Սուրբ Գրիգոր Նարեկացին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Եկեղեցու Ուսուցիչ է հռչակվել

2015-02-23 Վատիկանի ռադիո (http://www.news.va/en/news/pope-francis-declares-armenian-saint-doctor-of-the)

Գրիգոր ՆարեկացիՖրանցիսկոս պապը հայազգի սուրբ՝ վանական և բանաստեղծ Գրիգոր Նարեկացուն հայտարարել է Տիեզերական Եկեղեցու Ուսուցիչ (Դոկտոր): Շաբաթ օրը  հանդիպելով  Սրբերի (սրբադասման) հարցերով զբաղվող կոնգրեգացիայի (հանձնաժողովի) ղեկավար կարդինալ Անջելո Ամատոյին՝ պապը հաստատել է կոնգրեգացիայի լիագումար նիստում առաջ քաշված առաջարկը՝ 10-րդ դ. հայ սրբին Տիեզերական Եկեղեցու Ուսուցչի (Դոկտորի) կոչում շնորհելու մասին:

Այնուհետև Վատիկանի ռադիոյի կայքում ներկայացված է Սուրբ Գրիգոր Նարեկացու կենսագրությունը, որին կարող եք ծանոթանալ ստորև.

Ս. Գրիգոր Նարեկացի

[940-ական թթ. 2-րդ կես, հավանաբար գյուղ Նարեկ (Ռշտունյաց գավառ) – 1003], բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ, մանկավարժ: Խոսրով Անձևացու որդին: Դաստիարակվել ու կրթություն է ստացել Նարեկավանքի դպրոցում, Անանիա Նարեկացու հսկողությամբ, որ մոր հորեղբայրն էր: Գրիգոր Նարեկացու գործունեությունը կապվում է նույն վանքի հետ, որտեղ վարդապետ է եղել մինչև իր կյանքի վերջը: Մենաստանի տարածքում նրա հիշատակին կանգնեցվել է մատուռ, որի մեջ ամփոփվել է նրա աճյունը:

Նարեկացուց մեզ է հասել «Մեկնութիւն երգոց երգւոյն Սողոմոնի» երկը (գրված 977-ին), «Ապարանից Ա. Խաչի պատմությունը» (980-ական թթ.), մի քանի ներբողներ, շուրջ 36 բանաստեղծություն, «Մատեան ողբերգութեան» (1001-1003) պոեմը և դավանաբան, մի թուղթ, որն ուղղված է Մոկաց Կճավա վանքի վանահորը և արժեքավոր աղբյուր է Թոնդրակյան շարժման մասին: Նրան է վերագրվում նաև Հոբի գրքի մի հատվածի մեկնությունը («Ո՞վ է դա…», անտիպ):

Գրիգոր Նարեկացու տաղերում («Մեղեդի ծննդեան», «Տաղ վարդավառի», «Տաղ քաղցրիկ», «Տաղ ազնիւ») աշխարհիկ ընկալմամբ պատկերել է իրական կնոջ գեղեցկությունը, երկրային հմայքները, փառաբանել բնությունը:

Նարեկացու բանաստեղծ, հանճարն ամենակատարյալ արտահայտությունն է գտել «Մատեան ողբերգության» քնարական-փիլիսոփայական պոեմում, որը հայտնի է «Նարեկ» անունով: Մեծածավալ երկը (95 գլուխ, ավելի քան 10000 տող) չունի պատմող, սյուժեի տարրեր, բայց ունի սկիզբ և ավարտ, ներքին զարգացման կուռ միասնություն ու ամբողջականություն: Գործողությունը զարգանում է կյանքի ու մահվան, անկման ու փրկության, հուսալքության և ինքնահուսադրման իրարամերժ գաղափարների ու ապրումների բախումով: Բախման կենտրոնում բանաստեղծն է,որը սեփական մեղքերը քավելով և ինքնակատարելագործման ճանապարհով ձգտում է հասնել ու միանալ աստվածային էությանը: Պոեմում Նարեկացին չի ձգտում ո՛չ բանականությամբ, ոչ զգացողությամբ և ո՛չ էլ կրոնական դավանաբանության հեղինակությամբ ապացուցել Աստծու գոյությունը, ճանաչել նրա էությունը: Նրա համար Աստված անառարկելի ճշմարտություն է, և նա չի պահանջում ոչ մի ապացույց:

Գրիգոր Նարեկացին խոսում է մարդ անհատի մասին և խորությամբ պատկերում նրա ներաշխարհը: Անհատն իր ամեն կարգի մարդկային մեղքերի «մեղավոր աշխարհով» հույս ունի և հավատում է Աստծուց սպասվող փրկությանը:

Պոեմը հորինված է յամբ-անապեստյան ազատ տաղաչափությամբ և հանգի մասնակի օգտագործումով:

Ինչպես «Մատեան ողբերգութեան» պոեմում, այնպես էլ տաղերում Նարեկացին օգտվել է հայ բանահյուսությունից, բանահյուսական տաղաչափական ձևերից ու ընդհանրապես ժողովրդական խոսքի տարրերից, իսկ բազմազան նմանաձայնությունների (բաղաձայնույթ, առձայնույթ) միջոցով հասել է երաժշտականության: Նարեկացու գեղարվեստական մտածողությունը բնութագրվում է որպես բանական-զգացմունքային և իր մեջ միավորում է ծավալայնությունն ու արտահայտչական ոճը: Այդ մտածողությունն իր ազդեցությունն է թողել հետագա շրջանի, հատկապես XII-XIII դդ. (Ներսես Շնորհալի, Ֆրիկ, Կոստանդին Երզնկացի), ինչպես և XX դարի 1-ին կեսի (Մ. Մեծարենց, Սիամանթո, Ե. Չարենց) հայ բանաստեղծության վրա:

Նարեկացու բարդ և հակասական աշխարհայացքի հիմքում Աստծու՝ որպես բարձրագույն սուբստանցի մասին քրիստոնեական ուսմունքն է: Մարդկության պատմությունը նա պատկերել է ըստ Աստվածաշնչի՝ աշխարհի արարումից մինչև վերջին դատաստանը: Նրա խորհրդապաշտությունը սերտորեն միահյուսված է նորպլատոնականության հետ. տեսանելին իմաստավորվում է անտեսանելիով և՝ ընդհակառակը:

Գրիգոր Նարեկացին, որպես երաժիշտ, նոր շունչ ու կյանք է հաղորդել հայմիջնադարյան մասնագիտացված երգարվեստին: Հատկապես իր տաղերի երաժշտական բաղադրիչներում հաղթահարված են շարականների հին ութձայնի դրությանը՝ կապված եղանակների կազմության՝ տվյալ պատմաշրջանի համար արդեն քարացած ձևերը: Ընդհանրապես նախատեսված չլինելով պարտադիր-կիրառական նպատակների համար՝ տաղերն ազատ են մնացել եկեղեցական

կանոնական մտածողությունից ու ավելի անկաշկանդ (քան, օրինակ՝ շարականները) հարստացել են ժողովրդական-գուսանական արվեստից եկող կենսունակ տարրերով:

Գրականության ցանկ

«Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխ. խմբ. Հովհ. Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007:

Գրիգոր Նարեկացի, Մատյան ողբերգության, «Սովետական գրող», Երևան, 1979թ.:

Սարգսյան Մ., Գրիգոր Նարեկացի, <<Արևիկ>> հրատ., Երևան, 1989:

Երկ. Գիրք աղօթից սրբոյն Գրիգորի Նարեկացւոյ արարեալ, ԿՊ, 1700: 

Սրբոյ հորն մերոյ Գրիգորի Նարեկայ վանից վանականի մատենագրութիւնք, Վնտ., 1840: 

Մատյան ողբերգության (գրաբարից թրգմ՝ Վ. Գևորգյան), Ե., 1970: 

Տաղեր և գանձեր (աշխատասիր.՝ Ա. Քյոշկերյանի), Ե., 1981:

Աղբյուրը՝ http://www.armenianlanguage.am

Կարդացե՛ք նաև Բարի առավոտ – Մայստեր Էկհարտ 

Posted on February 23, 2015, in Եկեղեցական լուրեր and tagged , , , , , , . Bookmark the permalink. 1 Comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: