ԱՊՐԱԿՈՒՆՅԱՑ ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ ՎԱՆՔ

Image

Ձախ նկարը ցույց է տալիս Ապրակունիսի Ս. Կարապետ եկեղեցու վիճակը 1988 թ. իսկ աջը՝ նրա տեղը 2005-ին. եկեղեցու հետքն իսկ չի մնացել:

Ապրակունիս, Ապրակունիսի Ս. Կարապետ, Ապրակունյաց վանք, Երնջակ, Երնջակի Ս. Կարապետ, Երնջակի վանք – Վանք Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Երնջակ գավառում, Երնջակ գետի աջ կողմում, Ապրակունիս գյուղի մոտ, սարավանդի վրա: Վանքը հավանաբար կառուցվել է ավելի վաղ, թեև աղբյուրներում նշվում է, թե հիմնադրվել է 1381 թ. Մաղաքիա Ղրիմեցու կողմից ունիթորների՝ Նախիջևանի շրջանում կաթոլիկություն տարածելու փորձերի դեմ պայքարելու համար: Վանքի հիմնադրմանը աջակցել են նաև Հովհան Որոտնեցին և Գրիգոր Տաթևացին, որոնք գավառի աստվածաբանական դպրոցը Ս. Խաչ վանքից տեղափոխեցին այստեղ: Համալիրի մեջ մտնող տաճարը կառուցված է հիմքի մասում սպիտակավուն, սրբատաշ ֆելզիտից, վերևի մասերը՝ մշակված ու հղկված ավազաքարերից: Շենքը հենվում է ներքին չորս հաստահիմն սյուների վրա, ունի քառամույթ բազիլիկայի հորինվածք և խաչաձև հատակագիծ: Շինությանը առանձին վեհություն է տալիս կենտրոնական սլացիկ գմբեթը, որը շարված է թրծած աղյուսով և վերևում շուրջանակի ունի ութ լուսամուտ: Արևմտյան գլխավոր մուտքի մոտ ունեցել է սյունաշատ զանգակատուն, որն այժմ հիմնովին ավերված է: Վանքի շուրջը պահպանվում են չթրծած աղյուսով կառուցված շրջապարսպների, բուրգերի և օժանդակ շինությունների ավերակները: Փոքր գմբեթի հիմքի քառակուսի սյան վրա պահպանվում է ՌՃԾԴ (1705) թվակիր արձանագրությունը, որը հավանաբար վերաբերում է վանքի վերանորոգմանը: Համալիրի այժմյան ընդհանուր վիճակը բավարար է: Վանքի ներսի պատերի վրա, մինչև վերջերս պահպանվում էին մեծ բանաստեղծ և նկարիչ Նաղաշ Հովնաթանի ու նրա որդիներ Հորությունի և Հակոբի ձեռքով կատարաված որմնանկարների հետքերը: Տաճարի հարավային կողմում գտնվում է Ս. Ստեփանոս մատուռը (1653-1656), որը վերակառուցվել է շոռոթեցի խոջա Այվազի միջոցներով 1714 թ.: Մատուռի զանգակատունը կառուցել է տվել Նախիջևանցի Աղաջանի որդի պարոն Աղամալը 1705 թ.: Գմբեթն ամբողջապես ավերվել է 1915-1920 թթ.:

Ա. Ս. Կ. վանքի միջնադարյան բարձր տիպի դպրոցը առանձնակի փայլ ստացավ 14-15-րդ դդ. մեծ մտածողներ Հովհան Որոտնեցու և Գրիգոր Տաթևացու՝ այստեղ ծավալած գիտամանկավարժական բեղմնավոր գործունեության շնորհիվ: Սրանց օրոք դասավանդվող առարկաների շարքում հատուկ ուշադրություն էր դարձվում փիլիսոփայությանը, տրամաբանությանը, քերականությանը, մարդակազմությանը: Ա. Ս. Կ. վանքը մեկ հարյուրամյակից ավել տևած ընդմիջումից հետո կրկին սկսում է վերակենդանանալ 17-րդ դ.: 1655 թ. Եսայի (Կարճեվանցի) և Ղազար վարդապետները Դանիել և Հովհաննես վարդապետների ձեռքով սկսում են վանքի հիմնովին վերանորոգումը, որն ավարտվում է 1678 թ.: Վանքի շրջակայքում մնինչև վերջերս էլ պահպանվում էին հին խաչքարեր, որոնցից մեկը՝ 1475 թ., և տապանաքարեր (17-րդ դ.): 1869 թ. վանքին կից բացվեց հոգևոր դպրոց: Ըստ ավանդության այս վանքում «օրհնված» հողի միջոցով, «բուժում» էին օձի խայթոցից: Այդ նպատակով քրիստոնյաներից բացի, վանք էին գալիս նաև այլազգիները: Ա. Ս. Կ. վանքը միջին դդ. եղել է Հայաստանի գրչության խոշոր կենտրոններից մեկը, որտեղ գրված ձեռագրերից պահպանվել են մինչև մեր օրերը:

Աղբյուրը՝ Թ. Հակոբյան, Ստ. Մելիք-Բախշյան, Հ. Բարսեղյան, ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ՀԱՐԱԿԻՑ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՏԵՂԱՆՈՒՆՆԵՐԻ ԲԱՌԱՐԱՆ, հտ. Ա., Երեւան, 1986

Posted on March 11, 2013, in Վանքեր, եկեղեցիներ, սրբավայրեր and tagged , , , , . Bookmark the permalink. Leave a comment.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: