Միաբնակության հարցը – ԳԱՐԵԳԻՆ Ա. կաթողիկոս

Գարեգին Ա, Ջիովաննի Գուայտա
Ջովաննի Գուայտա – Թույլ տվեք վերադառնալ Մարկո Պոլոյին: Հայերի մասին նա գրում է. «Նրանք քրիստոնյաներ են. հակոբիկյաններ և նեստորականներ»: Ինձ թվում է՝ խոսքը երկու տարբեր և նույնիսկ միմյանց հակադիր ուսմունքների մասին է:

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս – Մարկո Պոլոն մեծ ճանապարհորդ էր, իր ժամանակի իմացության մակարդակով խոշոր պատմագիր ու ազգաբան, բայց՝ թույլ աստվածաբան: Հնարավոր է, որ նա հայերին շփոթել է ուրիշ ազգերի հետ, որոնք ապրում էին մեզանից ոչ հեռու: Ինչ էլ որ լինի, Հայ Եկեղեցին երբեք չի եղել ո՛չ նեստորական, ո՛չ էլ միաբնակ՝ այն իմաստով, ինչպիսին եղել է Եվտիքեսը: Այսօր դա բոլորին է հայտնի: Իր քրիստոսաբանության մեջ մեր Եկեղեցին ընդունել է ալեքսանդրյան աստվածաբանության ուղղությունը: Հայ Եկեղեցու ծոցում սկզբնապես գոյություն է ունեցել աստվածաբանական երկու հոսանք՝ անտիոքյանը և ալեքսանդրյանը, բայց վերջնականորեն հաղթանակել է ալեքսանդրյան աստվածաբանության գիծը: Հայերը չկարողացան գործուն մասնակցություն ունենալ 4-րդ և 5-րդ դարերի քրիստոսաբանական վեճերին: 4-րդ դարում մեր Եկեղեցին դեռևս կազմավորման մեջ էր, 5-րդ դարում մենք պայքար էինք մղում մազդեզականության դեմ, որովհետև առկա էր դրա վերադարձի սպառնալիքը: Հայ Եկեղեցու մասնակցությունը Նիկիայի տիեզերական ժողովին ապացուցված է նրան մեր ներկայացուցիչ Արիստակեսի՝ Սուրբ Գրիգորի որդու ներկայության փաստով, որն իր ստորագրությունն է դրել Նիկիո Հավատո հանգանակի տակ: Բայց մենք չենք մասնակցել հաջորդ երկու՝ Կոստանդնուպոլսի և Եփեսոսի, ինչպես Նաև Քաղկեդոնի տիեզերական ժողովներին: Սակայն մեր Եկեղեցին իրազեկ էր կատարվածին, քանի որ հայերից ոմանք աստվածաբանություն էին սովորում Կոստանդնուպոլսում ու քրիստոնեական Արևելքի մյուս կենտրոններում: Քրիստոսաբանության վերաբերյալ մեր Եկեղեցու դիրքորոշումը ձևակերպված է միայն 6-րդ դարում, 506 թվականին: Դա ես փորձել եմ հիմնավորել իմ “The Council of Chalcedon and the Armenian Church” գրքում: 4-րդ դարից մինչև 5-րդի վերջը Հայաստանում աստվածաբանական միտքը զարգանում էր մեկ ուղղությամբ, որը բացառում էր 451 թվականին Քաղկեդոնի տիեզերական ժողովում և, մասնավորաբար, Փլավիոսին Լևոն 1-ին Պապի կողմից ուղղված Տոմարում Քրիստոսի երկու բնությունների մասին ձևակերպված ուսմունքը: Այդ ձևակերպումների մեջ հայերը նկատել են նեստորական ուսմունքի վերաճում: Ավելի ուշ, նորքաղկեդոնական շարժումը եղանակներ էր փնտրում Քաղկեդոնի տիեզերական ժողովի բանաձևումները մեկնաբանելու համար, իբր դրանք չէին հակասում Սուրբ Կյուրեդ Ալեքսանդրացու ուսմունքին: Հայ Եկեղեցին միաբնակ չէ այն իմաստով, որը սովորաբար դնում են տվյալ հասկացության մեջ: Միաբնակության տակ, իբրև կանոն, հասկանում են Քրիստոսի սոսկ աստվածային բնությունը՝ մարդկային բնության համարյա լիակատար բացակայությամբ, որը, համաձայն Եվտիքեսի, նրա աստվածության մեջ իբր չքացել է ինչպես «մի կաթիլ մեղրը՝ օվկիանոսում»: Մենք նմանապես չենք հետևում նաև Նեստորի ուսմունքին, քանի որ երբեք չենք ընդունել երկվությունը Քրիստոսի՝ մարմնացած Խոսքի անձի մեջ, երկվություն, որ Նեստորն այդպես էլ չկարողացավ հաղթահարել: Դրա ապացույցն այն է, որ մեր եկեղեցական արարողությունների ընթացքում մենք բանադրում ենք Եվտիքեսին,Նեստորին ու նրանց ուսմունքները: Ինչ վերաբերում է մեր քրիստոսաբանությանը, ապա մենք շարունակում ենք հետևել Կյուրեդ Ալեքսանդրացու աստվածաբանության ուղղությանը:

Ջովաննի Գուայտա – Դուք ասում եք, որ միաբնակներ չեք Եվտիքեսի ուսմունքի համաձայն: Միևնույն ժամանակ չեք ընդունում Քաղկեդոնի տիեզերական ժողովի որոշումները, որոնցով դատապարտվել է Եվտիքեսը: Գո՞ւցե միաբնակներ եք Եվտիքեսի ուսմունքից տարբերվող, մեկ այլ իմաստով:

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս – Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ իմաստ է տրվում այդ բառին: Եթե միաբնակություն ասելով հասկանանք «մարմնացած Խոսքի բնությունը որպես Աստծու մեկ բնություն», այսինքն՝ երկու բնությունների միություն, ապա, այդ դեպքում, մենք միաբնակներ ենք: Բայց միաբնակություն հասկացությունն այնպիսի «եվտիքեսյան» գունավորում է ստացել և պատմության մեջ այնքան հաճախ է գործածվել որպես Եվտիքեսի ուսմունքի արտահայտություն (որը մենք մերժել ենք), որ մեզ դուր չի գալիս, երբ մեզ ասում են միաբնակներ:

Ջովաննի Գուայտա – Այսպես, ուրեմն, Դուք դավանում եք այն, որ մարմնացման պահին իսկ աստվածային ու մարդկային բնությունները անբաժանելիորեն միացել են մարմնացած Որդու մեջ՝ իբրև մեկ բնություն:

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս – Այո՛, սակայն «մեկ բնությունը» նշանակում է մեկ անձ: Երկու բնությունները չեն կորցրել իրենց սեփական հատկանիշներն ու լրությունը, բայց և չեն գործում անջատանջատ, այլապես կստացվեր երկվություն և մարմնացում չէր լինի:

Ջովաննի Գուայտա – Ինձ թվում է, որ տարբերությունը եզրութաբանության մեջ է. մեկ բնությունը, որ դուք դավանում եք, լինելով երկու բնությունների միություն՝ համապատասխանում է քաղկեդոնական Եկեղեցու սահմանած մեկ անձին, որի մեջ միավորված են երկու բնություններ:

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոս – Դա ակներև է:

Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի զրույցներից Ջիովաննի Գուայտայի հետ

Տե՛ս նաև Հայ եկեղեցին՝ «մոնոֆիզի՞տ»

Posted on September 23, 2013, in Աստվածաբանություն, Գարեգին Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց and tagged , , , , , , , . Bookmark the permalink. 1 Comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: