Հայնրիխ Գելցերի նամակը Արշակ Տեր-Միքելյանին /հատված/

Ձեզ ենք ներկայացնում գերմանացի հայտնի պատմաբան, բանասեր, հայագետ Հայնրիխ Գելցերի՝ աստվածաբան, պատմաբան, հայագետ, մանկավարժ Արշակ  Տեր-Միքելյանին ուղղված նամակից մի հատված. նամակը գրվել է 1890 թ.

Գելցեր, Տեր-Միքելյան

…Այսօր ցաւալի է, որ ժողովուրդը բազմապատիկ խրուել է արտաքին ծիսապաշտութեան մէջ. նորա նշանաւոր անդամք գերազանց վաճառականներ են, սակայն այնպէս խրուելով՝ երկրային բարեաց, ոսկու և արծաթի ետևից ընկած, որ նոքա յայնմ մոռանում են ճշմարիտ մարգարիտն որոնելու, զոր յայտնի վաճառականն աւետարանի մէջ փնտռում և երբ գտաւ զայն, ծախեց իւր բոլոր ստացուածքն այդ թանկագին գոհարը ձեռք բերելու համար: Անհաւատութիւնն, որ մի կիսատ և անհիմն իւրացմամբ արևմտեան լուսաւորութեան հետ զինքն թեթևապէս միայն զօտել է, յաջողութիւն է ունեցել, որպէս դուք ինքներդ խոստովանեցիք, Հայկի զարգացեալ որդոց մէջ և թէ հարկաւ զարգացելոց և մանաւանդ ժողովրդի մէջ բազում ճշմարիտ և համոզանուէր քրիստոնեայք իսկ կան, այնու հանդերձ միւս կողմից՝ – որպէս շատ ժողովրդագէտների տեղեկութիւնք համաձայնում են՝ – քահանայից և աշխարահականաց մօտ քրիստոնեութիւնը մասամբ սուզուել է արտաքին ձևապաշտութեան մէջ: Ուստի յիշեցէք Դուք Եսայի մարգարէի սոսկալի խօսքերը, զոր Քրիստոս Տէրն մեր և Փրկիչն ասաց առ Հրէաները. «Կեղծաւորք՝ բարւոք մարգարէացաւ ի վերայ ձեր Եսայի՝ և ասէ. Ժողովուրդս այս շրթամբք պատուէ զիս, և սիրտ իւրեանց հեռացեալ մեկուսի յիշնէն» (Մատթ. ԺԵ. 7):

Աստուած մի՛ արասցէ որ այս սոսկալի խօսքերը Հայկայ ժողովրդի վրայ ստուգին և նա աստուածային հրամանով նման դատավճիռ կրելու ստիպուի, որպէս հրէից դժբախտ ժողովուրդը: Ուստի վեհագոյն է խնդիրն, որ մնում է այդ ժողովրդի ուսուցչին: Դուք պէտք է Հայոց վերստին երկիւղած և քաջ ժողովուրդ դարձնէք որպէս եղել են ս. Գրիգորի, ս. Սահակի և ս. Ներսիսի օրերով: Յիշեցէք որ ինչ ս. Առաքեալն Պետրոս իւր առաջին թղթում առ հաւատացեալքն ասում է. «Դուք ազգ էք ընտիր, քահանայութիւն թագաւորական, ազգ սուրբ, ժողովուրդ սեպհական, որպէս զի զձեր առաքինութիւնս նուիրիցէք այնմ՝ որ զձեզ ի խաւարէն կոչեաց յիւր սքանչելի լոյսն: Որք երբեմն չժողովուրդ՝ բայց արդ ժողովուրդ Աստուծոյ. որք չողորմեալք՝ այժմ ողորմութիւն գտիք»:

Ո՜ փառաւոր է կոչումն վարդապետի, որ պէտք է գործէ իւր ազգն Աստուծոյ սեփականութեան ժողովուրդը դարձնելու:

Մեր դարում արևմտեանների մէջ զարթնել է շահագրգռութիւն արևելեան ազգերի նկատմամբ: Անգլիան և հիւսիսային Ամերիկան, նաև Գերմանիան և Զուցերիան (իմա՝ Շվեյցարիան) բազմաթիւ քարոզներ են առաքել, որոնց Հայոց մէջ, Ասորիքում և Կոպտերի (իմա՝ ղպտիների) մէջ գործել են ուզում: Այդ ճշմարիտ ճանապարհը չէ. նոքա ուզում են իւրեանց անգլիական, իւրեանց նորոգող կամ լութերական եկեղեցին Հայոց շատ հնագոյնին վիզը կապել: Իմաստութիւնը պիտի զինքն պատժել տայ իւր որդիներին: Այդ չէ ճանապարհն, որով Հայաստանեայց ս. եկեղեցու վերածնութիւն են բանում. այդ պարտ է ի ներքուստ կատարուի: Այն օտար պատուիրակները բերում են, որպէս Հռովմայ որդիքը, երկպառակութիւն և բանակռուութիւն Քրիստոսի Փարախը: Գիտեմ, որ շատ աւետարանական (Հռովմաբողոքական) քրիստոնեայք դատապարտում են այդ քարոզութիւնն արևելեան ժողովրդոց մէջ: Մենք ուրախանում ենք, երբ Հայկայ որդիք գալիս են առ մեզ և արևմտքում արևմտեան զարգացումն և գերմանական գիտութիւն սեփականում. բայց ապա ոչ թէ օտարք, այլ նոքա պէտք է իւրեանց ժողովրդի մէջ գործեն և նոցա ուսուցանեն և լուսաւորեն, որ նա, որպէս նախկին դարերում, վերստին մի երևելի դիրք բռնէ ուսեալ ազգերի մէջ: Ես համոզուած եմ, որ թէ Հայաստանը լուսաւորուող տեղացի քահանաների միջոցով մի նոր կենսազօր քրիստոնէական հաւատքի հասնի, այն ժամանակ ազգային կեանքն ևս նոր զօրութեամբ կըզարթնի և Էջմիածնի փառքը վերստին կըճառագայթի, որպէս հին ժամանակները:

Խնդիր մի մեծ սպասում է դեռ Հայ ազգին և մանաւանդ նորա սուրբ եկեղեցուն, իւր քահանայից և վարդապետաց. բոլոր այն ժողովրդոց մէջ, որոնք հին եկեղեցու, Կիւրեղ Աղեքսանդրացու և այլ սուրբ հայրերի հաւատքին հաւատարիմ են մնացել, այն է՝ Եգիպտացոց, Ասորոց, Եթովպացոց և Հայոց մէջ, Հայկայ որդիք միակն են, որոնք կատարելապէս և ամբողջապէս իւրեանց որդոց մեծ մասամբ՝ սեփականել են արևմտեան քաղաքակրթութիւնը, վասն որոյ և մեծ առաւելութիւն ունին իւրեանց եղբայրներից ի Քրիստոս, ըստ որում և նոցա է մնում մէկ մեծ պատասխանատուութիւն. նոքա են Քրիստոսից՝ ճշմարիտ հովուապետից՝ հաստատուած, որոնք այդ հնագոյն և մեծայարգ եկեղեցեաց մէջ պիտի հսկեն, որպէս զի աւետարանի և առաքելոց և ս. հայրերի աւանդած ճշմարիտ վարդապետութեան ջահը չհարուածուի: Արդ եթէ Հայոց եկեղեցին բազմաթիւ քահանաներ վերստին ունենայ, որոնք քարոզեն հին եկեղեցու վարդապետութիւնն ու հաւատն անկեղծութեամբ և սրբութեամբ, և բոլոր սրտով ու հոգով՝ ո՛չ թէ մարդու՝ այլ Աստուծոյ գործ կատարել կամենան, յայնժամ պարտ են նոքա նաև այդ տկար եղբայրներն ընդունել և զօրացնել նոցա, նոցա՛, որոնց որոգայթ են դնում Հռովմայ պատուիրակ եզուիթներն և ցաւալի է, որ շատ Ասորիք և Կոպտեր թակարդի մէջ են ընկնում: Հաբեշստանում (իմա՝ Եթովպիայիում) լաւագոյն է. այնտեղ քրիստոնեայ կայսրներն՝ Թէոդորոս և Յովհաննէս ս. բարեյիշատակութեամբ վռնդեցին այդ ոչխարազգեստ գայլերին, նաև նոր թագաւորեալն Նեգուս Նեգեստէ Մենելէքն Շօայի՝ մի հաւատարիմ որդի է ս. Մարկոսի եկեղեցուն:

Ըստ իմ մասնաւոր կարծեաց, զոր որպէս աշխարհական և օտար առաջարկում եմ միայն բոլորովին խոնարհաբար, յարմար ժամանակ է, որ եթէ աշխարհական կառավարութիւնք դժուարութիւն չեն յարուցում, կաթուղիկոսն ամենայն Հայոց պէտք է հնադաւան եկեղեցիներից մի ժողով գումարէ կամ յԷջմիածին կամ ի Կարին, ըստ որում հրաւիրելի են նախ, երկոքին կաթուղիկոսք Սսոյ և Աղթամարի, Կ. Պոլսի և ս. Երուսաղէմի պատրիարքներն, Հայաստանեայց ուղղափառ եկեղեցու համօրէն արքեպիսկոպոսք և եպիսկոպոսք և նշանաւոր վանահայրերն ու վարդապետները:

2) Ս. Պետրոսի Անտիոքայ աթոռի յաջորդն՝ ուղղափառ Ասորոց այսպէս կոչուած Յակոբիկների ի Մերդին և արևելքի Մափրիանների պատրիարքը և ընդ նմին բոլոր արքեպիսկոպոսք և եպիսկոպոսք և յայտնագոյն վանահայրերն Ասորոց ս. եկեղեցու:

3) Ս. Մարկոսի Աղեքսանդրիոյ աթոռի յաջորդն, ուղղափառ Եգիպտոսի պապն և արքեպիսկոպոսն Եգիպտոսի, Լիբիայի և Պենտապօլսի իւր բոլոր կոպտական եպիսկոպոսներով, հանդերձ նիւթական և սկետական անապատի վանքերի, այլ և Ամբահակեր, Մարբօլոս, Մար Անտօնիոս, ընդ նմին և նիւթական անապատի Ասորոց վանքերի առաջնորդներով:

4) Ներկայացուցիչք ս. Մարկոսի աթոռից կախեալ Եթովպական քրիստոնէից՝ միտրապօլիտն կամ Աբունան Հաբեշստանի և վանապետն Դեբրա Տաբօրին ի Շօա և այլ քանի մի երևելի, և ուսեալ հոգևորականաք եթովպական բարեպաշտ ժողովրդի:

Եթէ կարելի լինէր՝ – թէև ինքս նախապէս տարակուսում եմ արտաքին պատճառներից՝ – այդպիսի մի ժողով գումարել, նա նոր վարդապետութիւն չէր ունենալ աւետարանելու, զոր ուղղափառք վերաթողում են ի վատիկանն Հռովմայ ժողովեալ՝ ճշմարտութիւնից մոլորուող արևմտեան եպիսկոպոսաց: Այլ Հայոց, Ասորոց, Եթովպացոց և Եգիպտացոց ս. եկեղեցեաց սրբազան պատրիարքներն, եպիսկոպոսներն և վարդապետները միացած կխոստովանէին, որ իւրեանց հաւատն հանուր է և նոյն, զոր ս. առաքեալք Քրիստոսի բերանից լսելով, մեզ են աւանդել, զոր առաջին դաերերի ս. հայրերը թողել են յետնոց, զոր 318 հայրերն ի Նիկիայ (325-ին) և 150 ի Կ. Պօլիս (381)-ի Նորն Հռովմ և 200 հայրերն յԵփեսոս (431) հաստատել են և որ յաւէտ ճշմարիտ և անկեղծ հաւատքն է եղել այդ չորեքին եկեղեցեաց: Եկեղեցու սրբազան և բարձրագոյն Վարդապետաց այդպիսի մի հրապարակական և հանդիսաւոր խոստովանումն ս. հայրերի ճշմարիտ հաւատքի՝ անշուշտ մեծ ազդեցութիւն կգործէ ազգերի վրայ, կամրացնէ տատանուողներին և կոչնչացնէ Հռովմայ խարդախ յարձակմունքը:

Ընդունեցէք այս խոնարհ խօսքերն, այնպէս՝ որպէս են, խօսքերն Հայաստանի հաւատարիմ բարեկամի, որ աղօթքի և բարեխօսութեան մէջ յաճախակի յիշում է զազգն Հայոց:

 Հ. Գելցեր

Ենա, մայիս 25, 1890,

Հոգեգալստեան ս. տօնին

Posted on June 19, 2014, in Նշանավոր գործիչներ and tagged , , , , , , . Bookmark the permalink. 1 Comment.

Leave a comment