ԵՐԲ ՏԳԻՏՈՒԹԻՒՆԸ ԹԱԳԱՒՈՐՈՒՄ Է, ԻՍԿ ԼԿՏԻՈՒԹԻՒՆԸ՝ ՆՐԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ – Բագրատ եպիսկոպոս Գալստանեան

Բագրատ եպս. ԳալստանեանԱնկեղծօրէն չէի ցանկանայ այս գրութեան կեանքի կոչուելը եւ նոյնիսկ դժկամութեամբ եմ այն շարադրում մշտապէս նկատի ունենալով, որ մարտնչող տգիտութեան ու լկտիութեան դիմաց ո՛չ բանականութինը, ո՛չ բացատրութեան տքնութիւնը եւ ո՛չ էլ տրամաբանական երկխօսութիւնն ու զրոյցը որեւէ արժեք կամ նշանակութիւն ունեն: Խօսակցութեան այս ժանրն էլ չեմ նախընտրում, իսկ սկզբունքօրէն հաւատում եմ գործի անսուտ խօսքին: Պարզապէս, հաւանաբար մի վերջին անգամ կը փորձեմ անդրադառնալ Կարապետեան Սամուէլի կողմից 20.08.2013. “ԳԱԼԱ” TV-ին տրուած հերթական հայհոյախառն եւ իրեն իսկ որպէս գիտնականի պատիւ չը բերող արտայայտութիւններին Հայ Եկեղեցու, նրա Գահակալի եւ ընդհանրապէս եկեղեցականի հանդէպ եւ ընդ որում ոչ միայն ներկայի՝ այլեւ անցեալի:
Իմ առաջին անմիջական արձանգանքը պարզապէս ամօթի եւ արգահատանքի զգացումն էր նշուած հարցազրոյցի նկատմամբ: Թող սխալ չը հասկացուի՝ իւրաքանչիւր անձ անկախ իր հասարակական կարգավիճակից եւ հնարաւորութիւններից, անկախ հաւատքի, դաւանանքի ըմբռնումներից եւ մերժումից իրաւունք ունի ազատ արտայայտուելու՝ նոյնիսկ ամենածանր կերպով՝ ըստ իր ըմբռնումների, հոգեբանական գոյավիճակի եւ որեւէ հարցի նկատմամբ ունեցած իր պատկերացումների եւ հաւատամքի, որն էլ բնականօրէն բնութագրում է տուեալ անձի որակն ու նկարագիրը: Թող նաեւ տպաւորութիւն չը ստեղծուի թէ մերժում եմ որեւէ կառուցողական քննադատութիւն, քա՛ւ լիցի: Այսինքն՝ ընդունելով յանդերձ որեւէ օգտաշատ քննադատութիւն, մերժում եմ հայհոյանքն ու հարակից մեղքերը: Եւ ոչ էլ “սեփական շահերը” պաշտպանող “պաշտօնեայի” նեղսրտուածութեան պատճառով եմ անդրադառնում վերոնշեալ հարցազրոյցին, որն ինքնին արժեք չունի, այլ պարզապէս այդ ինքնահայհոյիչ խօսքը իր մէջ պարունակում է որոշակի տարրեր, որոնք տարբեր ուղղութիւններով կարծես ներդրւում են մեր հասարակութեան մէջ փորձելով նոր չափանիշ եւ մտածողութիւն ձեւաւորել Հայ Եկեղեցու այսօրուայ առաքելութեան եւ պատմական դերակատարութեան վերաբերեալ: Ցաւալիօրէն, այս վտանգաւոր գործընթացին լծուել են զանազան տիպի ու տեսակի մարդիկ մտաւորական, գիտնական եւ քաղաքական գործիչ կոչուածներից մինչեւ անհասկանալի եւ անորոշ ինքնութիւն ունեցող անձինք: Այս “մարտիկներից” են նոյնիսկ նրանք, որոնց համար այդ ժառանգութիւնն ու այն ստեղծողների կեանքն ու գործը “հացի փեշակ” է: Ես խորապէս հարգում եմ Կարապետեան Սամուէլի ազատ խօսքի իրաւունքը, սակայն հրաժարւում եմ այն գիտութիւնից ու մտաւորական տեսակից, որի մարմնաւորողն ինքն է: Այսու, ներքոբերեալ “մարգարիտները” Կարապետեան Սամուէլի մտքերն են եւ բնականաբար, ամբողջական ընկալումը Հայ Եկեղեցու մասին, որոնց հասկանալիօրէն, ի վիճակի չեմ նոյն փողոցային լեզուով պատասխանել, բայց կը փորձեմ առաւել դրական լոյսի ներքոյ արտայայտել մեր ասելիքը;

1. Նա, ով ասում է այդ խոսքը (Հայ Եկեղեցու պատմական դերի մասին), կամ պատշաճ ձևով չի ուսումնասիրել պատմությունը, կամ հետևել է կեղծ դրույթների, որոնց հեղինակները մեծամասամբ հենց հոգևորականներն են: Բայց իրականում այս կառույցը չէր հանդուրժում պետություն, և շատ դժվար էր ունենալ Հայ Առաքելական Եկեղեցի և միևնույն ժամանակ՝ պետություն, որովհետև եկեղեցին երբեք պետականամետ կառույց չի եղել, այն պետության ոտքի տակն է փորել, թագավորի է սպանել՝ թշնամու հետ բանակցելով, օրինակ՝ Պապ թագավորին: Նա ամեն ինչ արել է, որ մենք դարերի ընթացքում չունենանք ազգային հասարակություն:

Պարզից էլ պարզ է թէ ինչ է փորձում ակնարկել Կարապետեան Սամուելը: Սա կարծես անյաջող պատճենը լինի Բագրատեան Հրանտի թեզիսների, բնականաբար, կիսատ-պռատ, հատուածական եւ տպաւորութիւն գործելու տրամադրութեամբ (առաջիկային կ’անդրադառնանք նաեւ Բագրատեան Հրանտի վերջերս նորից շրջանառութեան դրուած, կը ներէք, բացառիկ ապաշնորհ եւ անգրագետ հարցազրոյցի որոշ դրոյթներին 14.05.2011. religions.am կայքում): Այն տպաւորութիւնն է ստեղծւում թէ այս մարդիկ Պապ թագաւորի եւ Պետրոս Գետադարձի մասին (այն էլ ծանօթացած գեղարուեստական գործերից եւ ոչ բուն պատմական աղբիւրներից) հպանցիկ եւ հարեւանցի ընթերցանութիւնից եւ միմեանց միջեւ բամբասելուց բացի, ուրիշ ոչնչից տեղեակ չեն կամ միտումնաւոր փորձում են շրջանցել ընդհանրական պատմութեան իսկութիւնը՝ բնականաբար այն ծառայեցնելով իրենց կամ իրենց տէրերի ծրագիր նպատակին: Ես չեմ ջանում ո՛չ քարոզել եւ ո՛չ էլ համոզել որեւէ մէկին, այլ սոսկ ցանկանում եմ հացադրումներ կատարել, որոնց պատասխանները ինքնին կը վկայեն հակառակ փաստարկների մասին:

Այսպէս՝ Հայ Եկեղեցին իր բուն հոգեւոր առաքելութիւնից զատ ապրել եւ ապրում է ազգաստեղծ ինքնութեան եւ ուժեղ պետականութիւն ունենալու տեսիլքով` այդ առաքելութեան մէջ ներդնելով իր լաւագոյնն ու բարձրագոյնը: Այո, ես չեմ վարանում ասել, որ մեր Սուրբ Եկեղեցում հոգու փրկութեան առաքելութիւնը զուգակցուել է մեր ժողովրդի ֆիզիկական գոյութեան ապահովութեան եւ անվտանգութեան հետ: Եթէ մի պահ մոռանանք հոգեւոր եզրաշերտը ինքնին, կարող է՞ք ասել ինչպիսի՞ դեր խաղաղաց քրիստոնէութեան ընդունումը, որպէս աշխարհաքաղաքական երեւոյթ, ովքե՞ր էին Մեսրոպ Մաշտոցն ու Սահակ Պարթեւն ու նրանց աշակերտները, Անանիա Շիրակացին, Մխիթար Գոշը, ովքե՞ր էին Մխիթար Հերացին ու Ամիրդովլաթ Ամասիացին, Գրիգոր Մագիստրոսն ու Լեւոն Բ թագաւորը, Շնորհալիներն ու Նարեկացիները, չեմ խօսում Տաթեւի դպրոցի, Յակոբ Ջուղայեցի եւ Ներսէս Աշտարակեցի հայրապետների մասին: Իսկ մեր վերջին շրջանի ողբերգական պատմութեան ընթացքին բացառիկ հերոսական դերակատարութիւն ունեցած, ըստ էութեան ազգին ոչնչացումից փրկած Գեւորգ Ե Սուրենեանց կաթողիկոսի սխրանքը վեր է ամէն պատկերացումից, ում պարտական ենք մեր այսօրուայ գոյութիւնը: Արդեօ՞ք արժէ շարունակել շղթան… Ցոյց տուէք մի ոլորտ որտեղ պետականաստեղծման բարձրագոյն գաղափարից եւ նրա զանազան քաղաքական եւ սոցիալական գործառոյթներից սկսած մինչեւ եկեղեցիների ու “յուշարձանների” կառուցումը Հայ Եկեղեցին ի պահանջել հարկին պատասխանատւութիւն չի ստանձնել:

Հայ Եկեղեցին եւ եկեղեցականութիւնը իր 1700-ամեայ փորձառութեամբ եւ իմաստութեամբ մշտապէս ունեցել է մէկ կարեւոր սկզբունք եւ մտածողութիւն; ի գին ամէն զրկանքի իր ժողովրդին պահել իր սեփական հողերի վրայ՝ իր հարազատ բնակավայրում: Հակառակ, տարատեսակ հալածանքների այս ռազմավարութիւնը յաջողուեց մինչեւ 1915 թ.-ն: Իսկ ի՞նչ տեղի ունեցաւ յետոյ, երբ եկեղեցին քարկոծուեց ու համարուեց յետադիմական, ստրկածին, կանացիազգեստ եւ այլն: Ցաւօք եղաւ այն ինչ այսօր ունենք դատարկուած, աւերակ ու բնաջնջուած Հայրենիք, որի ներկայութեան չար ինքնամխիթարութիւնը մեր բնօրրանը այցելութեան արցունքներով թրջելն է կամ էլ լաւագոյն դեպքում բարձրագոչ հռետորաբանութիւնը ինչպէս 20-րդ դարասկզբին էր:

Հարազատ հողի վրայ իր ժողովրդին պահելու ձգտման լաւագոյն վկայութիւնը Գեւորգ Զ Չէորեքչեան Հայրապետի կողմից 1946-1949 թթ. ներգաղթի կազմակերպումն էր՝ պատմական ամենավտանգաւոր եւ ռեպրեսիւ ժամանակներում, որը ընդհանրապէս փաստացի ատաղձն ու հիմքը հանդիսացաւ այսօրուայ Հայաստանի Հանրապետութեան գոյութեան: Կարելի է՞ այս բոլորը մերժել եւ ուրանալ… հաւանաբար այո, երբ տգիտութիւնը թագաւորում է, իսկ լկիտութիւնը սպասարկում նրան:

2. Բանակում Ավետարանի, Աստվածաշնչի ուսմունքը քարոզելու համար սևազգեստ ագռավների են ուղարկում (ինչ-որ հոգևորականներ են հայտնվել բանակում), որն արդեն կապիկության է նման: Մենք այս կառույցի տված ուսմունքի կարիքը չունենք մեր բանակում: Մենք ունենք Նժդեհի ուսմունքի կարիքը. այն արդեն իսկ ազգային Ավետարան է:
Խոստովանում եմ, որ նոյնիսկ չեմ կարողանում հաւատալ, (մի պահ մոռացէք մտաւորականին), որ հայ մարդը անկախ իր հաւատալիքներից կարող է նման արտայայտութիւն թոյլ տալ այն նուիրեալների հանդէպ, ովքեր գիշեր ու զօր կանգնած են հայ զինուորի կողքին դիրքերում թէ այլուր՝ քաջալերելով եւ զօրացնելով նրան իր ծառայութեան մէջ, ում շնորհիւ կարապետեան սամուէլները պաշտպանուած են զգում իրենց: Փառք Աստուծոյ, որ այդ “սեւ ագռաւները” գոյութիւն ունեն, այլապէս նոյն կարապետեանական ոճաբանութեամբ “անդէմ աղուէսները” վաղուց կազմալուծած կը լինէին Հայոց բանակը:

Այստեղ, նաեւ անտեղի չեմ համարում նշել, թէ ինչ առաքելութիւն է իրականացրել Հայ Եկեղեցին անկախութիւնից ի վեր եւ յատկապէս վերջին 14 տարիներին՝ Գարեգին Բ Հայրապետի օրօք.

ա) ՀՈԳԵՒՈՐ ՔԱՐՈԶՉՈՒԹԵԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹԵԱՆ ՄԷՋ
Քրիստոնէական Դաստիարակութեան եւ Քարոզչական Կենտրոնի վերաշխուժացումը, հոգեւոր դաստիարակութեանն ուղղուած քարոզչութիւնը տարատեսակ հաստատութիւններում եւ շրջաններում, բազմաթիւ երիտասարդական ծրագրերի իրականացում, “Շողակաթ” եւ “Լոյս” հեռուստաընկերութիւնները, Մայր Աթոռի Տեղեկատուական Համակարգը, չափազանց անհրաժեշտ Հասարակական Հայեցակարգային նորահաստատ Գրասենեակը, թեմական նոր դրութիւնների եւ հովւութիւնների հաստատումը Արեւմտեան եւ Արեւելեան Եւրոպայում եւ այլուր (նոյն ինքն երկար տառապանքով Ֆրանսիայի թեմի պատմական հռչակում), կանոնադրական եւ կանոնական նոյնականութեան գործադրութիւնն ամբողջ աշխարհում:

բ) ԿՐԹԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Վազգէնեան Հոգեւոր Դպրանոցը, Հառիճայ Վանքի Աւագ Դպրոցը, “Էօռնեկեան” Դպրոցը, Գեւորգեան Հոգեւոր Ճեմարանի բարձրագոյն ուսումնական հաստատութեան կարգավիճակը, Մայր Աթոռի հովանու եւ խնամքի ներքոյ է սկսել գործել Կալկաթայի Մարդասիրական Ճեմարանը, Հայորդեաց Տների խնամքը, որտեղ անվճար ուսում են ստանում աւելի քան 20.000 պատանիներ ու երիտասարդներ, բազմաթիւ ճեմարանական ուսանողների եւ հոգեւորականների կատարելագործումը արտերկրի զանազան բարձրագոյն ուսումնական հաստատութիւններում, հարիւրաւոր քահանայական ձեռնադրութիւնները եւ վերջապէս պատմական այն իրողութիւնը, որ Հայ Եկեղեցի առարկան դասաւանդւում է Հայաատանի բոլոր դպրոցներում որպէս պարտադիր ծրագիր:

գ) ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հայոց Բանակի հոգեւոր հովուութիւնը, Բանտային հովուութիւնը, Ծնողածուրկ երեխաների խնակալ մարմինները, բազմաթիւ բարեգործական ճաշարանները, հիւանդանոցներին հոգեւոր ծառայութիւնները, “Սբ. Ներսէս” բժշկական կենտրոնը:

դ) ԱԶԳԱՅԻՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
Հնարաւոր եւ անհնար զանազան միջոներով Արցախի ինքնորոշման եւ Հայաստանի Հանրապետութեան շրջափակման հարցերի արծարծումը միջազգային բոլոր քաղաքական եւ կրօնական ամենաբարձր մակարդակների վրայ, նոյն ուժականութեամբ Ցեղասպանութեան ճանաչման գործընթացի եւ պահանջատիրութեան հետապնդումը, վիրահայութեան իրաւունքների պաշտպանութիւնը եւ այլն:
3. Ինչ վերաբերում է Հայ Եկեղեցու ներկայ վիճակին ցանկանում եմ շեշտել, որ ստեղծուած այս արհեստական լարուածութիւնը, խօսակցութիւնները ներկլանային բախումների, ներքին խմբաւորումների եւ շահերի մասին բացարձակ առնչութիւն չունեն իրականութեան հետ: Այո՛ առկայ են բազմաթիւ ներքին եւ արտաքին, հոգեւոր, բարոյական եւ վարչական խնդիրներ եւ մարտահրաւէրներ, որոնք կարիք ունեն լուծումների եւ պատասխանների: Ես այս ամէնն համարում եմ նոր ծնունդի երկունքի ցաւերով ապրող իրավիճակ, որն իր ողջ բացասական եւ դժուար ընթացքով վստահ եմ վերածուելու է դրական ազդեցութեան եւ բարիքի: Եկեղեցին այլ կերպ չի կարող լինել ու ապրել, քանի որ նրա տէրը Քրիստոս է եւ որքան էլ “անզգամն ասի իր սրտում թէ Աստուած չը կայ” (Սաղմոս 13:1), այն շարունակելու է իր առաքելութիւնը լինելով երկրի աղն ու աշխարհի լոյսը: Տեղին է յիշել Գեւորգ Ե Հայրապետի կողմից Սարդարապատի նախօրէին արտասանած նշանաւոր խոսքը ուղղուած սահմռկած եւ շփոթուած զօրավարներին եւ ժողովուրդին, որը դարձաւ փաստական հիմնադրութիւնը Հայոց Պետականութեան. “Ես միշտ էլ հաւատացել եմ իմ ժողովրդի ոգուն: Ես գիտեմ նրա անցած ճանապարհի դառնութիւնները: Ես համոզուած եմ նաեւ, որ ազգն իմ Հայոց անարգ թշնամուն դեռ չի ասել իր վերջին խօսքը: Եւ խօսքն այդ պիտի լինի յաղթական”:
Իսկ վերջում որպէս ամփոփում դարձեալ ցանկանում եմ անդրադառնալ 1937թ.-ի դեկտեմբեր 6-ին գնդակահարութեամբ մարտիրոսացած Թադեւոս եպիսկոպոս Մարտիրոսեանի ՆԳԺԿ-ում արտասանած մարգարէական խօսքին. “Էջմիածնի պատմութիւնը մեծ է հայ ազգի պատմութեան մէջ: Անցել են շատ թշնամական ժամանակներ, կ’անցնեն նորից եւ մենք ձեզ հետ կ’անցնենք, իսկ Էջմիածինը կը շարունակի իր գոյութիւնն ու առաքելութիւնը”:

Բագրատ եպիսկոպոս Գալստանեան
Միաբան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

Աղբյուրը՝ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանեանի ֆեյսբուքյան էջ

Posted on August 22, 2013, in Եկեղեցական լուրեր and tagged , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: