«Մարմնի գույնը չի կարելի փոխել»

Ավարայրի ճակատամարտՋիովաննի Գուայտա 5-րդ դարի Հայ Եկեղեցու Հայրերից մեկը՝ Սուրբ Եղիշեն, հայ դասական պատմագրության մեծարժեք գործերից մեկում ավանդում է 451 թ. մազդեզականների դեմ ճակատամարտում վասն հաւատո զոհված վկաների պատմությունը։ Նա մեջբերում է ճակատամարտի հայ հերոս, քաջ Վարդանի խոսքերը. «Նա (թշնամին), որ կարծում էր, թե մենք քրիստոնեությունն իբրև զգեստ ունենք հագած, այժմ չի կարողանում մեզ փոխել, ինչպես մարմնի գույնը չի կարելի փոխել…» [տե՛ս Եղիշե, «Վարդանի և հայոց պատերազմի մասին», Երևան, «Հայաստան» հրատարակչություն, 1971, էջ 100]։

Սա նշանակում է, որ հավատքը խորունկ մի բան է, որը դառնում է մեր մասը, և միևնույն ժամանակ, մի շնորհ, ինչ-որ բան, որը ընդունում ենք իբրև մարմնի գույն…

Գարեգին Ա. – Հաստատապես, հավատքի մեջ կա շնորհի բաղադրատարր։ Սակայն այդ շնորհը որոշ մարդկանց առանձնաշնորհը չէ, տրված է բոլորին, բայց կան նաև մարդիկ, որոնք ընկալունակ չեն այդ շնորհին կամ ուրիշներից պակաս ընկալունակ են։ Կյանքի հանգամանքներից կախված՝ այդ շնորհը դրսևորվում է մեծ կամ փոքր չափով. ակներևաբար որոշ մարդիկ հնարավորություն չեն տալիս, որ այն արմատներ ձգի իրենց հոգում, թողնում են, որ խամրի։ Ուրիշներ էլ, ընդհակառակը, ինչ-որ մի պահի, մի իրադարձության, մի հանդիպման կամ ընթերցանության ազդեցությամբ, ինչպես այդ տեղի ունեցավ Սուրբ Օգոստինոսի հետ Tolle, lege [լատ.՝ «Վերցրու, կարդա»]-ի դեպքում, իրենց մեջ հայտնաբերում են հավատքը, որը միշտ ապրել է իրենց սրտի խորքում։

526501_560063990706370_607272628_nՋիովաննի Գուայտա Եթե ես ճիշտ եմ հասկանում Ձեր խոսքը, Դուք հավատքը համեմատում եք տաղանդի հետ, ասենք՝ գեղեցիկ ձայնի, լավ ձեռագրի և այլն։ Պատահում է, որ տաղանդավոր մարդը միանգամից չի նկատում իր ընդունակությունները։ Բայց, հանկարծ, հայտնաբերելով դրանք, կա՛մ զարգացնում է, կա՛մէլ անուշադրության մատնում։ Իսկ եթե չունես տաղանդ,չես կարող այն տալ քեզ։ Սուրբ Եղիշեի գրքի խոսքերը կարելի է հասկանալ և այսպես. անհնարին է յուրացնել հավատքը, ինչպես որ անհնարին է փոխել մաշկի գույնը…

Գարեգին Ա. – Խոսելով շնորհի մասին՝ ես չէի ցանկանա այն համեմատել տաղանդի հետ, որը քչերի առանձնաշնորհն է։ Ասացի, որ հավատքը տրվում է յուրաքանչյուրին, և մեզ տրված են համընդհանուր շատ շնորհներ, որոնք մեր մարդկային էության մաս են կազմում, ինչպես տեսողությունը, լսողությունը կամ շնչառությունը… Հավատքը մեր կյանքի զարդը չէ ինչպես տաղանդը, այն ավելի շուտ կտավ է, որի վրա գույները դրսևորվում են իրենք իրենց։ Այն տրվում է բոլոր տղամարդկանց և կանանց, որովհետև համարվում է մարդկային բնության էատարր։ Յուրաքանչյուր ոք կարող է կա՛մ հրաժարվել դրանից, կա՛մ ընդունել ու վկայել նրա մասին, քանի որ այն, ինչը քրիստոնյաները կոչում են «հավատք», ո՛չ փիլիսոփայական ուսմունք է և ո՛չ էլ գաղտնի կամ խորհրդավոր վարդապետություն, այլ՝ ազդու գործող ուժ։

Ջիովաննի Գուայտա – Ուրեմն, Դուք այն կարծիքի՞ն եք, թե յուրաքանչյուր մարդ ի ծնե ստանում է հավատքի այդ շնորհը։

Գարեգին Ա. – Հենց այդպես եմ մտածում։

Ջիովաննի Գուայտա – Ասացիք, որ մեծ կամ փոքր չափով, կարելի է ընկալունակ լինել այդ շնորհին։ Ի՞նչ է հարկավոր հավատքի շնորհն ընդունելու և այն զարգացնելու համար։ Շատերն ասում են, թե պետք է փնտրել Աստծուն, հոգ չէ, թե նրան գտնելու հաջողություն չունենաս։

Գարեգին Ա. – Իմ կարծիքով, այդ մարդիկ պետք է մեկնակետ ընդունեն մի շատ հիմնական միտք՝ բանականությունը մարդու ամբողջությունը չէ դեռևս։ Մարդուն բանականությունն է տրված, որպեսզի դրանից օգտվի երկրային կյանքի պայմաններում։ Բայց մարդն անդրանցում է իր բանականության սահմանները։ նՊասկալն ասել է. «Սիրտն ունի իր փաստարկները, որոնք անհայտ են բանականությանը»։ Մեր մեջ ասես մի վեցերորդ զգայարան կա։ Մեկ անգամ ևս ես հավատքը կհամեմատեի լսողության կամ տեսոողության հետ։ Ես լավ գիտեմ, որ մեկ թե մյուս զգայարանից զրկված մարդը, այդպիսին լինելով, նվաստացած չի լինի որպես մարդ։ Արդ, հավատքը վեցերորդ զգայարանն է, որից նա երբեք չի կարող զրկվել, քանի որ այն ներհատուկ է մարդկային բնությանը։ Դժբախտաբար, հաճախ Աստծուն ժխտելիս թե փնտրելիս, մենք չենք օգտագործում այդ զգայարանը, այլ այն փոխարինում ենք բանականությամբ։ Բայց բանականությունը ի զորու չէ, որ մենք լիովին ըմբռնենք Աստծուն։ 

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Կարդացե՛ք նաև ԳԱՐԵԳԻՆ Ա. կաթողիկոս. 5 միտք հայի, նրա ինքնության մասին

Posted on May 26, 2015, in Գարեգին Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց and tagged , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: