Պե՞տք են մեզ նոր եկեղեցիներ այսօր կամ եկեղեցաշինությունը և նոր հայերը

DSC09267Հայաստանում յուրաքանչյուր նորակառույց եկեղեցու օծումից հետո սոցիալական ցանցերում (հիմնականում Ֆեյսբուքում) որոշակի շրջանակներ անմարդկային վայնասուն են բարձրացնում, շատերն էլ սահմանափակվում են ավելի մեղմ քննադատությամբ (սակայն մյուս կողմից էլ, չմոռանանք, որ Ֆեյսբուքն ամբողջովին չի արտացոլում հասարակական տրամադրությունները):

Հետաքրքրական է, որ եթե ասենք մի տարի առաջ քննադատությունն ուղղված էր նոր եկեղեցիների կառուցման փաստին, բայց քննադատողները դեմ չէին, որ այդ գումարները ծախսվեին, օրինակ, հին եկեղեցիների նորոգման վրա, այսօր «դիսկուրսն» այլ ուղղությամբ է տարվում: Առաջարկվում է գումարները ծախսել բանակի աջակցման, ջրանցքների, մանկատների (!), հիվանդանոցների կառուցման վրա:

Սկսենք նրանից, թե ովքեր են նոր կառուցվող եկեղեցիների բարերարները: Դրանք հիմանականում անհատ գործարարներ են, մեծ մասամբ սփյուռքից, ովքեր այդպիսով աստվածահաճո գործ են անում, ինչն ավանդույթ է և գալիս է հնուց (շատերը քննադատում են, որ եկեղեցաշինությունն ազգանվեր գործ չէ: Իհարկե ազգանվեր գործ չէ. եկեղեցին կրոնական պահանջմունքները բավարարելու վայր է և ոչ թե հայրենասիրություն սերմանելու): Յուրաքանչյուր բարերար ազատ է տնօրինելու իր միջոցները, և եկեղեցին չի կարող պարտադրել, որպեսզի նրանք ծախսեն դրանք հին եկեղեցիների վերանորոգման, այլ ոչ թե նորերի կառուցման վրա (ինչի կարիքը, ինչպես կտեսնենք, այսօր կա):

Մյուս կողմից, ոչ ոք չի խանգարում մտահոգ զանգվածներին, որ, օրինակ, ստեղծվի բանակի առաջկցման ֆոնդ և ամենատարբեր մարդիկ նվիրատվություններ կատարեն դրան (այստեղ պետք է նշել, որ բանակին վերաբերող հարցերը միշտ չէ, որ արժե հրապարակայնորեն քննարկել, և կոչերը, որ գումարները եկեղեցի կառուցելու փոխարեն բանակի կարիքներին ուղղելն, ըստ իս, դեռ որևէ մեկին հայրենասիր չեն դարձնում) կամ էլ որ հիվանդանոցի, դպրոցի, մանկապարտեզի կառուցման ծրագիր ներկայացվի նույն բարերարներին (այս կառույցների կարիքն էլ ունենք այսօր): Այսինքն՝ կողմնակից լինել նոր եկեղեցիների կառուցմանը, չի նշանակում դեմ լինել այլ նշանակության շենքերի կառուցմանը, բանակի հզորացմանը, հայրենի գիտության առաջընթացին և այլն:

Իսկ ինչո՞ւ կառուցել այսօր նոր եկեղեցիներ: Զարմանալի է, բայց պատասխանն ակնհայտ է. քանի որ դրանց կարիքն այսօր կա: Հայաստանի քաղաքներից շատերը հիմնադրվել են Խորհրդային Հայաստանի գոյության տարիներին և, բնականաբար, զուրկ են եղել եկեղեցիներից: Մարդիկ իրենց կրոնական պահանջմունքները բավարարելու համար ստիպված են եղել հասնել մոտակա գյուղերի եկեղեցիները (իհարկե, եթե այնտեղ գործող եկեղեցի է եղել): Նման քաղաքներից են Կապանը, Վայքը, Նոր Հաճընը, Սևանը, Արտաշատը և այլն: Հետևաբար, այսօր այդ քաղաքներում եկեղեցիների կառուցումն արդարացված է, մանավանդ որ այնտեղ միանգամից նշանակվում է հոգևորական, և տեղի հոգևոր կյանքն աշխուժանում է:

Գալով Երևանին՝ կարծում եմ, որ երևանցիները հավանաբար շատ լավ գիտեն, թե քանի եկեղեցի է ավերվել խորհրդային տարիներին (գոնե ինձ հայտնի է, որ ներկայիս Չարենցի դպրոցի, Օպերայի շենքի, «Մոսկվա» կինոթատրոնի տեղում եկեղեցիներ են եղել և այլն): Ընդ որում, պետք չէ մոռանալ, որ 20-րդ դարասկզբին Երևանն ամենևին էլ ներկայիս չափերը չի ունեցել. բնակչությունն առնվազն 10 անգամ քիչ է եղել: Հետևաբար, կրկին պետք է կարիք առաջանար աղոթատների: Նույնիսկ այսօր Երևանի ոչ բոլոր վարչական շրջաններում կան եկեղեցիներ՝ Արաբկիր, Զեյթուն, Էրեբունի, Աջափնյակ, Նոր Նորքի 9 զանգվածներին ընդամենը 2 եկեղեցի է բաժին ընկնում, որից մեկը՝ շատ փոքր: Իսկ երբեմն էլ, թեև առկա են եկեղեցիներ, դրանք չափազանց փոքր են և չեն տեղավորում հավատացյալներին: Եվ մարդիկ ստիպված են հասնել ուրիշ վարչական շրջաններ՝ օրինակ, պատարագի մասնակցելու համար:

Շատերը կասեն, թե այսօր եկեղեցիները դատարկ են: Նմաններին պետք է հիշեցնել, թե երբ են վերջին անգամ պատարագի մասնակցել Երևանի որևէ եկեղեցում: Որովհետև, եթե նրանք բարեհաճեն, օրինակ, մի կիրակի առավոտ նվիրել Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում պատարագի մասնակցելուն, հնարավոր է՝ հենց իրենք առաջարկեն, որ Դավթաշենում ևս մեկ եկեղեցի կառուցվի (🙂 ): Կարծում եմ, որ միևնույն ժամանակ այսօր Երևանում կառուցվող եկեղեցիները չպետք է շատ փոքր լինեն, ինչպես նշածս դեպքում, այլ կառուցվեն տվյալ տարածքի բնակչության թվի հաշվարկով (որպեսզի հետո նույն համայնքում նոր եկեղեցու անհրաժեշտություն չառաջանա ու շահարակումների առիթ չտա🙂 ): Ուրիշ հարց է Կենտրոնում նոր եկեղեցիներ կառուցելը:

Հետաքրքրական է նաև, որ քննադատություններն ուղղված են բացառապես Հայ առաքելական եկեղեցու դեմ, և երբ, օրինակ, «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունը նախորդ տարի մի քանի հազար հոգու համար նախատեսված նոր պաշտոնական շենքի բացումը կատարեց, ոչ ոքի գլխում միտք չծագեց դրա գումարներն ուղղել բանակաշինությանը (օրինակներ կարելի է էլի բերել, կսահմանափակվեմ սրանով):

Եվ, վերջապես, նորակառույց եկեղեցիների ճարտարապետության մասին: Ես արվեստաբան չեմ, սակայն ի տարբերություն աշխարհիկ շինությունների ճարտարապետության, ինչն ինձ բավականին մոդեռն է թվում և շատ հաճախ՝ կտրված ազգային ավանդույթներից, գոնե եկեղեցիների պարագայում հիմնականում երևում է ավանդության պահպանումը և զարգացումը (օրինակ կարող եմ բերել Արտակ Ղուլյանի նախագծած եկեղեցիները):

Եվ վերջում ուղղակի նշեմ, որ եթե Դուք աթեիստ եք, և Ձեզ թվում է, թե կրոններն ընկրկում են 21-րդ դարում ու հետևորդների լուրջ կորուստ ունեն, կհրավիրեի Ձեր ուշադրությունն այս հետազոտության վրա, որտեղ ցույց է տրվում, որ հավատացյալ մարդկանց (religious people) թիվն առնվազն մոտակա տասնամակներում չի պակասելու, այլ ընդհակառակը, ավելանալու է… Ընդ որում, ինչպես ցույց են տվել հետազոտությունները, այդպիսիք առկա են հասարակության բոլոր շերտերում՝ անկախ ստացած կրթությունից, սոցիալական դիրքից: Այդ իմաստով, զարմանալի չէ, Սովետական Միության նախկին հանրապետություննրում, ինչպես նաև Արևելյան և Կետրոնական Եվրոպայի շատ երկրներում, Կուբայում, Լատինական Ամերիկայում, Աֆրիկայում հոգևոր զարթոնքը (դրանից բխող եկեղեցաշինությամբ):

© Գառնիկ Հարությունյան

8 հունիսի 2015 թ.

Posted on July 22, 2015, in Բլոգային գրառումներ and tagged , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: