Հայկական մի գյուղ Սիրիայում / ՔԵՍԱԲ

10013331_607325006023865_483321149_n

Քեսաբ / Kessab

Ջ. Գուայտա – Էջմիածնում Ձեր գահակալության ժամանակ Ձեր արտասանած բացման խոսքում Դուք նշեցիք. «Ես սփյուռքի զավակ եմ։ Ես չեմ ծնվել Մայր հայրենիքում, այլ հայրենիքը ծնվել է իմ մեջ»։ Որտե՞ղ եք Դուք ծնվել։

Գարեգին Ա. – Ես ծնվել եմ Քեսաբում, որը Սիրիայի գյուղական շրջանում հայկական մի շեն է՝ շատ հեռու մեծ քաղաքներից, անմիջականորեն սահմանակից Թուրքիային։

Ջ. Գուայտա – Հայկական գյուղ՝ Սիրիայում։ Ինչպիսի՞ն է նրա ծագման պատմությունը։

Գարեգին Ա. – Մեր գյուղի ծագումը կապված է Անի քաղաքից՝ Բագրատունիների թագավորության մայրաքաղաքից հայերի ելքի հետ։ 11-րդ դարում Անին նվաճվել է թուրք սելջուկների կողմից, որոնք 11-12-րդ դարերում տիրում էին Փոքր Ասիային, Իրանին, Իրաքին, Սիրիային և Հայաստանին։ Հայերը, մեծավ մասամբ, լքեցին երկիրը և պատսպարվեցին նրա արևմտյան մարզերում ու Կիլիկիայում։ Այդ ժամանակ են սկիզբ առել Քեսաբը և Մուսալեռը։ Իսկ Մուսալեռ գյուղը, որն ամենամոտն է Քեսաբին, հայտնի է համաշխարհային առաջին պատերազմի ընթացքում թուրքերին ցուցաբերած դիմադրության պատճառով, ինչպես նաև Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» գրքի շնորհիվ։ Ասում են, թե արդեն 11-րդ դարում Գրիգորիս Վկայասեր Կաթողիկոսն այցելել է այն մարզը, որի տարածքում Քեսաբն էր։ Սա ամբողջապես հայկական գյուղ էր մինչև վերջին ժամանակներս, երբ այստեղ բնակություն հաստատեցին նաև սիրիացիները։ Բայց այսօր էլ նրա բնակիչների մեծ մասը հայեր են։ Ամառային հրաշալի եղանակի պատճառով շատ հայեր Հալեպից, Լաթաքիայից, Դամասկոսից և նույնիսկ Բեյրութից այստեղ են անցկացնում իրեցն արձակուրդը։

Ջ. Գուայտա – Հետևապես, գյուղում առօրյա լեզուն հայերե՞նն էր։

Գարեգին Ա. – Ոչ բոլորովին։ Ավելի շուտ՝ Քեսաբի բարբառն էր։ Դպրոցում սովորում էին գրական հայերեն, բայց տանը և փողոցում խոսում մեր բարբառով, որը բավականաչափ տարբերվում է ընթացիկ գրական լեզվից։

Ջ. Գուայտա – Ձեր նախնիները Կիլիկիայում հաստատվել են սկսած 11-րդ դարից։ Հետագայում Կիլիկիայի հայկական թագավորությունն ունեցել է միանգամայն առանձնահատուկ ճակատագիր…

Գարեգին Ա. – Այո՛, Կիլիկիան նախ իշխանապետություն էր, այնուհետև՝ թագավորություն։ Այդ ժամանակահատվածն ընդգրկում է 1080-1375 թվականները։ Կիլիկիայի հայերը սերտորեն կապված են եղել խաչակիրներին, ինչի շնորհիվ Արևմուտքի հետ մեր հարաբերությունների պատմությունը երկար է։

Ջ. Գուայտա – 1375 թվականին մայրաքաղաք Սիսը ավարի է ենթարկվել…

Գարեգին Ա. – Ճիշտ է։ Կիլիկյան Հայաստանը նվաճել են մամլյուքները, որոնք կործանել են թագավորությունը և տարտղնել հայերին։ Այս փախստականներն են սկիզբ դրել սփյուռքին Արևելյան Եվրոպայի երկրներում՝ Ռումինիայում, Բուլղարիայում, Լեհաստանում, Հունգարիայում և այլն։ Այդուհանդերձ, հայկական մի բավականաչափ մեծ համայնք մնացել է Կիլիկիայում, որտեղ 1441-ից մինչև 1920-ը գոյություն է ունեցել Կաթողիկոսարան։ 1915-ի ցեղասպանության ժամանակ Կիլիկիայից հայերին բռնի տեղահանել են։ Նրանցից շատերը անապատում, տարագրման ճանապարհին, ոչնչացվել են։ 1918-ի զինադադարից հետո ողջ մնացածները Կիլիկիա են վերադարձել ու կրկին բնակություն հաստատել այն տարածքում, որն այդ ժամանակ գտնվում էր ֆրանսիական հովանավարության տակ։ Սակայն 1921-ին, երբ ֆրանսիացիները, Աթաթյուրքի հետ համաձայնություն կնքելուց հետո, հեռացան Կիլիկիայից, հայերը, մնալով առանց հովանավորության՝ սկսեցին լքել երկիրն ու հաստատվել Սիրիայում, Լիբանանում և այլ վայրերում։ Իսկ իմ գյուղի բնակիչները միշտ մնացին տեղում, որովհետև մեր տարածքը դարձավ Սիրիայի մաս։

Ջ. Գուայտա – Ուրեմն 11-րդ դարից ի վեր Ձեր նախնիները մշտապես այդ տարածքո՞ւմ են ապրել։

Գարեգին Ա. – Այդպիսին է պատմաբանների վարկածը, թեև պատմական ճշգրիտ տեղեկություններ չկան Քեսաբի ծագման մասին։ Բայց քանի որ տեղական բարբառը շատ մոտ է հին հայերենին, խիստ հավանական է, որ նրանք այնտեղ ապրել են սկսած 11-րդ դարից։ Ընդ որում, Հայ Առաքելական Եկեղեցին այնտեղ էր, ժողովրդի հետ, որովհետև մեր ամբողջ պատմության ընթացքում մեր Եկեղեցին ծառայել է իր ժողովրդին այնտեղ, որտեղ նա գտնվել է։

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Տե՛ս նաև Երջանկահիշատակ ԳԱՐԵԳԻՆ Ա. կաթողիկոսը իր ծնողների մասին

Posted on March 31, 2014, in Գարեգին Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց and tagged , , , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: