Մեր հոգեւոր հայրենիքը (մասն Ա.) – Գարեգին վ. Յովսէփեան

«Յուշ լիցին քեզ աւուրքն յաւիտենից.

իմացարուք զամսն ազգաց յազգս: Հարց

զհարսն քո եւ պատմեսցեն քեզ, ցծերս

քո՝ եւ ասասցեն քեզ»:

ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ, ԼԲ. 7

Ա.

Գարեգին արքեպիսկոպոս ՅովսէփեանԶարգացման ենթակայ ամէն արարած իւր հայրենիքն ունի. բոյսը, կենդանին իւր բնիկ աշխարհն ունին, ուր աւելի ազատ աճել կարող են, քան մի ուրիշ երկրում: Հասարակածի բոյսերը բեւեռային գօտում աճել չեն կարող, ինչպէս եւ սառուցեալ ովկիանոսի թռչուններն ու կենդանիները շնչասպառ կը լինեն Սահարայի ջերմ անապատներում: Նախախնամութեան սահմանած մի օրէնք է այս, որին ենթարկւում է եւ մարդը: Բայց մի մեծ տարբերութիւն կայ մարդու եւ միւս աճող արարածների մէջ: Մարդու կեանքը կենդանականի եւ հոգեւորի մի գումար է, այսպէս էլ նորա հայրենիքի գաղափար՝ երկու երեսից բաղկացած եւ միմեանց հետ սերտ կապուած մի ամբողջութիւն:

Հայրենիքի գաղափարը յատուկ է նոյն իսկ ամենահասարակ, կիսակիրթ ժողովրդին. բայց նորա գաղափարը սահմանափակ է եւ թանձրացեալ: Հայրենիք ասելով, նա հասկանում է իւր ընտանեկան օջախը, հայրենի գիւղը, հողն ու ջուրը, նախնեաց գերեզմաններն ու սրբութիւնները:

Սակայն քաղաքակրթութեան զարգացման աստիճանների համեմատ հետզհետէ ընդարձակւում եւ տարբեր բովանդակութիւն է ստանում ազգերի մէջ եւ հայրենիքի գաղափարը: Ազգայնութեան տարրերն են ընդհանրապէս արեան, հայրենի երկրի, լեզուի, պատմութեան, սովորութիւնների եւ պետական կազմակերպութեան միութիւնները: Բայց սոցանից արտաքին երեւոյթները չեն այնքան կարեւորը, որքան հոգեւոր կեանքի եւ քաղաքակրթութեան գիտակցական միութիւնը: Այս տարրերից իւրաքանչիւրը իւր նշանակութիւնն ունի ժողովրդի բնական զարգացման համար, բայց այդ զարգացման ելակէտը հոգեւոր քաղաքակրթութիւնն է եւ նորանից բղխած գիտակցութիւնը, որ կապում է սերտ կերպով միմեանց հետ ազդեցութեան անդամներին: Այդ գիտակցութիւնն է պարզում, թէ ազգութիւնը ի՜նչ հոգեւոր բարիք եւ ժառանգութիւն ունի, որ թանգ է ընդհանրութեան համար: Եւ այդ ժառանգութիւնն է նորա հոգեւոր հայրենիքը, որով նա ապրում է ոչ որպէս մի բոյս կամ կենդանի, այլ բանական եւ հոգեւոր արարած:

Քաղաքակրթական կեանքով ապրող ազգերի համար սովորական իմաստով հայրենիքից զատ, կայ մի ուրիշ, հոգեւոր, վերացական հայրենիք: Բայց հոգեւոր կեանքը, քաղաքակրթութիւնն էլ ունի իւր հայրենիքը, ճիշդ այն նմանութեամբ, ինչպէս բոյսերի, կենդանիների եւ մարդկանց նիւթական հայրենիքն է: Ամէն հողի վերայ նոյն գաղափարը աճել չի կարող: Նոյն իսկ բարոյական եւ կրօնական ամենից ընդհանուր գաղափարները տարբեր բնաւորութիւն եւ ձեւակերպութիւն են ստանում զանազան երկիրների բնակիչների մէջ: Քրիստոնէութիւնը տարբեր բացատրութիւն եւ կազմակերպութիւն է ստացել այլ եւ այլ ազգերի մէջ, թէեւ արմատով նոյն է ամէն տեղ: Դաւանաբանական եւ ծիսական կարգերի տարբերութիւնները եկեղեցիների մէջ, ընդհանրական եկեղեցու՝ ազգային եկեղեցիների բաժանուլիը Աստուծոյ տնօրինութեան եւ պատմական, բանական պարագաների հետեւանք էին եւ ոչ այն կամ այն անձի կամայականութեան: Պատմական գիտութիւնները մեր առաջ պարզում են այլ եւ այլ ազգերի տարբեր քաղաքակրթութեան եւ կրօնների զարգացման ընթացքը: Ուրիշ է արեւելքի քաղաքակրթութիւնն ընդհանուր առմամբ եւ ուրիշ է՝ արեւմուտքինը. ուրիշ է քրիստոնեայ ազգերի ընդհանուր քաղաքակրթութիւնը եւ ուրիշ՝ մահմեդական եւ հեթանոս ազգերինը: Նոյն իսկ այս ընդհանուր խմբերի քաղաքակրթութիւններն էլ իրենց ստորաբաժանումներով զանազանւում են միմեանցից: Ամէն ազգի հոգեւոր կեանք իւր բնորոշ բնորոշ կողմերն ու յատկութիւններն ունի: Ինչպէս բոյսը իւր յատուկ կլիմայական պայմաններում միայն կարող է զարգանալ եւ շարունակել իւր տեսակը, այդպէս էլ իւրաքանչիւր ազգի հոգեւոր կեանքը իւր բնորոշ յատկութիւնները պահել եւ զարգանալ կարող է իւր բնիկ հողի վրայ:

Գարեգին վ. Յովսէփեան, ԱՐԱՐԱՏ, 1907, Սեպտեմբեր

Շարունակությունը՝ այստեղ

Կարդացե՛ք նաև  ՄԵՆՔ՝ ՎԱՐԴԱՆԱՆՔ. Նիկոմիդիո եղեռնատես առաջնորդը

 

Posted on September 21, 2017, in Նշանավոր գործիչներ, Գարեգին Ա. Հովսեփյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս and tagged , , , , , , , . Bookmark the permalink. 1 Comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

%d bloggers like this: