Դարավերջ – ԳԱՐԵԳԻՆ Ա. վեհափառ

Գարեգին Ա, Ջիովաննի Գուայտա
Ջովաննի Գուայտա – 1000 թվականին Եվրոպան սպասում էր անհանգստացած, բայց այդ անհանգստության մեջ կային նաև հոգևոր ազնիվ խմորումներ: Այսօր, նոր դարի ու հազարամյակի արշալույսին, մի տեսակ տագնապ կա. կրկին երևան են գալիս Քրիստոսի հազարամյա թագավորության հանդեպ հավատի հին դրսևորումները, արվում են նոր մարգարեություններ… Ի՞նչ եք մտածում 2000 թվականի մասին:

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս – Ինձ համար տարբերություն չկա 2000 և 1999 թվականների միջև: Նույն ժամանակն է, նույն աշխարհը, նույն մարդիկ… Նույն գետն է հոսում, նույն արևն է ծագում ու մայր մտնում, նույն երկինքն է մեր գլխավերևում և նույն հողը՝ մեր ոտքերի տակ: Այդուհանդերձ, այս տարեդարձերը առիթներ են, որոնք մեզ ավելի զգայուն են դարձնում մեր կոչման հանդեպ: Կարևորն այստեղ այն բանի գիտակցությունն է, որ քրիստոնեությունը 2000 տարի գոյություն է ունեցել հաճախակի ցնցումներ տեսած այս աշխարհում, և չնայած պատմական այն բոլոր վերիվայրումներին, որոնց միջով անցել է Եկեղեցին, այնուամենայնիվ կարողացել է միշտ ծառայել Աստծու ժողովրդին ամբողջ աշխարհում: Ուստի, տվյալ հազարամյակը բոլոր քրիստոնյաների համար, առանց դավանական տարբերության, պետք է առիթ հանդիսանա, որպեսզի նրանք 2000-ամյա այս ժառանգության մեջ գտնեն ներշնչանքի և շարժառիթների նոր աղբյուր:
Ես հաճախ եմ կրկնում, որ տարեդարձեր նշելն անցյալին հարգանքի տուրք մատուցել չէ միայն: Անհրաժեշտ է այդ անցյալի մեջ գտնել կենսական մի ուժ, քանի որ անցյալը ինչ-որ չքացող մի բան չէ, այն չի անհետանում, այլ շարունակվում է մեր կյանքում: «Կենդանի հիշողություն», ահա իմ ամենասիրած սահմնումներից մեկը, որով բնութագրվում է Եկեղեցին: Պատմությունը գործող ուժ է, այլ ոչ թե սոսկ թանգարանային արժեք կամ ուսումնական ձեռնարկ: Այս պատճառով էլ կարծում եմ, որ 2000 տարվա քրիստոնեական վկայությունը մեծ դաս է այսօրվա բոլոր հավատացյալների ու ամբողջ մարդկության համար: Քրիտոնեությունը մի գիրք է, որը շարունակում է գրվել նորանոր էջերով:
Այս հոբելյանի մեջ ես տեսնում եմ երկու մարտահրավեր քրիստոնյաների համար: Առաջին՝ մենք պետք է պատասխանենք մեր Տիրոջ կոչին՝ լինելու միության մեջ: Այդ միությունր չպետք է հասկանալ իբրև միակերպություն, այլ՝ միություն հոգու և ծառայության մեջ: Երկրորդ՝ պարտավոր ենք վերականգնել քրիստոնեական մեր հավատքի կենսունակությունն ու վավերականությունը: Երբեմն մենք մեր հավատքը ընկալում ենք այնպես, որպես թե այն մաս կազմեր մեր մշակութային ժառանգությանը, մեր ընկերային սովորույթներին, մեր ժառանգած համոզմունքներին: Իսկ քրիստոնյա լինելը ձևական պատկանելություն չէ Եկեղեցուն, պարտավորություն է: Հիսուսը մեզ ասում է. «Եթե մեկը կամենում Է հետևել ինձ, թող ուրանա իր անձը, վերցնի իր խաչը ու գա իմ հետևից»: Բայց հաճախ մենք հետևում ենք նրան՝ առանց խաչ վերցնելու, նրա հետևից գնում ենք, որովհետև լավ ու բնական է քրիստոնյա կոչվելը: Մենք ջանք պետք է գործադրենք առավել ազնիվ ինքնանվիրումի համար: Զոհողությունը սիրո բարձրագույն դրսևորումն է. Քրիստոս սեր է քարոզել, բայց այն պսակել է իր խաչով: Ու ինչպես Սուրբ Գրիգոր Տաթևացին՝ 14-րդ դարի մեր հայ աստվածաբաններից մեկն Է ասում. «Աստծու փառքը նախ և առաջ Տիրոջ խաչն է»: Առանց այդ խաչի չենք կարող խոսել փառքի մասին: Ես հավատում եմ, որ քրիստոնեության 2000-ամյա տարեդարձը մեզ կհաղորդի վերակենդանացման ուժ, որպեսզի վերականգնենք մեր մեջ առաջին քրիստոնյաների հավատքը, քրիստոնյաներ, որոնց համար Աստծու Խոսքը, գիր լինելուց առաջ, ապրում էր, կյանք էր:

Ջովաննի Գուայտա – 20-րդ դարում մարդիկ ականատես են եղել մեծ գաղափարների, փիլիսոփայական, ընկերային, տնտեսական ու քաղաքական համակարգերի փառաբանությանը, այնուհետև՝ դրանց անկմանն ու անհետացմանը: Այն անհատականությունները, որոնք տասնամյակներ շարունակ ընդունվել են որպես մարգարեներ և համարվել անառարկելի հեղինակություններ, աննկատելիորեն դուրս են գալիս մեր դարաշրջանի բեմահարթակից, դրանք փիլիսոփաներ են, գաղափարախոսներ, հեղափոխականներ, բռնակալներ … Մեր դարի ու հազարամյակի վերջին տասնամյակները, հատկապես Եվրոպայի համար, բավականաչափ անսովոր են եղել: Այս դարն, անշուշտ, մեր պատմության ամենաարյունահեղ դարերից է (երկու համաշխարհային պատերազմ, հեղափոխություններ ու ռազմական նվաճումներ, աջերի և ձախերի բռնատիրություն) և կարող է դիտվել իբրև բաժանումի մի դար (Արևելքի ու Արևմուտքի միջև): Դարավերջին, ութսունական թվականների երկրորդ կեսին, Եվրոպան ապրեց լավատեսության ու խանդավառության մի շրջան, համայնավարության վախճան, Բեռլինի պատի անկում, Արևմուտքում քաղաքական ու տնտեսական միության նախապատրաստում… Դժբախտաբար, իննսունական թվականները չարդարացրին եվրոպացիների հույսերը, նոր պատերազմներ, որոշ երկրների կազմալուծում, տնտեսական աճի դանդաղում: Արևելաեվրոպական շատ երկրներում մարդիկ հիասթափվել են երիտասարդ ժողովրդավարությունից ու կարոտաբաղձությամբ են հիշում համայնավարական անցյալը: Այդ նույն հիասթափությունը, ութսունական թվականների խանդավառությունից հետո, ազդեց նաև էկումենիկ շարժման և միջկրոնական երկխոսության վրա: Վսեմ գաղափարների պակասն ու հուսախաբությունը առաջացրին մեր դարաշրջանի մասին հոռետեսական մի պատկերացում, որը զուգորդվում է արդյունաբերական հասարակության և նորագույն ժամանակաշրջանի մտածողությամբ ձևավորված առաջընթացի գաղափարախոսության հետ: Ի՞նչ եք մտածում դարավերջի այս հուսախաբության մասին:

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս – Ես ամբողջապես չեմ կիսում մեր դարի վերջին շրջանի մասին այդպիսի պատկերացումը: Կարծում եմ, որ մեր դարաշրջանի դրական կողմերն ավելին են, քան թվում է: Ճշմարիտ է, որ այսօր մենք զգում ենք մեծ գաղափարների, բարձր բարոյականությամբ օժտված ականավոր մտածողների պակասը, և դա, անկասկած, կորուստ է: Բայց ոչ վաղ անցյալի գաղափարախոսությունների և ընկերային համակարգերի անհետացումը կարող է տեղ բանալ վավերական արժեքների հայտնաբերման համար:
Անձամբ ինձ ժամանակակից կյանքում ավելի շատ վշտացնում է այն, որ հնարագիտական առաջընթացն, ասես, դուրս է մղել մտավոր, բարոյական, հոգևոր արժեքները: Գերիշխում է չվերահսկվող հնարագիտությունը, և գյուտարարը սկսում է դառնալ իր իսկ գյուտի զոհը: Սահմաններ ու բարոյական կողմնորոշիչներ չունեցող այսպիսի առաջընթացը կարող է վտանգի տակ դնել մարդու արժանապատվությունը:
Ես ամենևին դեմ չեմ գիտական կամ հնարագիտական առաջընթացին: Ընդհակառակը, այն, թերևս, ամենաակնհայտ ապացույցն է այն բանի, որ Աստված գործում է այս աշխարհում, որովհետև, ի վերջո, ո՞վ է մարդուն տվել այդ կարողությունը, եթե ոչ՝ Աստված: Բայց մենք պետք է բարոյապես արժևորենք մեքենաների նշանակությունը և դրանց օգտագործումը: Մեքենան չպետք է դառնա մարդու տերը, այն պետք է ծառայի իր հորինողին, իսկ տերը պետք է մնա միշտ մարդը, քանի որ մարդկության իսկական երջանկությունն է, որ վտանգի տակ է:
Համենայն դեպս, ինձ թվում է, որ օրեցօր բոլորի համար ավելի պարզ է դառնում. աշխարհն այլևս չի կարող կույր համառությամբ շարունակել ընթանալ բացառապես հնարագիտական առաջընթացի ճանապարհով: Այսպես կոչված գերզարգացած երկրներում նկատվում է նյութական «բարիքներից» հագեցվածություն և, միևնույն ժամանակ, կյանքից անբավա րարվածություն: Մարդ հարց է տալիս իրեն, մի՞թե սա է գոյության իմաստը: Ես հաստատապես համոզվւսծ եմ, որ այս հարցից է սկսվելու հոգևոր վերակենդանացումը, որով բնորոշվելու է երրորդ հազարամյակը:
Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս, հնարագիտական հոյակապ մեր առաջընթացն իրո՞ք այդքան մեծ առաջընթաց է: Դասական դարաշրջանում, երբ փիլիսոփայությունը ծնվել էր որպես մտքի գիտություն, և Հունաստանի ու Հռոմի ժողովուրդները ստեղծում էին արվեստի աննման ստեղծագործություններ, գոյություն չուներ հնարագիտական առաջընթաց, դրա համար արդյոք պակա՞ս երջանիկ էին նրանք, պակա՞ս մարդկային, քան մենք: Կարծում եմ, որ առաջընթացը պետք է լինի ամբողջական, պետք է ընդգրկի մարդկային կյանքի ընդհանուր շրջանակը: Անշուշտ կան մարդկային հանճարի մեծ նվաճումներ, որոնցից օգտվում ենք, և մենք պետք է խրախուսենք գիտության ու հնարագիտության զարգացումը: Բայց անհրաժեշտ է ամենից առաջ գնահատել դրանց նպաստը մարդու ամբողջական զարգացման, այլ ոչ թե սոսկ սրընթաց վազքի, արդյունավետության գործում:
Այսօր մենք տեսնում ենք, որ խախտված է հավասարակշռությունը հնարագիտության, արդյունաբերության առաջընթացի ու այն բոլոր ոլորտների առաջընթացի միջև, որոնք առնչվում են մի կողմից՝ սպառողական, իսկ մյուս կողմից՝ հոգևոր արժեքներին, մտածողությանը, արվեստներին: Այս անհավասարակշռությունը պետք է սրբագրվի:

Ջովաննի Գուայտա – Մեկ խոսքով՝ Դուք համարում եք, որ մարդու հոգևոր զարգացումը մեր օրերում համեմատական չէ հնարագիտության զարգացման հետ: Կարելի է ասել, որ մենք հոգեպես թերզարգացած ենք…

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս – Այո՛, ես կարծում եմ, որ մենք կարիք ունենք խորացնելու մեր գիտելիքները մարդու մասին: Ովքե՞ր ենք մենք: Արտաքին աշխարհը լավ ենք ճանաչում, բայց մոռացել ենք Սոկրատեսի դասը, Դելփիսի տաճարի հայտնի արձանագրությունը. «Ծանի՛ր զքեզ»: Բժիշկ Ալեքսիս Կարրելը, որը Նոբելյան մրցանակ է ստացել 1912 թ., գրել է մի գիրք՝ «Մարդը, այդ անծանոթը» վերնագրով: Ըստ իս, այս խորագիրն ամենևին չի կորցրել իր արդիականությունը: Ինչպե՞ս ապրենք մեր կյանքը, որպեսզի հասնենք այն երջանկությանը, որը «կիսվում է ուրիշների հետ»: Կարծում եմ, որ պետք է աշխատենք ստեղծել այնպիսի մարդկություն, որն իր մեջ հայտնաբերի Արարչի կերպարը:

526501_560063990706370_607272628_n

Ջովաննի Գուայտա – Առաջադիմության նպատակը մարդուն օգնելն է, որ նա ձեռք բերի երջանկություն: Մյուս կողմից, մարդուն հատկապես երջանկություն են խոստանում բոլոր կրոնները…

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս – Ես հաճախ եմ ասում, որ առաջադիմություն՝ նշանակում է մարդկային կյանքի հասկացողություն Աստծու մտադրության մեջ: Մենք չենք ստեղծվել աննպատակ, մենք ստեղծվել ենք, որպեսզի ուրախության մեջ կատարելապես պայծառանանք: Բայց երջանկությունը եսասիրություն չէ, ոչ էլ ինքնամփոփվածություն: Ընդհակառակը, երջանկության տիրանալ՝ նշանակում է դուրս գալ եսից, գնալ դեպի ուրիշները: Այս իմաստով, ոչ-արտոնյալների, կարիքավորների հանդեպ պատասխանատվությունը, իմ կարծիքով, մաս է կազմում մարդկության հոգևոր առաջընթացին: Այն առաջընթացը, որը հոգեկանությամբ չի ներթափանցված, այն առաջընթացը, երբ մարդիկ իրենց ապրելակերպը չեն կիսում նրանց հետ, որոնց մարդկային արժանապատվությունը ծաղրուծանակի է ենթարկվում, ովքեր ճնշված են ու կեղեքված, իրական առաջընթաց չէ:
Դուք իրավացի եք, երբ ասում եք, որ բոլոր կրոնների նպատակը մարդուն երջանկություն պարգևելն է: Այսօր միանգամայն հրատապ ու անհրաժեշտ է, որ բոլոր կրոնների հավատացյալներն ունկնդիր լինեն ամենքի համար ընդհանուր այդ կոչմանը և միասնաբար աշխատեն դրա իրագործման համար: Երջանկության երբեք հնարավոր չէ հասնել բախումների, հակամարտության, թշնամանքի կամ ատելության դիրքերից: Ընդհակառակը, երջանկության գաղտնիքը փոխադարձ հարգանքի ու սիրո մեջ է: Որպեսզի հաղթահարվեն մահաբեր այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք առճակատումներն են, ազգային, քաղաքական, տնտեսական ու այլ բախումները, անհրաժեշտ է, որ աշխարհի բոլոր հավատացյալները միահամուռ պարտավորություն վերցնեն խաղաղություն հաստատելու համար:

Ջովաննի Գուայտա – Մեր դարաշրջանի առավել աչքի զարնող տարօրինակ իրողություններից մեկն այն է, որ, չնայած կապի միջոցների արտակարգ զարգացմանը, ինչը պետք Է որ նպաստեր ժողովուրդների միջև հաղորդակցությանը, նկատվում Է ազգերի միության բացակայություն, որի հետևանքն աղքատ ու հարուստ երկրների բևեռացումն է: Այն հոգևոր առաջընթացը, որ Դուք նախատեսում եք, գուցե զարգանալու է հենց միության ամրապնդման ուղղությամբ:

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս – Այո՛: Միության և ուրիշի հետ կիսվելու շնորհիվ: Դուք լավ գիտեք այն պատմությունը, որ Տերը մեզ պատմել է մի մարդու մասին, որի վրա հարձակվել են ավազակները և նրան լքել ճանապարհին, քահանան ու ղևտացին փութանակի անցել-գնացել են տուժածի կողքով: Միակ անձը, ով նրան իր մարդկային համերաշխությունը ցուցաբերեց, սամարացին էր: Այս պատմությունը ուրիշի հետ կյանքը կիսելու, նրա մասին հոգալու ցայտուն օրինակ է: Այս հոգատարությունը մեր երջանկությունն Է, իսկ դրա բացակայությունը՝ մեր դժբախտությունը: Երջանկությունը միշտ կիսվելն է ուրիշի հետ: Եթե մենք փակված մնանք մեր անձի, մեր ընտանիքի, մեր անձուկ մանրաշխարհի մեջ, ապա երջանկությունը վավերական չի լինի:
Իմ անձնական պատկերացումով, որպեսզի մարդկության միությունը մի օր դառնա կատարյալ իրականություն, ցանկության ու երազանքի ներկա վիճակից պետք Է վերածվի մոլեգին ճիգի: Մենք Եվրոպայի միության նախաշեմին ենք, մարդկության ամբողջական պատկերը, իբրև Աստծու միահավասար ստեղծագործություն, դառնում Է ընդհանրական մտապատկեր: Դրան հասնելու համար,, կարծում եմ, պետք է գործենք ուրիշների հետ կյանքը ճշմարտապես կիսելու փիլիսոփայությամբ ոգեշնչված: Հյուսիսն ու Հարավը, Արևելքն ու Արևմուտքը, որոնք այսօր դարձել են քաղաքական, տնտեսական ու ընկերաբանական հասկացություններ, մեր գիտակցության մեջ պետք Է վերստին ձեռք բերեն իրենց սկզբնական աշխարհագրական իմաստը՝ իբրև միևնույն մոլորակի տարբեր կետեր:

Տե՜ս նաև Եկեղեցին և երիտասարդները /մաս Ա./ – Գարեգին Ա. կաթողիկոս

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի զրույցներից Ջիովաննի Գուայտայի հետ

Posted on September 26, 2013, in Գարեգին Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց and tagged , , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: