Երջանկության մասին – Գարեգին Ա. կաթողիկոս

Karekin1 Երջանկության մասինՋ. Գուայտա – Ձերդ Սրբություն, Դուք երջանի՞կ մարդ եք:

Գարեգին Ա. – Չեմ կարող պատասխանել այդ հարցին առանց ճշտելու, թե մենք նո՞ւյն կերպ ենք հասկանում արդյոք «երջանկություն» բառը: Եթե խոսքը մշտատև անխռով հոգեվիճակի ներքին մնայուն մի տրամադրության մասին է, երբ բացակայում է ափսոսանքի, տառապանքի կամ անբավարարվածության զգացումը, ապա այդպիսի վիճակը խորթ է ինձ: Կարծում եմ, որ այդ հոգեվիճակը պարզապես մարդկային չէ: Մարդու կյանքում երջանկությունը նվաճում է. կասկածի, հուսահատության, փորձությունների հաղթահարում… Եթե այդպես է, ապա այո՛, ես երջանիկ եմ, որովհետև մտածում եմ, որ Աստծու օգնությամբ կարողացել եմ հաղթահարել ուխտազանցությունը, անկման պահերը: Նրանք են երջանիկ, ովքեր իրենց մեջ, իրենց կյանքում չեն կորցնում Աստծու ներկայության զգացումը: Վերընթերցելով «Երանիները», որ Հիսուսը հստակորեն ձևակերպել է Լեռան քարոզում, մենք տեսնում ենք, որ «երանելի» են աղքատները, տառապողները, հալածվողները: Ինչո՞ւ: Որովհետև Աստծու հոգին բնակվում է այդ մարդկանց մեջ, նույնիսկ երբ իրենց հոգու խորքում ժխտում են նրան: Աստծուն մերձ լինելու, ամբողջապես Նրան պատկանելու զգացումն Է կազմում մարդու երջանկությունը:

Ջ. Գուայտա – Այսպիսով, Դուք երջանկությանը տալիս եք այնպիսի մի սահմանում, որը տարբերվում է ընդհանրապես ընդունվածից: Շատերը կարծում են, թե իրենք երջանիկ են այն ժամանակ, երբ ամեն ինչ լավ Է, երբ խնդիրներ չունեն… Մինչդեռ Դուք պնդում եք. երջանկությունը դա չէ, կյանքի պայմաններն ընդունելու և դրանցից վեր բարձրանալու կարողությունն է այն, կյանք, որը պարուն՛ակում է այնքան շատ անկումներ ու ձախորդություններ:

Գարեգին Ա. – Հենց այդպես: Եվ ես կկամենայի հստակորեն սահմանազատել երջանկությունն ու «թեթևընթաց կյանքը»: Եթե կարծում ենք, թե երջանկությունը մեծ խնդիրներ չունենալն է, ապա մենք անտարբերությունից աոաջ եկող փորձության զոհերն ենք: Երջանիկ լինել՝ նշանակում է հաղթահարել թուլությունները, խղճի խայթերը: Երջանկության այլ չափանիշներ ևս կան. երջանիկ ես, երբ երջանկացնում ես ուրիշներին: Եթե մեր «երջանկությունը» միայն մեզ համար ենք պահում, ապա դա քրիստոնեական երջանկություն չէ: Տերը երջանիկ էր, նա մեզ պատվիրել է ուրա՛խ լինել միշտ (Թեսաղ. 5, 16): Բայց այդ ուրախությունը մեզ տրվում է Աստծու կողմից և կախված չէ նյութական կամ պատմական պայմաններից:
Երջանիկ լինելու համար պետք չէ խույս տալ պատասխանատվությունից, պարտավորությունից կամ տառապանքից: Երջանկության պայմանը, ընդհակառակը, տառապանքի ինքնակամ ընդունումն է՝ հանուն ուրիշների ուրախության:

Ջ. Գուայտա – Ուրեմն, երջանիկ կարող ենք լինել նույնիսկ նեղությունների պարագայում, մինչև իսկ՝ տառապանքի մեջ, սփյուռքում, եղեռնի օրոք…

Գարեգին Ա. – Իհարկե: Կարդալով մեր սրբախոսությունները, տեսնում ես, որ անգամ անմարդկային չարչարանքների ենթարկվելիս մեր սրբերը երջանիկ էին և չէին ուրանում հավատքը: Այդպես էր 5-րդ դարի հայ մի սրբի պարագայում, տանջողները նրա ծայրանդամները սեղմել են աքցանի մեջ, ջարդել ոսկորները: «Ուրացի՛ր քրիստոնեական հավատքը», – ասել են նրան: Իսկ նա պատասխանել է. «Ոսկորներս պատասխան են տալիս ձեզ»: Հոգևոր ինչպիսի՛ ուժ: Եթե նա չունենար հոգեկան երջանկություն, չէր կարողանա չուրանալ հավատքը… Տառապանքը, որ մեր կյանքում կամովին հանձն ենք առնում, չի հակասում ուրախությանը: Եթե դա հանձն ենք առնում հանուն այն արժեքների, որոնց նվիրաբերում ենք մեր կյանքը, այսինքն՝ հանուն հավատքի, Աստծու Թագավորության համար մեր հանձնառության, մերձավորի, հայրենիքի հանդեպ սիրո, ապա դժվարությունները և մինչև անգամ հալածանքները չեն կարողանա մեզ զրկել հոգևոր ուրախության այն զգացումից, որը մեզ ներշնչում է Աստծու ներկայությունը մեր կողքին:

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Տես նաև Երջանկահիշատակ ԳԱՐԵԳԻՆ Ա. կաթողիկոսը իր ծնողների մասին

Posted on January 15, 2014, in Գարեգին Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց and tagged , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: