ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՒԱՍԱՐՈՒԹԻ՞Ն ԹԷ՞ ԿՆՈՋ ԵՒ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԻՐԱՒԱՀԱՒԱՍԱՐՈՒԹԻՒՆ

Բագրատ սրբազան

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հասարակական Հայեցակարգային Գրասենյակի տնօրենի արձագանքը «Գենդերային օրենքին»

Արդէն երկար ժամանակ է ինչ հայաստանեան հասարակութիւնը սոցիալական ցանցերի, զանգուածային լրատւութեան եւ այլ միջոցներով լայն քննարկում է ծաւալել 20.05.2013. ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունած “Կանանց եւ Տղամարդկանց Հաւասար Իրաւունքների եւ Հաւասար Հնարաւորութիւնների Ապահովման Մասին” ՀՀ օրէնքի առնչութեամբ:
Անդրադառնալով, ՀՀ Ազգային Ժողովի ընդունած օրէնքին, հարկ է նշել, որ այն հենց սկզբից արդէն այն սխալական է եւ շփոթեցնող, ինչ որ իմաստով էլ քողարկուած, որովհետեւ օրէնքի որակումը “Կանանց եւ Տղամարդկանց Հաւասար Իրաւունքների եւ Հաւասար Հնարաւորութիւնների Ապահովման Մասին” հակասում է օրէնքի բովանդակութեանը, իր հետագայ վտանգաւոր զարգացումներով՝ առնչուած ընտանիքին, երեխաների իրաւունքին եւ պատասխանատւութեանը, նոյնասեռականութեանը եւ նոյն կողմնորոշմամբ ամուսնութեան վաւերականացմանը: Օրէնքը ոչ թէ կանանց եւ տղամարդկանց հաւասար իրաւունքների եւ հաւասար հնարաւորութիւնների ապահովման մասին է, որը բնականաբար ընդունելի եւ միանշանակ խրախուսելի է, այլ գենդերային հաւասարութեան, որոնք ըստ էութեան տարբեր հասկացութիւններ են: Այն արտայայտուած է առաջին իսկ պարբերութեամբ.
“Հոդված 2. Սույն օրենքի նպատակն ու խնդիրները
1. Սույն օրենքի նպատակն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը, կանանց եւ տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից, քաղաքացիական հասարակության ձեւավորման աջակցումը եւ հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունների հաստատումը:
Հոդված 3. Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները.
1) գենդեր, գենդերային` տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց եւ տղամարդկանց միջեւ հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը”:
Առանց մանրամասնութիւնների մէջ մտնելու ցանկանում ենք անդրադառնալ երկու կարեւոր կետերի՝ ա) բովանդակութիւնը եւ մեկնաբանութիւնը, բ) օրէնքի ընդունման ձեւը
Ա) բովանդակութիւնը եւ մեկնաբանութիւնը
Ընդհանրապէս աշխարհում գենդերային հաւասարութեան պահանջն առաջացել է աշխատանքի եւ ընտրութեան հաւասար հնարաւորութիւններ ստեղծելու պատճառով կամ աւելի ճիշտ պատրուակով՝ այսինքն հիմնական ազդակը տնտեսական եւ քաղաքական բնոյթի է, նպատակ ունենալով “վերացնել” աղքատութիւնը եւ հաւասար հնարաւորութիւններ ստեղծել կանանց եւ տղամարդկանց համար:
Ինչպէս արդէն նշեցինք իրականում խնդիրը կանանց եւ տղամարդկանց իրաւահաւասարութիւնը չէ, որը ցանկանում է կարգաւորել օրէնքը, այլ օրինագծում տեղ գտած մեկնաբանութիւնը:
Գենդեր եզրաշերտը (տերմինը) ինքնին սոցիալական եւ քաղաքական, նաեւ այսպէս կոչուած հոգեբանական հասկացութիւն է, որը չի սահմանում կին եւ տղամարդ սեռային կամ կենսաբանական ընկալումը, այլ բնորոշում է իգական եւ արական ըմբռնումը՝ համարելով այն սոցիալապէս ձեռքբերովի եւ ընտրովի: Հետեւաբար, սոյն ըմբռնումը բոլորովին առնչութիւն չունի կանանց եւ տղամարդկանց իրաւահաւասարութեան սկզբունքի հետ:
Հարկ է շեշտել, որ կնոջ եւ տղամարդու իրաւհաւասարութեան սկզբունքը քրիստոնէական մարդաբանական ըմբռնման կարեւորագոյն եւ առանցքային հասկացութիւններից է: Ըստ այս ընկալման Աստուած ստեղծեց ոչ թէ անհատին այլ ստեղծեց ամբողջական մարդուն՝ կին եւ տղամարդ, Իր պատկերով եւ նմանութեամբ՝ այսինքն, ստեղծեց որպէս համայնք, որպէս արտացոլանքը Իր իսկ երրորդութենական համայնական կեանքի՝ հաւասար իրաւունքներով, պատասխանատւութեամբ եւ, սակայն, արտայայտութեան եւ զգացմունքների յստակ տարբերութիւններով: “Չէ՞ք կարդացել, թէ Աստուած սկզբից կին եւ տղամարդ ստեղծեց մարդկանց եւ ասաց նրանց. Այդ պատճառով տղամարդը պիտի թողնի իր հօրն ու մօրը եւ միանա իր կնոջը, եւ երկուսը մէկ մարմին պէտք է լինեն” (Մատթ. 19: 4-6) եւ սա հռչակւում է մի ժամանակաշրջանում, երբ յստակ գործում էր հայրիշխանութեան՝ տղամարդու գերիշխանութեան համակարգը:
Հետեւաբար, թե՛ վարդապետան, թէ՛ մարդաբանական եւ թէ՛ հասարակական ներմտածողութեամբ արդէն իսկ սահմանուած է մի արժեհամակարգ, որը կարիք ունի ամրապնդման, դաստիարակութեան եւ տարատեսակ միջոցներով լայն քարոզչութեան ու տարածման եւ ոչ թէ՛ ոչնչացման եւ մեր հոգեւոր-ազգային ըմբռնումներին անհարիր նոր, անյայտ եւ անհասկանալի ձեւակերպումներով փոխարինման:
Բ) օրէնքի ընդունման ձեւը
Բնականաբար, նման կարեւորութեան խնդիրը, ինչպէս ընդունուած է քաղաքակիրթ աշխարհում, երբ հարցը վերաբերում է ընդհանրապէս հասարակութեանը եւ որոշակիօրէն ազդելու է նրա սոցիալ-հոգեբանական արժեքներին եւ ըստ էութեան ուղղուած է նոր արժեհամակարգի ձեւաւորմանը՝ հարկ է, անհրաժեշտ եւ պարտադիր պայման, նախքան օրէնքի ընդունումը այն յանձնել հասարակութեան դատին՝ լայն եւ բազմակողմանի քննարկման: Որեւէ պատգամաւոր կամ քաղաքական գործիչ իրաւունք չունի նման տարողութեան հարցում որոշում կայացնել ըստ իր հայեցողութեան եւ կամ ինչ-ինչ պայմաններից պարտադրուած եւ թելադրուած: Այսինքն՝ ինչպէս որ օրէնքի իրագործման պահանջներն են (ԳԼՈՒԽ I Հոդված 4. 4) գենդերային հավասարության առաջընթացին քաղաքացիական հասարակության մասնակցությունը, Հոդված 6.3.1) գենդերային կարծրատիպերի վերարտադրությունը զանգվածային լրատվությամբ, կրթության եւ մշակույթի միջոցով, ԳԼՈՒԽ II –ն ամբողջութեամբ եւ այլն), այնպէս էլ նոյն սկզբունքով գործընթացը պէտք է լիներ նախքան օրէնքի ընդունումը՝ նոյն չափանիշներով եւ պահանջներով՝ հակառակ գաղտնիութեան կամ կիսա-գաղտնիութեան:
Հասկանալի է, որ Հայաստանի Հանրապետութիւնը ցանկանում է մաս կազմել Եւրոպական ներգրաւման համաձայնագրին, որի պահանջներն ի միջի այլոց, բացարձակապէս յայտնի չեն մեր հասարակութեանը: Ի վերջոյ այն ուղղուած է հասարակութեանը՝ Հայասատանի Հանրապետութեան քաղաքացուն եւ միթէ՞ այդ քաղաքացին իրաւունք չունի որոշելու թէ ինչպիսի համակարգում է ինքը նախընտրում ապրել: Յստակ է, որ սոյն համաձայնագրին միանալը թելադրում է որոշակի պայմաններ, որոնք սակայն ոչ միշտ են պայմանաւորում կամ նկատի ունենում տուեալ հասարակութեան, երկրի, ժողովրդի բարոյահոգեբանական, հոգեւոր, մշակութային արժեհամակարգն ու ըմբռնումները, այլ հիմնուած են զուտ սոցիալ-տնտեսական, “առեւտրային” յարաբերութիւնների վրայ, որտեղ մարդու արժեքը նուազեցուած է սոսկ ֆիզիկական կամ կենդանական գոյութեան աստիճանի՝ հոգեւոր նկարագրից եւ պատւից վերածելով ծածկագրի եւ թուային արժեքի:
Սա համընդհանուր, համաշխարհային գործընթաց է որտեղ հասարակութիւնը, համայնքային հաստատութիւնները, ընտանիքի գաղափարը ենթարկւում են քայքայման՝ շեշտադրելով դիւրին կառավարելի անհատի կամ անհատապաշտութեան (individualism) հասկացողութիւնը: Այս երեւոյթը հետեւանքն է փոփոխուող արժեհամակարգի եւ անհրաժեշտ է դիտարկել մարդու աշխարհայնացման՝ “աշխարհիկ մարդ” ստեղծելու, եւ առեւտրայնացման լոյսի ներքոյ, որտեղ անձը չի նկատւում որպէս մարդ՝ այլ, որպէս ապրանք: Անձի արժանապատւութիւնը նուազեցուած եւ էժանացուած է հասցուելով անորոշ եւ անդէմ գոյութեան, ով ապրում է մշտական սպառնալիքի եւ վախի ներքոյ, անորոշ ապագայով, ճակատագրով եւ իմաստով՝ շրջապատուած արժեքների նուազեցման (reductionism), հարաբերականութեամբ (relativism), բացարձակ թոյլատրելիութեամբ (permissiveness) եւ ռմբահարւում է “մարդկային իրաւունք” հռչակուած նոր կրոնով, որտեղ մարդու պատասխանատւութիւնը ստորակայուած է իրաւունքի գերիշխանութեանը:
Հետեւաբար, մարդուն եւ նրա արժանապատւութեանն առնչուող որեւէ հարց ոչ թէ պէտք է դիտարկուի եւ պայմանաւորուի սոսկ տնտեսական շահի անխուսափելիօրէն ոչ միշտ արդար առաջնահերթութիւններով եւ քաղաքական գործընթացներով, այլ յատկապէս մարդաբանական, հոգեւոր, մշակութային եւ ազգային ներմտածողութեամբ:
Այսու, անհրաժեշտ է հասարակութեան սկզբունքային դրսեւորումը եւ մասնակցութիւնը սոյն օրէնքի վերաքննարկման ուղղութեամբ՝ ի հարկին համապատասխան փոփոխութիւնների պահանջով, յետագայ վտանգաւոր զարգացումներից խուսափելու նպատակով:

Բագրատ եպիսկոպոս Գալստանեան
Տնօրէն Մայր Աթոռի Հասարակական Հայեցակարգային Գրասենեակի

Աղբյուրը՝ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանեանի ֆեյսբուքյան էջ

Posted on August 14, 2013, in Եկեղեցական լուրեր and tagged , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: