Հայոց մեծ դարձի մասին

Գրիգոր-Լուսավորիչը-մկրտում-է-Տրդատ-Արգային1

Ջ. Գուայտա – Ավանդությունը հուզիչ պատմություն է մեզ հաղորդում Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասին։ Նրա հայրը սպանել է Տրդատ թագավորի հորը։ Վերջինս սրի է քաշում մարդասպանի ազգատոհմին։ Փրկվում է Գրիգորը, որին քրիստոնյա դայակը փախցնում է Կապադովկիա։ Այստեղ նա դաստիարակվում է քրիստոնեական հավատքով և մկրտվում։ Հոր մեղքը քավելու համար նա ծառայության է մտնում Տրդատի մոտ, որն այդ ժամանակ Հռոմում էր, և նրա հետ վերադառնում Հայաստան։ Այստեղ էլ թագավորն իմանում է, որ իր ծառան քրիստոնյա է և իր հորն սպանողի որդին։ այն բանից հետո, երբ արքան կարգադրում է Գրիգորին նետել Խոր Վիրապ, որն իբրև բանտ էր ծառայում մահվան դատապարտվածների համար, և որտեղ Սուրբ Գրիգորը մնում է 13 տարի, դիվահարվում է։ Գրիգորը բուժում է նրա դիվահարությունը, և Տրդատը մկրտվում է ամբողջ ժողովրդի հետ։

Ի՞նչն է ճշմարիտ այս ավանդության մեջ։

Գարեգին Ա. Պատմաբաններն այս առնչությամբ իրարից շատ տարբեր դիրքորոշումներ ունեն։ Ըստ իս, այս ավանդության հիմքում կա պատմական ճշմարտության մի հատիկ, որը ներկայացված է ժողովրդական ստեղծագործության ավանդական ձևերով, սրբախոսական գրականության կանոնների համաձայն։ Հետևապես, պատմական հենքը ընդլայնվելով փոփոխությունների է ենթարկվել, շատ բան չափազանցացվել է, և հրաշքների իրագործման հետ կապված անցքերը մեծ տեղ են գրավել նրա մեջ։ Այսպիսին են եղել մեծ մասամբ սրբերի վարքերն ու այն պատմությունները, որոնք կապված են շատ Եկեղեցիների ծագման հետ։

Ջ. ԳուայտաՀրաշքը, որի մասին ակնարկեցիք, Տրդատի բուժո՞ւմն է։

Գարեգին Ա. Այո́։ Հրաշք է նաև այն, որ Սուրբ Գրիգորը կարողացել է կենդանի մնալ՝ 13 տարի շարունակ գտնվելով ստորգետնյա բանտում, ուր, ըստ ավանդության, մի բարեպաշտ կին ամեն օր նրան նկանակ էր նետում։

Ջ. ԳուայտաՍուրբ Գրիգորի պատմությունն ամփոփ ներկայացնելիս ես հիշատակեցի մի մանրամասնություն. Կապադովկիայից Հռոմ անցնելը, նախքան թագավորի հետ նրա վերադարձը Հայաստան։ Ոմանք այս մանրամասնության մեջ կապ են տեսնում ծնունդ առնող Հայ եկեղեցու և Հռոմի միջև…

Գարեգին Ա. – Նախ՝ պատմական արժանահավատության տեսանկյունից չենք կարող հաստատապես ասել, թե Սուրբ Գրիգորը Կապադովկիայից անցել է Հռոմ։ այդ ժամանակվա գրականության մեջ «Հռոմ» անունը կարող էր վերաբերել նաև Բյուզանդիային՝ Արևելյա հռոմեական կայսրությանը։ Սուրբ Գրիգորը Տրդատին միացել է այն պահին, երբ վերջինս մտել է Հայաստան, որպեսզի վերանվաճի «հայրական ժառանությունը»՝ իր հոր գահը։

Երկրորդ՝ այդ ժամանակ հարաբերություններ չկային Հայաստանի և Հռոմի քրիստոնյաների միջև։ Պատմականորեն մեր Եկեղեցին սերտորեն կապված էր Կապադովկիայի, Եդեսիայի, Մծբինի, Մելիտինեի (Արևելյան Սիրիա), ինչպես նաև Անտիոքի հետ, որն ամենակարևոր կենտրոնն էր։ Հատկապես այս շրջաններից էին Հայաստան գալիս քարոզիչները։ Կապադովկիայի Եկեղեցին, իբրև ինքնագլուխ Եկեղեցի, իրավականորեն կապված չէր Հռոմին։ Սակայն, չնայած դրան, այս Եկեղեցիներում հավատքի դավանությունը մեկն էր, քանի որ դեռևս չկային քրիստոսաբանական վեճեր և դավանաբանական տարաձայնություններ։

Աղբյուրը՝ Գարեգին Ա. Ամենայն Հայոց Կաթողիկոս, «Զրույցներ Ջիովաննի Գուայտայի հետ», Ս. Էջմիածին, 2001

Posted on June 15, 2013, in Վարք սրբոց, Գարեգին Ա. Կաթողիկոս Ամենայն Հայոց and tagged , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: