Սուրբ Եպիփան Կիպրացի հայրապետի վարքը

Եպիփան ԿիպրացիԵկեղեցու տիեզերահռչակ վարդապետ մեծն Եպիփանի սուրբ և արժանավոր վարքի մասին ոչ ոք ըստ արժանվույն չի գրել։ Թեև իբրև առաջին գրիչներ հայտնի են նրա երկու աշակերտները՝ Հովհաննեսը և Պողիբիոսը, բայց նրանց անոճ գրվածքը լեցուն է անարվեստ նկարագրություններով, որտեղ մանր, աննշան դեպքերը ներկայացվում են մեծերի հետ խառն, տարապայման միասնությամբ, առանց ստույգն անստույգից ընտրելու։ Բայց և այնպես, անկարելի է առանց նրանց գրածի բովանդակել սրբի պատմությունը։ Ներկայացվող վարքում կան քաղվածքներ՝ հավաքված նրանց և այլ մատենագիրների ավանդած տեղեկություններից։

Ինչպես ավանդվում է, սքանչելի Եպիփանը (որ թարգմանվում է երևելի կամ հայտնի), ազգությամբ փյունիկեցի հրեա, ծնվել է աղքատ ու երկրագործ ծնողներից մի գյուղում, որ երեք մղոնով հեռու էր Ելևթերուպոլիս քաղաքից։ Տասը տարեկան էր, երբ հայրը մեռավ, և մանուկն էլ իր քրոջ հետ մնաց այրացած մոր տանը։ Գեղեցիկ ավանդություն է պահպանվել Եպիփանի՝ քրիստոնեության հետ առաջին շփման մասին։ Աղքատությունից նեղվելով՝ մի օր մայրը Եպիփանին ուղարկում է իրենց էշը վաճառելու։ Ճանապարհին Եպիփանը հանդիպում է մի քրիստոնյա միայնակյացի, որ հարցնում է նրան. «Վաճառո՞ւմ ես էշդ»։ Մանուկը պարզամտորեն պատասխանում է. «Այո́, վաճառում եմ։ Բայց չափազանց ստամբակ է, ուստի վախենում եմ՝ գուցե վնասի գնողին, և ես պարտական մնամ Աստծո առաջ»։ Այս խոսքի վրա էշն, առաջ վազելով, Եպիփանին գցում է գետնին և թևը կոտրում։ Պատանին ուշակորույս նվաղում է։ Աբեղան Քրիստոսի անունով բժշկում է նրան։ Այնժամ Եպիփանն աբեղային հարցնում է, թե ո՞վ է Քրիստոսը։ Նա պատասխանում է. «Հիսուսն Աստծո Որդին է, Նա, Ում հրեաները խաչեցին»։ Տուն գալով՝ նա պատմում է այս և միշտ հիշում։

Հետագայում Տրիփոն անունով ելևթերուպոլսեցի օրինագետ ու մեծատուն մի հրեա որդեգրում է Եպիփանին, ուսուցանում նրան եբրայական բոլոր գրքերն ու ավանդությունները և կամենում իր դստերը կնության տալ նրան, բայց աղջիկը շուտով մահանում է։ Երբ մահանում է նաև Տրիփոնը, նրա ունեցվածքի ժառանգը Եպիփանն է դառնում։ Մի անգամ Եպիփանը տեսնում է մի աղքատ մարդու, որ միայնակյաց Ղուկիանոսից ողորմություն էր խնդրում՝ ասելով. «Աստծո́ մարդ, ողորմի́ր ինձ, քանզի երեք օր է ՝ քաղցած եմ»։ Ղուկիանոսը, հանելով պարեգոտը, տալիս է նրան՝ վաճառելու և հաց գնելու։ Այդ պահին երկնքից սպիտակ հագուստ է ընկնում և ծածկում նրան։ Եպիփանն ահով է բռնվում և գնալով Ղուկիանոսի հետ, սովորում է քրիստոնյա միայնակյացի կարգը։ Ապա քրոջ հետ (մայրն արդեն վախճանվել էր) գալիս է եպիսկոպոսարան՝ մկրտվելու։

Երբ Եպիփանը եկեղեցի մտավ, նրա ոտքից հողաթափերն ընկան և մնացին դռան մոտ։ Այնժամ նա ուտեց բոկոտն շրջել։ Նրան մկրտելիս եպիսկոպոսը տեսավ նրա դեմքը փառավորված և մի զարմանալի պսակ՝ նրա գլխի վրա։ Ապա Եպիփանը քրոջը տեղավորեց կուսանաց վանքում, իսկ ինքը մեկուսացավ Ղուկիանոս հոր վանքում, որտեղ տասը կրոնավոր գրիչներ կային։ Նա տասնվեց տարեկան էր, երբ կրոնավոր դարձավ։ Կարծվում է, որ այս ընթացքում է եղել նաև այն, ինչ ինքը՝ սուրբ Եպիփանը, իր մասին պատմում է հերձվածների դեմ գրքի մեջ։ Երբ դեռ պատանի էր և ուխտի համար գնում էր Պաղեստինի վանքերից մինչև Եգիպտոս՝ հայրերից բարի օրինակ վերցնելու, բարիատյաց սատանան Եգիպտոսում գտնվող գնոստիկյան չար, մարմնապաշտ աղանդավորներին գրգռեց իրենց մեջ կարզել պատանուն և, հյուրընկալելով նրան իրենց թաքստոցում, նրանք տվեցին նրան ընթերցելու իրենց մոլորության գիրքը, որի մաիսն Եպիփանը կարծում էր, թե ողջամիտ բան է։ Չարագործներն համարձակվեցին թելադրել իրենց գործակից չար կանանց փորձել Եպիփանին։ Եվ նրանք սկսեցին պատանու վրա հարձակվել պես-պես պատրանքներով։ Այնժամ Եպիփանը, հասկանալով նրանց չար աղանդի կորստաբեր լինելը, ամբողջ սրտով աղոթելով, դիմեց Աստծուն և հազիվ զերծ պահեց իր անձը կանանցից՝ անարատ մնալով Աստծո շնորհներով։ Եվ, մի հնարով դուրս պրծնելով գնոստիկյանների բնակավայրից, գնաց և Եպիտոսի եպիսկոպոսներին պատմեց նրանց անարժան ընթացքի մասին։ Եվ, եպիսկոպոսները, իրերի ստույգ լինելը տեսնելով, աղանդի գլխավորներին՝ թվով ութսուն հոգու, աքսորեցին իրենց սահմաններից դուրս։ Իսկ Եպիփանը փութաց դառնալ իր նախկին վանքը և իր անձը տալ առավել ճգնությունների։

Երբ հայր Ղուկիանոսը մեռավ, վանահայր դարձավ Հիլարիոնը։ Եպիփանը, տեսնելով նրա առաքինի վարքը, նրանից սովորեց, և ինքն էլ երկու-երեք օրը մի անգամ էր հաց ու աղ ճաշակում՝ առանց դրանով կշտանալու, նաև ջուրն էր չափով խմում։ Եվ, վանքի բոլոր աշխատանքները խնամքով գլուխ բերելով, չէր պակասեցնում աղօթքներն ու Սուրբ Գրքի ընթերցանությունը։

Բանսարկուն, տեսնելով Եպիփանի առաջադիմությունը, սկսեց գիշերային աղօթքների ժամանակ նեղել նրան ահարկու տեսիլքների պես-պես ցնորքներով։ Եվ երբ չկարողացավ խախտել նրա միտքը, դևերի բազմությամբ հարձակվեց նրա վրա և սաստիկ գանահարեց։ Իսկ նա, Աստծուն ապավինելով, անվնաս մնաց չարի բոլոր հարվածներից։ Եվ Աստծուց Եպիփանին նախագիտության և հրաշաործության շնորհ տրվեց՝ սքանչելի խոնարհությամբ հանդերձ։

Շարունակությունը՝ հաջորդիվ

Աղբյուրը՝ «ԳԱՆՁԱՍԱՐ» հանդես, հտ. Գ.

Posted on May 20, 2013, in Վարք սրբոց and tagged , , , , , , , . Bookmark the permalink. 1 Comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: