Մտածումներ – Մայստեր Էկհարտ
Ստորև ներկայացնում ենք կաթոլիկ միստիկ (խորհրդապաշտ) մտածող Մայստեր Էկհարտի (1260-1327/8) մտքերից:

Մայստեր Էկհարտ
Կուզենայի մի սպիտակ գրատախտակի վրա շատ ավելի գեղեցիկ բան գրել, քան այն, որ այնտեղ գոյություն ունի: Սակայն ինձ գտնում եմ մեծ դժվարությունների առաջ: Եթե ես ուզում եմ լավագույնը գրած լինել, այդ դեպքում ես պետք է ջնջեմ այն բոլորը, որ նախապես գրված է այնտեղ: Ոչինչ չի կարող գոհացում տալ նման մի փափագի և հարմարագույն առիթ լինել, քան այն, երբ այլևս այնտեղ ամենևին ոչինչ գրված չլինի:
Նույնպես, երբ Աստված կամենում է կատարյալ կերպով մի բան գրել իմ սրտում, ուրեմն այնտեղից պետք է մաքրի այն ամենը, ինչ որ խորթ է նման մի շնորհի ընդունմանը:
Մարդիկ չպետք է այնքան շա՛տ մտածեն ինչ-որ լավ բան անելու մասին, այլ նախ՝ լավ լինելու մասին: Եթե նրանք լավ լինեն, այն ժամանակ նրանց գործերն էլ փայլուն կլինեն:
Երբ դու ինքդ արդար ես, քո գործերն էլ, անտարակույս, արդար են:
Մի՛ մտածիր քո փրկությունը հիմնել քո գործերի վրա, այլ այն պետք է հիմնել քո ներքին էության վրա: Արդարև, ոչ թե գործերն են սրբացնում մեզ, այլ մենք ենք, որ մեր մաքուր էությամբ սրբացնում ենք մեր գործերը:
Նա, ով կառչում է Աստծուց, Աստված էլ, իր հերթին, իր բոլոր բարություններով, կառչում է նրանից:
Սիրո համար գոյություն չունի ավելի լավ չափանիշ, քան վստահությունը: Երբ մեկը ամբողջ սրտով և անձնվիրությամբ սիրում է մեկին, այն ժամանակ ինքնաբերաբար նաև վստահում է նրան:
Ճշմարիտ և կատարյալ Աստվածսիրությունը հայտնի է դառնում նրանով, թե մարդ ինչ չափով է իր հույսն ու վստահությունը դնում Աստծո վրա:
Աստված միշտ պատրաստ է, բայց մենք՝ անպատրաստ: Աստված մոտիկ է մեզ, իսկ մենք՝ Նրանից հեռու: Աստված մեր մեջ է, իսկ մենք՝ Նրանից դուրս:
Անկեղծ և ամբողջական նվիրվածությունը մի առաքինություն է. առանց նրա ոչ մի արժեքավոր գործ մեջտեղ չի գա:
Երբ մարդ ուրիշի հանդեպ իր նվիրվածության պատճառով հրաժարվում է իր անձնական շահերից, իր նեղության ժամանակ էլ Աստված նրան օգնության է հասնում:
Աղբյուրը՝ Յակոբ արք. Գլնճեան, Հաւատի եւ բանականութեան հետքերով, Երեւան, «Անահիտ» հրատ., 2014
Կարդացե՛ք նաև 10 միտք Թերեզա Ավիլացուց
Advertisements
Posted on January 16, 2016, in Միստիկա (խորհրդապաշտություն), Նշանավոր գործիչներ and tagged Մայստեր Էկհարտ, խորհրդապաշտություն, միստիկա, մտածումներ. Bookmark the permalink. 1 Comment.
Pingback: Բարի առավոտ – Մայստեր Էկհարտ | theologos