թող գա ու փրկի քեզ»: Թուրքերն ու քրդերը հայերին ենթարկում էին նույն չարչարանքին, ինչ Քրիստոս էր կրել, այսինքն՝ դրանով ցույց տալիս արհամարհանքը թե՛ ազգի, թե՛ քրիստոնեության նկատմամբ: Շվեդ միսիոներուհի Ալմա Յուհանսոնը գրում է. «Սա իսլամի զարթոնքն է: Նրանք իրականացրեցին իրենց ծրագիրը դիվային հնարամտությամբ: Շատ անգամ նրանցից կարելի է լսել. «Հիմա թող ձեր Հիսուսը ձեզ օգնի», և այլն, և այլն: Հաճախ հայերին խաչում էին գյուղերում»: Կարապետ Գաբիկյանի հաղորդմամբ՝ Քեմախի կիրճի մոտ ժանդարմները 6 տարեկան մի տղայի են խաչում. «Փայտէ խաչի մը վրայ գամեցին աչքերէն, ձեռքերէն ու ոտքերէն. յետոյ ժողովուրդին ցուցադրելով պօռացին. ահա ձեր Քրիստոսը եւ խաչը. թող ձեզ ազատէ»:

Բռնությունների ընթացքում Հիսուս Քրիստոսի անունը հիշատակելը և քրիստոնյաներին, նրանց կրոնն ու Աստծուն ծաղրելը դարձրել էին համատարած և սովորական երևույթ: Դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի վկայությամբ. «Խարբերդի մէջ շատ մը թուրքեր հայերուն կ’ըսեն.
– Եթէ ձեր Յիսուսը Աստուծոյ Որդին է, ինչո՞ւ համար ձեզ չ’ազատեր մեր ձեռքէն, դուք որ Անոր կը հաւատաք:

– Ո՛չ,- կը պատասխանեն հայրերը: – Մեր կրօնքը ամենէն լաւն է: Զինքը ուրանալը աւելի դժուար է, քան թէ մտրակուիլը»:
Սեբաստիայում չեթեները մարդկանց սպանելու, ճակատագրեր տնօրինելու կարողությունը համարում էին ալլահից տրված մի շնորհ. «Մենք ենք ձեր ալլահը. եթէ ձեր Աստուածը ունի զօրութիւն մը, թող գայ մեր ձեռքէն ազատէ»: Նույնի մասին են վկայում Պոլսից Նիկոմիդիա ուղարկված Մեհմետ Ալի անունով մի իթիհատականի խոսքերը. «Դուք Աստուած չունիք. ես եմ ձեր ալլահը, ձեր Աստուածը, ձեր Քրիստոսը եթէ ունի զօրութիւն մը, թող գայ ազատէ ձեզ իմ ձեռքէս»: Նա այս խոսքերով եկեղեցում հավաքված հայերի կոտորածն է կատարում:
Նշված դեպքերի հետ մեկտեղ քիչ չեն նաև այն վկայությունները, երբ հայ քրիստոնյաները աղոթքով, Աստծու պատգամաբերների օգնությամբ կարողանում են փրկվել մահից: Վերը նշվածը գալիս է ապացուցելու հայի նվիրվածությունը Տիրոջը՝ իրական Աստծուն: Սա նաև հավատարիմ մնալու ուղերձ է  գալիք սերունդներին, որ պետք է անխախտ լինել հավատի մեջ, ինչպես մեր հայրերը:

Պատրաստեց Շուշան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաշխատող
Աղբյուրը՝ «Շողակն Արարատյան» երկշաբաթաթերթ, 2018, մարտ, 5 (419), էջ 7

Կարդացե՛ք նաև ՄԵՆՔ՝ ՎԱՐԴԱՆԱՆՔ. Ավրորա Մարդիգանյանի վկայությունը

Advertisements

Posted on April 11, 2018, in Հայոց ցեղասպանություն and tagged , , , , , , , , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: